Լրահոս
Օրվա լրահոսը

Ատելության որեւէ քարոզիչ մեր քվեով վարչապետ չի դառնալու. Միքայել Նահապետյան. «Հայկական ժամանակ»

Հունիս 10,2021 10:11

Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող 27 կուսակցությունների թվում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի խոսքով՝ իրենք ունեն իրական հնարավորություն՝ ընդգրկվելու ձեւավորվելիք խորհրդարանում: Ու այդ դեպքում, ըստ Նահապետյանի, ատելության որեւէ քարոզիչ ՔՈ-ի քվեով վարչապետ չի դառնալու՝ լինի գործող կառավարությունից, թե ընդդիմադիր ճամբարից:

Միքայել Նահապետյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

Պարոն Նահապետյան, ՔՈ-ն հանրությանը առավել հայտնի է դարձել նախորդ ընտրություններից, սակայն կարծիքներ կան, որ որպես ընդդիմություն այս 2.5 տարում առանձնակի ակտիվությամբ աչքի չեք ընկել (համենայնդեպս, որոշ քաղաքական ուժերի ակտիվության ֆոնին): Ի՞նչն է եղել դրա պատճառը:

– Ցանկացած երկրում, հատկապես՝ 2018 թվականի նման՝ «Հեղափոխության» պրոցեսով անցած երկրում, քաղաքական գործընթացների բնույթն ու որակը խոշոր հաշվով կախված է օրվա քաղաքական ուժի վարած քաղաքականությունից: Երբ դու վարում ես ցեղախմբային ոճի, կոլեկտիվներին հարիր քաղաքականություն, այսինքն՝ բովանդակային խոսակցության մեջ չես մտնում, ու երբ քեզ չի վիրավորում այն, որ ասում են՝ էս ինչ բանն անարդար ես անում, էս ինչ հարցում անսկզբունքային ես, բայց վիրավորվում ես, երբ քեզ ասում են, օրինակ, «բոմժեր», «նարկոմաններ», քաղաքականությունը դեգրադացվում է:

Երբ, որ սրտիդ մոտ ես ընդունում այն քննադատությունները, որոնց որակը ցեղախմբային է, ու դու էլ վարում ես այդ ոճի քաղաքականություն, այսինքն՝ քո բառամթերքն էլ է նույն ոճի, այդտեղ քաղաքական խոսակցությունը դեգրադացվում է: Այդ պայմաններում լինել ընդդիմություն, որը կբավարարեր այդ քննադատությունը հնչեցնողներին, կար մեկ ճանապարհ. մենք պետք է սկսեինք ընդդիմադիր եւ կառավարող մարդկանց ճամբարներում գտնվող տարբեր մարդկանց կանանց եւ երեխաների հասցեին տարածել ամենազզվելի եւ մարդուն ոչ հարիր խոսակցությունները:

Երկրի քաղաքական համակարգն իր դեգրադացվածությամբ ու ժողովրդի մոտ չափն անցնելը էնքան է խորացել, որ հասել է մի կետի, երբ մարդն ընդդիմություն է ընկալում միայն մի դեպքում, երբ վիրավորում ես դիմացինիդ սրբությունները, խոսակցությունը՝ տանում տղայական հարթություն: Այդ ժամանակ ասում են՝ հա՜, այ հիմա դժվար իրենք իրար հետ որեւէ գործարքի մեջ լինեն: Ընդդիմությունը ո՞րն է, էն որ 6 ամիս պապայի արեւ էր երդվում, որ, իրենց ձեւակերպմամբ, դավաճանի կազմակերպած ընտրությանը չի մասնակցի, հետո գյուլլա գցում, թե ով է լինելու այդ մարդու կազմակերպած ընտրությունների ամենաառաջանցիկ ընդդիմությո՞ւնը: Այդ հարթության մեջ նայող մարդկանց մենք ապացուցելու ընդհանրապես ոչինչ չունենք: Իսկ քաղաքացիները, որոնք մտածում էին, որ մենք ավելի լավը կարող էինք լինել, իրենց հետ ես համաձայն եմ: Այո՛, մենք կարող էինք ավելի կտրուկ լինել, ավելի քիչ համբերող ու քիչ ներող:

Նախընտրական ծրագրում արտաքին քաղաքականությանը վերաբերող ձեր քայլերից մեկը նշել եք, որ բանակցություննրի միջոցով հասնելու եք Հադրութի, Շուշիի, նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի: Ո՞րն է լինելու այդ ուղղությամբ դիվանագիտական ձեր առաջնային անելիքը:

– Պետություններն իրենց շահերը կարողանում են պաշտպանել երեք հիմանական հիմքերն ունենալու դեպքում, առաջինն ինքնիշխանությունն է, երկրորդը՝ աշխարհաքաղաքական բալանսը, երբ դիվանագիտորեն շուրջդ ձեւավորում ես մի միջավայր, որտեղ բոլորը քո դեմ դուրս չեն գա, իսկ քո հարցով առնվազն վեճ կծագի աշխարհում, եւ երրորդը՝ միջազգային իրավունքն է, այսինքն՝ այն, ինչ անում ես, զոռբայության արդյունք չէ, դու հիմքեր ես ունենում՝ այդ քայլն այդպես անելու:

Հադրութի, Շուշիի, նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի հասնելու համար առաջին հերթին մենք չենք ստորագրելու որեւէ փաստաթուղթ, դա ամենակարեւոր քայլն է: Շարունակաբար մենք պետք է գիծը պահենք. չստորագրել մի փաստաթուղթ, որտեղ գրված կլինի, որ մեզ համար նորմալ է այդ տարածքների օկուպացված լինելը: Երկրորդի կետի դեպքում մենք տեսնում ենք հետեւյալ ճանապարհը. գտնել հետաքրքրված պետություններին, շահերի համադրման դաշտ ստեղծել, այդ մարդկանց հետ աշխատել: Հասնել նրան, որ երբ հարց ծագի, թե իսկ ինչպե՞ս է պետք այսինչ հարցին մոտենալ, առնվազն քո կողմնակից կարծիքներ էլ գոյություն ունենան: Եվ երրորդը՝ մեր անվտանգային համակարգի վերականգնումն է, որով մենք մեր նպատակներին հասնելու ռեսուրս կունենանք:

Սա մի կառավարության անելիք չէ: Եթե մենք 5 տարում հասնենք արդյունքի, լավ, եթե չէ, թող ժողովուրդը իր քվեն տա այն մարդկանց, որոնք կասեն, որ այդ կուրսը շարունակելու են: Երբ որ այդ ամեն ինչը անենք, ինչ-որ կետում (լինի դա 5, 10 կամ 20 տարում) հանգելու ենք մի վիճակի, որ ունենալով ներքին ռեսուրս՝ բարեկրթորեն Ադրբեջանին ասելու ենք ազատել այն տարածքները, որոնք իրենցը չեն: Եթե իրենք բարեկրթորեն չազատեն այդ տարածքները, ՀՀ-ն կունենա ռեսուրս՝ իր տարածքում ապօրինի կերպով հայտնված մարդկանց դուրս հանելու:

Որո՞նք են այն ուժերը, որոնց հետ ձեր համագործակցությունը բացառում եք կամ անհնարին համարում:

– Ատելության որեւէ քարոզիչ մեր քվեով վարչապետ չի դառնալու, դա կլինի գործող կառավարությունից, թե, էսպես կոչված, ընդդիմադիր ճամբարից: Կարծում եմ՝ այս փուլում քիչ են նրանք, որոնք էդպիսին չեն: Ընդգծված, մեկ միասնական ատելության բեւեռ կա, որն ինքն իր մեջ է ատելություն տարածում, այդ բեւեռի որեւէ մասնակցի մենք քվե չենք տալու: Ինձ թվում է՝ ակնհայտ է՝ խոսքն ում մասին է, նրանց, որոնց այսօր մեդիան ներկայացնում է որպես հիմնական խաղացողների, նրանց, ովքեր իրար հետ մենամարտերի ու հայհոյափոխությունների մեջ են: Այդ մարդկանց մենք վարչապետ չենք սարքելու, եթե դա կախված լինի մեզնից: Հայաստանը չի ունենալու քինախնդիր վարչապետ:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930