«Մերժենք նախկիններին և ներկաներին»,- այս վանկարկումներով Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) ներկայացուցիչները շրջեցին Երևանի կենտրոնում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) ներկայացուցիչները քարոզարշավ անցկացրին ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Շիրակի մարզի Աշոցք, Արթիկ, Ամասիա համայնքներում:
Երեկոյան նախընտրական հանդիպումները շարունակվեցին Երևանի Նոր Նորք, Կենտրոն վարչական շրջաններում:
Կարդացեք նաև
Կենտրոն վարչական շրջանում երևանցիների և ԱԺԲ վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանի միջև երկխոսություն ծավալվեց Հայաստան-Եվրոպա հարաբերությունների վերաբերյալ: Բնակիչներից մեկը Վահե Գասպարյանին փորձում էր համոզել, որ Եվրոպան մեզ խաբել է: Վահե Գասպարյանը հակադարձեց և փորձեց հիմնավորել. «Եվրոպան մեզ երբեք չի խաբել: Ինչո՞վ է խաբել: Այսօրվա օրով ԵԱՀԿ-ն, Ֆրանսիան ասում են, որ Արցախի հարցը լուծված չէ»: Նա վստահեցրեց՝ պետք է սեղմել Արևմուտքի՝ մեզ մեկնած ձեռքը:
ԱԺԲ ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում որոշ քաղաքացիներ հայտարարեցին, թե այլ ուժեր՝ մասնավորապես նախկին, ընտրակաշառք են բաժանում: ԱԺԲ-ի ներկայացուցիչներն այս խոսակցությանը վերջակետ դրեցին՝ ասելով. «Հներն ու նորերն իրար հետ են: Բոլորն էլ Պուտինի դրածոներն են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից