Լրահոս
Օրվա լրահոսը

Էքստրեմալ վիճակներում էլ մշակույթը չի կանգնում

Հունիս 10,2021 12:30

Մարզային մրցույթը վերաճեց միջմարզայինի

Չնայած մեր երկրում տեղի ունեցող վայրիվերումներին` մշակութային կյանքը նիրհից արթնացել է. թատրոններում պրեմիերաներ են, համերգասրահներում տարբեր ձեւաչափերով միջոցառումներ, պատկերասրահներում իրենց աշխատանքներն են ցուցադրում գեղանկարիչները, երաժշտարվեստի ոլորտում անցկացվում են հանրապետական մրցույթներ, «Արմմոնո» թատերական փառատոնն է մոտենում ավարտին, հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, 17-րդ անգամ մեկնարկեց կոմպոզիտորի անվան միջազգային երաժշտական մրցույթը՝ այս տարի «Դիրիժորություն» անվանակարգում եւ այլն։

Մրցույթ-փառատոնի դափնեկիրները ժյուրիի անդամների հետ

Օրերս էլ գալա համերգով ավարտվեց «Արտ Սեթ» պրոդյուսերական կենտրոնի՝ մշակույթի տարբեր ոլորտներում անցկացված միջմարզային մրցույթ-փառատոնը։ Ըստ էության, այս միջոցառումը պրոդյուսերական կենտրոնի երկրորդ նախաձեռնությունն էր։ Առաջինը, որին անդրադարձել է «Առավոտը», անցկացվել էր 2019թ., միայն Արարատի մարզում։ Մասնակցել էր 6-35 տարեկան ավելի քան 150 պատանի արվեստագետ։ Այս անգամ, ինչպես նշեցինք, պրոդյուսերական կենտրոնը ընդլայնել է շրջանակը՝ ընդգրկելով նաեւ Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերը։
«Առավոտի» հետ զրույցում պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Սեդրակ Գրիգորյանը նշեց, որ ինչպես առաջին՝ մարզային, այժմ էլ միջմարզային մրցույթ-փառատոնի անցկացման նպատակը նույնն է. «Օժանդակել դասական եւ ազգային երաժշտության տարածմանն ու զարգացմանը, ստեղծել նոր հարթակներ ազգային երգ-երաժշտության, դասական, ազգային երաժշտական գործիքների, անհատ կատարողների, ինչու ոչ՝ հումորի, սկսնակ ստեղծագործողների, պարարվեստի ու երաժշտական տարբեր խմբերի, արվեստի ու գեղագիտական կենտրոնների, հանրակրթական դպրոցների, մշակութային քոլեջների համար»։
Մեր զրուցակիցը հայտնեց, որ մրցույթ-փառատոնի փուլերն անցկացվել են Արարատի մարզի տարբեր համայնքներում, օրինակ՝ պարը եւ նկարչությունը՝ Փոքր Վեդու Հայդի Քինդի անվան արվեստի դպրոցում, ժողգործիքներինը՝ Արտաշատի երաժշտական դպրոցում, դաշնակահարները բեմ են բարձրացել Վեդու երաժշտական դպրոցում եւ այլն։

Հետաքրքրությանը՝ ներկայացնել մրցելույթները գնահատող հրավիրյալ արվեստագետներին, մեր զրուցակիցը նշեց, որ դա երկար ժամանակ կպահանջի, քանի որ բազմաթիվ էին անվանակարգերը, իսկ հետո բարձրաձայնեց մի քանի հնչեղ անուններ, այդ թվում՝ գեղանկարիչ, ՀՀ եւ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Սուրեն Խորենյան, բալետարվեստի երախտավոր Ժաննա Թամիզյան, «Արամ Խաչատրյան» լարային քառյակի երկրորդ ջութակ Հայկ Վարդանյան, օպերային թատրոնի նվագախմբի կլարնետահար Սամվել Հովհաննիսյան, օպերային երգիչ Հայկ Տիգրանյան, խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարինե Դեինյան, քանոնահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյան եւ այլն։ Հավելեց նաեւ, որ դափնեկիրների գալա համերգը բացեց ճանաչված օպերային բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Առնոլդ Քոչարյանը Արշակի արիոզոյով՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայից։
Մի քանի հարյուր մասնակից ընդգրկած մրցույթ-փառատոնի նույնիսկ դափնեկիրների անունները թվարկելը երկար ժամանակ կպահանջի, այնուամենայնիվ, խնդրեցինք նշել ժյուրիին եւ հանդիսատեսին առավել գոհացրած մասնակիցների անունները կամ այն մշակութային հաստատությունների անունները, որոնք ներկայացրել են։ «Անկեղծ ասած՝ դա էլ է ժամանակատար, բայց կուզեի հատկապես առանձնացնել Էջմիածնի Սպիրիդոն Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի սաներին, Ջերմուկ համայնքի ներկայացուցիչներին, որոնք աչքի ընկան նկարչության եւ փայտի փորագրության ոլորտներում, Ռոմանոս Մելիքյանի եւ Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցների սաներին։ Ի դեպ, Ազնավուրի երաժշտական դպրոցի երգչախումբը (ղեկավար՝ Գոհար Մանուկյան) ներկայացել էր ուսուցչական կազմով։ Տպավորիչ էր Արարատի մարզի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի լարային գործիքների անսամբլի ելույթը, «Դաշնամուր» անվանակարգում փայլեցին Արտաշատի եւ Վեդիի երաժշտական դպրոցների սաները եւ այլն»,- հայտնեց պարոն Գրիգորյանը։

Ռեպլիկին՝ մրցույթն ավարտվեց եւ վե՞րջ, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ առաջիկայում դափնեկիրները հանդես կգան Արմավիրի, Վայոց ձորի մարզերում, Երեւանում ճանաչված մասնագետների ղեկավարությամբ, ինչպես 2009թ. կայացած մրցույթից հետո, կանցնեն վարպետության դասեր։ «Վարպետության դասերի վերաբերյալ նշեմ, որ մարզերի մանկավարժներից շատերը մեծ ցանկություն են հայտնել մասնակցություն ունենալ Երեւանում անցկացվող վարպետության դասերին»,- ասաց Սեդրակ Գրիգորյանը։ Հարցին՝ նման մասշտաբային միջոցառումը ակնկալում է նաեւ «մասշտաբային» գումար, մեր զրուցակիցը շրջանցելով հարցը, ինչից ենթադրեցինք, որ «դեղի համար» մեկ հովանավոր էլ չի գտնվել, պատասխանեց. «Սկսած կազմակերպչական աշխատանքներից՝ մեզ աջակցել է միայն Վեդիի երաժշտական դպրոցի տնօրեն Մանե Գրիգորյանը»։

Հարցին՝ կարծո՞ւմ եք, որ իշխանության փոփոխության հետ, թերեւս, կփոխվի նաեւ վերաբերմունքը մատաղ սերնդի զարգացմանը միտված նման միջոցառումների անցկացմանը եւ մեր մեծահարուստները միայն հունիսի 1-ով չեն սահմանափակի իրենց բարեգործական ակցիաները, պարոն Գրիգորյանն ասաց. «Այդժամ մեր պրոդյուսերական կենտրոնը կընդլայնի մրցույթ-փառատոնի աշխարհագրությունը, կվերաճենք միջազգայինի եւ կհամագործակցենք արտասահմանյան երկրների մարզերի կրթամշակութային հաստատությունների հետ»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930