Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բայդենի բանագնացի մուտքը մեր տարածաշրջան

Հունիս 10,2021 12:00

Կզսպի՞ ամերիկյան վարչակազմը Ռուսաստանի ու Թուրքիայի ակտիվությունը հայ-ադրբեջանական խնդիրներում

Տարածաշրջան է ժամանել Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը՝ երկկողմ եւ տարածաշրջանային գերակայությունները խթանելու եւ տարածաշրջանում ժողովրդավարական եւ տնտեսական զարգացմանը ԱՄՆ-ի աջակցությունը հայտնելու նպատակով: Մինչ այցը ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվեց, որ Հայաստանում եւ Ադրբեջանում նախատեսված են Ռիկերի հանդիպումները կառավարության, քաղաքացիական հասարակության եւ գործարար դաշտի առաջնորդների հետ` քննարկելու երկկողմ գերակայությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր: Իսկ Վրաստանի մասով հայտնում էին, որ նախատեսված է փոխպետքարտուղարի պաշտոնակատարի հանդիպումները կառավարության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ, օրակարգում են ապրիլի 19-ի` կուսակցությունների միջեւ համաձայնագրի լիակատար կատարման ընթացքը, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից Վրաստանի վրա շարունակվող ագրեսիան եւ բռնազավթումը:

Թբիլիսիում արդեն Ռիկերը խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին: «Մենք կկանգնենք ձեր կողքին»,- նշել է ամերիկացի պաշտոնյան, հավելելով, որ ԱՄՆ-ը վճռականորեն հավատարիմ է Վրաստանի հանդեպ, որ երկիրն ուժեղանա, ամրապնդի իր կարողությունները ինքնապաշտպանության ոլորտում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի ինտեգրմանը եվրատլանտյան ինստիտուտներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին:

Ռիկերի այցով տարածաշրջան, թերեւս, ի ցույց է դրվում Բայդենի վարչակազմի հետաքրքրության որոշակի փոփոխությունն այս տարածաշրջանի նկատմամբ: Հնարավոր է, ԱՄՆ-ը որոշակի ակտիվություն ցուցաբերի այսուհետ, եւ Ռիկերի այցի արդյունքներով հնարավոր կլինի դատել, թե ինչ գիծ է առաջ մղելու Բայդենի վարչակազմը:

ԱՄՆ-ի նախկին նախագահի օրոք շատերն էին կարծում, թե ամերիկյան վարչակազմը հաշտվել է, որ մեր տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցության ներքո գտնվող հետաքրքրությունների դաշտ է, իսկ ԱՄՆ-ը համեմատաբար ակտիվ է միայն Վրաստանում: 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային գործընթացները զարգանում են կայծակնային արագությամբ: Մեր տարածաշրջանում սկսել են բախվել տարբեր երկրների շահեր, ու այս իրավիճակում կարեւոր է, թե ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի պատկերացումներն այսուհետ ինչպես կանդրադառնան տարածաշրջանային կայունության ու խաղաղության հաստատման ջանքերի վրա:

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումներում հիմնական բանախոսն էր, եւ անդրադարձ կատարեց ԼՂ հակամարտությանը: Նա շեշտել էր, որ կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ համանախագահներն այս հարցում լավագույն միջնորդներն են, եւ որ ԱՄՆ-ը աշխատում է մյուս համանախագահող երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ: «Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք եւ հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների եւ տրամադրվող զենք-զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,- ընդգծել էր Ռիկերը: Նա հայտնել էր, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին եւ գտնվում են Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում:

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մեկ ամիս անց արդեն ամերիկյան վարչակազմը հասկացնել տվեց, որ ուշադրությամբ է հետեւում ԼՂ կարգավորման գործընթացին. «ԵԱՀԿ-ն այս առումով ճիշտ հարթակ է: Մենք պարզապես կարող ենք հուսալ, որ տեւական խաղաղության կհասնենք, որպեսզի ստիպված չլինենք ականատես լինելու մարդկային նոր կորուստների եւ քաղաքացիական բնակչության տառապանքների, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- նշել էր Ռիկերը:

Արդեն Բայդենի երդմնակալությունից հետո սկսեցին երկկողմ մակարդակով հեռակա հայ-ամերիկյան շփումները: Հունվարի վերջին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ էր հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որում անդրադարձել էր նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ նշելով, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները մշտապես կարեւորել են ամուր գործընկերային հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության եւ այն խորացնելու պատրաստակամության վրա. «Կա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ուժեղացնելու եւ երկկողմ ու բազմակողմ օրակարգը համալրելու մեծ ներուժ»:

Իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 25-ին շնորհավորական ուղերձ էր հղել Ջեյք Սալիվանին ԱՄՆ նախագահի` Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հեռագրում ասվում էր. «Հայաստանը մեծապես կարեւորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ իր երկկողմ հարաբերությունները՝ խարսխված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա: Մենք նաեւ բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական լուծման հարցում։ Վստահ եմ, որ ԱՄՆ-ի ջանքերը արդյունարար նշանակություն կունենան տարածաշրջանում համընդհանուր կայունության եւ անվտանգության հաստատման գործում»։

Փետրվարի սկզբին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերի հետ, որի ընթացքում նրանք հանգամանալից անդրադարձ էին կատարել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Երկուստեք ընդգծվել էր՝ ԼՂ խաղաղ կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ինչը հստակորեն ամրագրված է համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 3-ին արված հայտարարությամբ:

Մարտի սկզբին կայացավ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Նրանք անդրադարձել էին պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին, ընդգծվել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գրասենյակի հաղորդագրության համաձայն, որը հրապարակել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, պետքարտուղար Բլինքենը եւ վարչապետ Փաշինյանը երկուստեք ընդգծել էին հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների կարեւորությունը. «Պետքարտուղարը շեշտեց իրավունքի գերակայության ու ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հարգանքի կարեւորությունը եւ մեր շարունակական աջակցությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ու հաստատությունների զարգացման հարցում»: «Պետքարտուղարը ողջունեց ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական քաղաքական կարգավորման հասնելուն, ինչը շահեկան կլինի տարածաշրջանի բնակչության համար»,- հայտնում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսի գրասենյակը:

Մայիսի կեսին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Ֆիլիպ Ռիկերի հետ, նրանց քննարկման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերը: Այվազյանն իր զրուցակցին ներկայացրել էր Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործողությունները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրադրությունը: Արա Այվազյանն ընդգծել էր Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը եւ անթույլատրելիությունը:

Ֆիլիպ Ռիկերի այցը Երեւան տարօրինակ պայմաններում է ընթանալու. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն ու փոխարտգործնախարարները հրաժարական են տվել: Հայաստանի համար այս խիստ վճռորոշ փուլում պաշտոնական Երեւանը՝ այսպես ասած, ամերիկյան կողմին ընդունելու է ոչ պատշաճ ձեւով:

Մինչդեռ առաջիկա օրերը բավական կարեւոր են լինելու մեր տարածաշրջանի ապագայի տեսանկյունից: Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում խոսեց հունիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպման մասին: Դա կլինի երկու առաջնորդների առաջին հանդիպումն ամերիկյան նախագահական ընտրություններից հետո: Պուտինը հույս է հայտնել, որ կայանալիք հանդիպումը կառուցողական կլինի. «Ամենակարեւորն է միմյանց նկատմամբ հարգանք դրսեւորել եւ հաշվի առնել միմյանց շահերը: Բայդենն աշխարհի ամենափորձառու քաղաքական գործիչներից է, երկար տարիներ անձամբ մասնակցել է կարեւոր հարցերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը, դրանք այսօր էլ մեծ նշանակություն ունեն աշխարհի եւ մեր երկկողմ հարաբերությունների համար»:

Նկատենք, որ նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ծրագրված է հունիսի 16-ին` Ժնեւում: Օրերս The Washington Post պարբերականում հրապարակվեց նախագահ Ջո Բայդենի հոդվածը, որում նա նշել էր, որ ԱՄՆ-ը ցանկանում է ՌԴ-ի հետ հաստատել կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ. «Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցի ընթացքում ես անկեղծ եմ եղել եւ ասել եմ, որ ԱՄՆ-ը չի ուզում առճակատման գնալ Ռուսաստանի հետ: Մենք ցանկանում ենք համագործակցել այն հարցերի շուրջ, որտեղ հնարավոր է միասին աշխատել, դրանք են, մասնավորապես, ռազմավարական կայունությունը եւ սպառազինությունների վերահսկողությունը»: Բայդենի խոսքով, հենց այդ պատճառով էլ նա՝ ստանձնելով պաշտոնը, ռուսական կողմին անմիջապես առաջարկել է եւս հինգ տարով երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման եւ վերահսկողության պայմանագիրը եւ այդպիսով ամրապնդել ԱՄՆ-ի ու ամբողջ աշխարհի անվտանգությունը:

ԱՄՆ նախագահի փոխանցմամբ, այսօր արեւմտյան դեմոկրատիաների համար որոշիչ պահ է. «Արդյոք դեմոկրատական միությունները եւ հաստատությունները կկարողանա՞ն ապացուցել արդիական մարտահրավերներին եւ մրցակիցներին հակազդելու ունակությունները: Ես կարծում եմ, որ կարող են: Այս շաբաթ մենք Եվրոպայում կունենանք դա ապացուցելու հնարավորություն»: Ջո Բայդենը նույն հոդվածում հստակ շեշտել է, որ Վաշինգտոնն առանց վարանելու կպատասխանի Ռուսաստանին, եթե ռուսական կողմը կփորձի վնաս հասցնել ԱՄՆ-ին: «Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կնախորդեն բարձր մակարդակով հանդիպումներ մեր բարեկամների, գործընկերների եւ դաշնակիցների հետ, ովքեր կիսում են մեր տեսակետները համաշխարհային զարգացումների վերաբերյալ: Մենք միասնական ենք եվրոպական անվտանգությանը Ռուսաստանի նետած մարտահրավերներին, այդ թվում՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիային պատասխանելու հարցում: Թող ոչ ոք չկասկածի, որ ԱՄՆ-ը ի զորու է պաշտպանել մեր դեմոկրատական արժեքները, որոնք հնարավոր չէ անջատել մեր շահերից»,- գրել էր Բայդենը:

Ֆիլիպ Ռիկերի այցը Հայաստան այս փուլում՝ խիստ կարեւոր է Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի, կայունության, անվտանգության հաստատման տեսանկյունից հնարավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով: Իսկ ինչ վերաբերում է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին, ապա ցնցող նախաձեռնությունների ու ծրագրերի, թերեւս, չարժե սպասել, մանավանդ որ, պաշտոնական Երեւանը առանձնապես նախաձեռնողական քաղաքականություն չի վարում, եղածին ոչինչ ավելացնելու հարցում, կարծես, հակված էլ չէ:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930