ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն այսօր մի խումբ երիտասարդների եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց, որ 1991 թվականին ընդունվել է հասարակական կազմակերպությունների մասին օրենքը, որին ինքը կողմ է քվեարկել, ապա մի քանի տարում Հայաստանում ստեղծվեցին 2400 ՀԿ-ներ եւ քաղաքական կազմակերպություններ, որոնց հիմա անվանում են քաղհասարակություն։ «Եւ այդ բլոկը մշտապես ժողովրդավարության պարտադիր մասն է եղել, եւ հասարակության, պետության, իշխանության վրա զսպող ազդեցություն ունի։
2018-ին քաղհասարակության մի լրջագույն մաս մտավ խորհրդարան եւ քաղհասարակությունը թուլացավ դրանով, իր վերահսկիչ, ճնշող ֆունկցիաներից մի մասը տվեց խորհրդարանին եւ հասարակությունը թուլացավ։ Դա վերականգնելու անհրաժեշտություն կա։ Երկրորդը՝ մեր վիճակը դժվար է այն առումով, որ այս կարճ ժամանակշրջանում մեր դժվար ասելիքը, այդ դառը հաբը հասարակությանը հասցնելու խնդիր կա։ Չեն հասկանում, չեն ընկալում։ Քսան տարի ուրիշ բան են լցրել։ Հիմա փորձում ենք Ավգյան ախոռները մաքրել, մտցնել սթափ, ռացիոնալ խոսք՝ առանց ճոռոմաբանությունների։ Ֆիզիոլոգիապես մարդն ընկալունակ չէ վատ խոսքը լսել ու գնալ ասողի հետևից, ինքը հաճելի խոսք է ուզում, խոստում է ուզում»,-ասաց պարոն Մանուկյանը։
Այսօրվա եթերները, ինչպես ասաց պարոն Մանուկյանը, մի խենթանոց է՝ մեծամեծ խոստումների շքերթ է․«Հասարակ մարդն էլ հույս է ուզում, մանավանդ թեւաթափ, կոտրված մարդը։ Ինչո՞ւ ենք մենք ձեզ դիմում, սիրելիներս, սա ընտրություն չէ, մեր պետականության հարցն է դրված, աստված չանի այս ընտրությունները չավարտվեն, աստված չանի ընտրություններն ավարտվեն բախումներով, մենք ընկնելու ենք Էլչիբեյի օրը 90-ականների սկզբին։ Մենք հակառակորդներին հնարավորություն ենք տալու Հայաստանի սահմանները փոքրացնել, էլ չեմ ասում, որ կարող է գտնվեն մարդիկ, որոնք մեզ խնամակալեն որպես երկիր, որը չի կարողանում իր հարցերը լուծել, գան տիրություն անեն։ Իսկ տիրություն են անում մեկին, որը չի տիրապետում իրեն, չի ղեկավարում ինքն իրեն։ Սա լրջագույն վտանգ է մեր պետականության համար։ Իմ կոչը, խնդրանքը ձեզ՝ լրջանալու պահը պարզապես կոչ չէ, դա գաղափարախոսություն է, դա երկրի զարգացման, երկրի առջեւ վտանգները կանգնեցնելու կոնցեպտ է։ Եկեք այս կոնցեպտին միացեք եւ տարածեք, որովհետեւ այլ գործիքները կամ չեն աշխատում կամ թույլ են աշխատում կամ կարճ ժամկետի մեջ չեն հասցնում ընտրողին։ Եկեք աջակցեք մեզ՝մեր պետականության առջեւ կանգնած մարտահրավերներն լուծելու, եւ եթե հնարավոր է, բախումները կանխելու»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արման Կարախանյանի ֆեյսբուքյան էջից: