«Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակը, որը հայտնի է իր ագրեսիվ պահվածքով եւ ստանձնել է Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում պատգամավորության թեկնածու ունի՝ Հայկ Ստեփանյանը։ Այս խումբը Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություններ անողներին կանչում էր «ռազբորկայի», ստիպում, որ հետ կանգնեն իրենց խոսքերից, բայց հատկապես ակտիվացավ պատերազմից հետո, երբ Պռոշյանի կառավարական առանձնատներում տեղակայվեց եւ սկսեց շուրջօրյա «պահպանություն» իրականացնել։ 2018-ից հետո ստեղծված այս խմբակի ներկայացուցիչը ցուցակի հեռավոր՝ 106-րդ համարում է հանգրվանել։ Նրանք ակտիվորեն մասնակցում են նաեւ Փաշինյանի քարոզարշավին, օրինակ՝ Արմավիրի մարզի այցին էին մասնակցում։ Հայկ Ստեփանյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ հարցին՝ ի՞նքն է ցանկություն հայտնել լինել ՔՊ ցուցակում, թե՞ իրեն ներառել են։
– Ձեր կարծիքով՝ ՔՊ-ն քանի՞ տոկոս ձայն կունենա։
– Ես կարծում եմ, որ 60-70 տոկոս քվե։
– Որտեղի՞ց այդ վստահությունը։
Կարդացեք նաև
– Ես քարոզարշավի մեջ եմ, հիմա մենք գնում ենք Աշտարակ քաղաք, եւ ժողովրդի վերաբերմունքից, նաեւ նրանից, թե որքան մարդ է հավաքվում համայնքներում, ես հասկանում եմ, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ նախկինի վերադառնալուն։ Կարծում եմ՝ առնվազն 60 տոկոս քվե կունենանք, եթե լավատես լինեմ՝ 70 տոկոսի հույս ունեմ։
– Ձեր ո՞ր արժանիքի համար եք ներառվել ցուցակում, մարդկանց «ռազբորկաների» կանչելո՞ւ, թե՞ ․․․
– Ես իմ արժանիքների մասին չեմ խոսի։ Այն, որ ասվում է, թե գնացել ենք, մարդկանց ենք ճնշել, նախեւառաջ՝ այդ հարցը վաղուց փակված է, ես հայտարարել եմ, որ ոչ ոք ոչ ոքի չի ճնշել։ Մեր գործունեությանը հետեւե՞լ եք, թե՞ գիտեք այնպիսին, ինչպիսին ներկայացնում է ընդդիմությունը։
– Ես Ձեզ հիշում եմ «ռազբորկաներ» անելիս, ինչպես նաեւ պատերազմի օրերին․․․
– Մենք եղել ենք Արցախում, զբաղվել ենք բարեգործությամբ, թեպետ փորձեցին դա էլ մեր դեմ օգտագործել, դա շատ լկտի բան էր, դա փորձեցին շահարկել, թե իբր գումարներ ենք վերցրել։ Ցանկացած աշխատանք, որն իրականացնում ենք, ընդունվում է ընդդիմադիրների կողմից բացասական։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: