Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչների պնդմամբ՝ խտրական վերաբերմունքը տարածվում է տնօրենի համակրանքը չվայելող ուսուցչի խմբի սաների վրա

Հունիս 10,2021 13:00

Շենգավիթ վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի խմբավարներ Հասմիկ Խաչատրյանը, Սոֆյա Հանյանը, նկարչության խմբակի ղեկավար Վահրամ Կաթրջյանը հանցագործության մասին հաղորդումով դիմել էին իրավապահներին:

Մայիսի 25-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Պապոյանի նախագահությամբ նշանակված նիստից հետո, որը լուսաբանել եմ, տեղեկացա, որ քրեական գործ հարուցելը մերժվել էր, եւ հաղորդում տված երեք աշխատակիցների բողոքները (քրեական հետապնդում չիրականացնելու եւ կարճելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի եւ դատախազի որոշումների դեմ) քննվում են տարբեր դատավորների մոտ, նույն Շենգավիթի նստավայրում:

Ըստ հաղորդման, 2011թ. հետո նրանք օգոստոս ամսվա համար աշխատավարձ չեն ստացել, իսկ վերջին երկու տարվա ընթացքում վարձատրվել են մասամբ: Կենտրոնի տնօրենը 2010 թ.-ից Նարինե Արամյանն է: Վ. Կաթրջյանը կենտրոնում աշխատում է 1980թ. սեպտեմբերի 1-ից: Նա պայմանագիր է կնքել նախկին տնօրենի օրոք: Նրա խոսքով՝ Ն. Արամյանի հետ ինքը պայմանագիր չի կնքել: Նախկին տնօրենի օրոք աշխատավարձ է ստացել 71 հազար դրամի չափով, իսկ Արամյանի օրոք՝ աշխատավարձը սկսել են վճարել ժամավճարով, այսինքն՝ նվազել է աշխատավարձը: Կենտրոնում պարապմունքներ են անցկացրել շաբաթը 2 անգամ, 9 ակադեմիական ժամով, ապահովելով շաբաթվա ընթացքում 18 ժամ դրույքաչափը, որի համար նախատեսվում է 14-18 երեխա, 7 երեխան՝ 1 խումբ: 1 ակադեմիական ժամը 30 րոպե է, այսինքն՝ յուրաքանչյուր անգամ չորս ժամ: Իրավապահներին հաղորդման մեջ հայտնել էին, որ 2017-ին Հասմիկ Խաչատրյանին աշխատավարձի վերաբերյալ տրված տեղեկանքում աշխատավարձի չափը չի համապատասխանում իրականում ստացված աշխատավարձի չափին: Վիճարկվող ժամանակահատվածում, ըստ զրուցակցիս, օգտագործվել են տարբեր կնիքներ՝ երեքից-չորս, պայմանագրում կասկած է հարուցել մյուս բողոքաբերի՝ Հանյանի ստորագրությունը: Անցյալ տարի փետրվարի 16-ին հարուցվել էր քրեական գործ, իսկ այս տարվա փետրվարի 21-ին հանցակազմի բացակայության հիմքով որոշում է կայացվել Նարինե Արամյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ վարույթը կարճել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դ. Բալայանի նախագահությամբ էլ երեկ մի քրեական գործ էր քննվում, որն անմիջականորեն կապ ունի այս բողոքների հետ. Նարինե Արամյանի եւ մյուսների գործը: «Մյուսների մեջ» նշվում է անուն, որը համայնքապետարանի վարչության պետի հարազատն է: Բացի այդ, բողոքաբերները վկաներ են անցնում այս գործով:
Մինչ այս դատաքննությունը 17 ուսուցիչներ նամակ էին ուղարկել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի դեմ՝ «տնօրենին ոչ վայել վարվելակերպի վերաբերյալ»: Ըստ այդ նամակի՝ տնօրենը սաների եւ նրանց ծնողների ներկայությամբ, կենտրոնի վաստակաշատ ուսուցիչների նկատմամբ ոչ ադեկվատ, խտրական վերաբերմունք ունի: «Ի դեպ, խտրական վերաբերմունքը տարածվում է տնօրենի համակրանքը չվայելող ուսուցչի խմբի սաների վրա, քանի որ այդ խմբերի սաները, միջոցառումների ժամանակ, հակառակ իրենց կարողությունների, հայտնվում են հետին պլանում, իրենց արժանի եւ վաստակած տեղը զիջելով զուտ արտոնյալ ուսուցչի խմբում լինելու բերումով արտոնյալ դիրքում հայտնված սաներին»,-ասվում է քաղաքապետին ուղարկած նամակում:
Նամակագիրները տեղեկացնում են, որ ծնողների մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր ստեղծված իրավիճակի պատճառով իրենց երեխաներին հանեցին դպրոցից: Նրանք խնդրում են դադարեցնել տնօրենի գործունեությունը:

Նշեմ, որ երկու տարի առաջ, գրեթե նույն այս օրերին՝ 2019թ. հունիսի 28-ին ստեղծագործական կենտրոնից Երեւանի քաղաքապետին նամակ-հարցում էին ուղարկել: Հարցումը վերաբերում էր տնօրենի լիազորությունները դադարեցնելուն եւ աշխատակիցների արձակուրդային վճարների վերահաշվարկին: Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գ. Սարգսյանը պաշտոնապես գրավոր հայտնել էր. «Տեղեկացնում եմ, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի 29.08.2019թ. որոշմամբ՝ դադարեցված է Ն. Արամյանի՝ Շենգավիթ վարչական շրջանի «Պատանեկության ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նրա լիազորությունները»:

Մինչդեռ, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ. Խաչատրյանի գրությամբ էլ. «Դատախազի կողմից 29.08.2019թ. կայացված որոշման պահանջը հնարավոր չէ կատարել»: ՀՈԱԿ-ի՝ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենը «չի կարող իրականացնել եւ չի իրականացնում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 61-րդ հոդվածով Երեւանի քաղաքապետին վերապահված լիազորությունները եւ այդ պաշտոնը հանրային ծառայողի պաշտոն չի հանդիսանում»:

Համաձայն քրդատի 152 հոդվածի 1-ին մասի, դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ քննիչն իրավունք ունի դադարեցնել «հանրային ծառայության մեջ գտնվող» կասկածյալի կամ մեղադրյալի պաշտոնավարությունը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը եւ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ կզբաղվի հանցավոր գործունեությամբ:

Երեւանի քաղաքապետարանին դիմած մանկավարժները հայտնել էին, որ որպես գրանտային կազմակերպության ղեկավար, տնօրենը շահագործում է իրենց մշակութային կենտրոնի տարածքը, աշակերտական ռեսուրսները:

Թե քաղաքապետարանը, թե համայնքապետը, թե իրավապահ մարմինները տեղյակ են, թե ինչու են բողոքում մանկավարժները, վերջիններս ասում են. «Մեր կողմից քննչական մարմիններ են հանձնվել բազում փաստաթղթեր, մինչդեռ տարբեր քննիչներ դրանց վրա մինչ օրս ուշադրություն չեն դարձրել: Ենթադրում ենք, որ յուրացվել է մեզ հատկացված գումարների մեծ մասը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930