Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անգամ հայ ժողովուրդը որոշի ինձ գնդակահարի, ես հնազանդ կանգնելու եմ»․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 09,2021 21:40

Շիրակի մարզի համայնքներում իրականացվող քարոզարշավն ամփոփվեց Գյումրու Վարդանանց հրապարակում։ Ի դեպ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած այցից դեռ ժամեր առաջ կաթվածահ էր եղել քաղաքի տրանսպորտի աշխատանքը, ուժեղացվել ոստիկանական հսկողությունը։

Չնայած բավական ցուրտ, անձրևային եղանակին՝ Վարդանանց հրապարակը մարդաշատ էր։ Աշոցքից, Հոռոմից, Ազատանից, Առափիից և մյուս համայնքներից ևս մարդիկ էին եկել ունկնդրելու, հավաքվածների մեջ կային նաև ներկայացուցիչներ այլ կուսակցություններից, որոնք երևի թե այդտեղ էին հետաքրքրությունից դրդված։

Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացավ գրեթե ողջ կազմով՝ պատգամավորների իր թեկնածուներով։ Այստեղ միակ բանախոսը Նիկոլ Փաշինյանը չէր, մյուսներին ևս հնարավորություն տրվեց արտահայտվելու։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանն ասաց, որ Գյումրին վերջին երեք տարվա ընթացքում կերպարանափոխվել է, իրենց իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայել, որ Գյումրին կրկին ոտքի կանգնի։

«Այսօր այս քաղաքը ՀՀ զբոսաշրջության ամենակարևոր կենտրոններից մեկն է, Գյումրիի հյուրանոցներում տեղ չկա, զբոսաշրջիկներին թիվ չկա»,-ասաց նա։

Սուրեն Պապիկյանը նշեց, որ վերականգնվելու է Գյումրիի պատմական միջուկի շինարարությունը, վերականգնվելու է հայտնի Սլաբոդկա թաղամասը, Գյումրիում և 12 բնակավայրերում կառուցվելու է 221 կիլոմետր խմելու ջրագծի բաշխիչ ցանց, 5,3 կիլոմետր կոյուղու ցանց, 7436 անհատական ջրաչափական հորեր, 3,1 կիլոմետր ջրային մագիստրալ, սկսվելու է Կապսի ջրամբարի շինարարությունը, որի վրա ծախսելու են շուրջ 54 միլիոն եվրո մինչև 20204 թվականը։ Այս տարի Շիրակի մարզում հիմնանորոգվելու է շուրջ 57 կիլոմետր ճանապարհ, շուրջ 50 կիլոմետր ճանապարհ էլ կառուցվելու է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու վրա։

Նա հավաքվածներին առաջարկեց անել մի վարժություն, որի մարզի համայնքներում արդեն իսկ փորձարկել էր Նիկոլ Փաշինյանը։ Բանախոսը պիտի ասեր «Ապագա կա», ունկնդիրները պիտի վանկարկեին՝ « Կա ապագա»։

Գյումրիից ընտրված պատգամավոր Նազելի Բաղդասարյանը իր ելույթում շեշտադրեց այն, որ թույլ չեն տալու «ռոբասերժական ռեժիմին» Գյումրիում կրկին հաստատելու կրիմինալի իշխանությունը։

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր, տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում խոսեց հզոր տնտեսություն ունենալուց՝ նշելով, որ եթե չունենանք հզոր տնտեսություն, չենք ունենա անվտանգություն, ոչ էլ հզոր բանակ։

Նա նշեց, որ 2019 թվականը միակ տարին էր, որի ժամանակ թեթևացրել են բիզնեսմենների կյանքը, տնտեսական փոփոխություններ էին իրականացրել։ Այդ ժամանակ, ըստ բանախոսի, թոշակներ, աշխատավարձեր բարձրացրեցին ու պլանավորել էին այդ ամենը շարունակել, սակայն 2020 թվականի կորոնավիրուսն ու պատերազմը խափանեցին։ Սակայն, ըստ նրա, ամենակարևորը լավատեսությունն է։ Նա նշեց, որ իրենց արածը չեն ներկայացրել, գերադասել են աշխատել, չխոսել, սակայն որոշ ուժեր սկսել են խաբել, մանիպուլյացիաների ենթարկել ու մտքին եկածն ասել ժողովրդին։

Նա խոսեց նախընտրական ծրագրից, ասաց, որ հաջորդ տարիներին նախատեսում են 7 տոկոս տնտեսական աճ, կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը, գործազրկության մակարդակն իջեցնել 10 տոկոսից։ Նախատեսում են թոշակն հասցնել այնպիսի մակարդակի, որպեսզի մարդը կարողանա ապրել, ոչ թե այնքան լինի, որ անգամ հացի փողի չբավարարի։

«Այդ ամենը ուզում ենք, բայց մենք նաև հասկանում ենք՝ ինչ հնարավորություն ունենք, մարդիկ կան վեր են կենում, ասում են՝ ես գալու եմ բոլորիդ վարկերը ներելու եմ, հույս ունեն, որ մարդկանց մեծամասնությունը իրենց կհավատա։ Ով այդպիսի բան է ասում, սիրելի ժողովուրդ, հավատացեք, որ ձեզ խաբում է․ վարկերը ներել, թոշակները բարձրացնել, բայց հարկերը չավելացնել, այդպիսի բաներ միայն հեքիաթներում են լինում», -ասաց Բաբկեն Թունյանը։

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ խոսեց իր իսկ բառերով ասած՝ «զազրելի և տարօրինակ» մի իրավիճակի մասին։

Նա ասաց, որ Հայաստանի հեռուստատեսությունը վճարովի գովազդով պտտում է մի տեսանյութ, որտեղ թուրքական արտադրության ադրբեջանական «բայրաքթարներ»-ը ռմբահարում են հայ զինվորներին և որտեղ ցուցադրվում են հայ զինվորների սպանության տեսարանները։

«Որքան հայասպան էություն պիտի ունենա մարդ, որ հայ զինվորի սպանության կադրերը դարձնի նախընտրական ձայներ ստանալու զազրելի և էժանագին միջոց», -ասաց Հայկ Կոնջորյանը։

Ըստ նրա, այնպիսի տպավորություն է, թե թուրքական արտադրության ադրբեջանական «բայրաքթարներ»-ը համատեղ օգտագործման են դրված ադրբեջանական իշխանության և հայկական ընդդիմության որոշ մասի համար։

Հայկ Կոնջորյանի ասելով, այդ ուժերը իրենց մեղադրում են պատերազմում պարտության և զոհեր տալու մեջ։ Ըստ բանախոսի, իրենք որպես իշխանություն՝ իրենց վրա կրում են պատերազմի պարտության հետևանքները, սակայն իրենց վրա միայնակ չեն կրում պատերազմի պարտության պատճառները։

«Իսկ որո՞նք են այդ պատճառները, պատերազմի պարտության պատճառները 25-ամյա ամենօրյա պարտությունն է, որը գրանցել են այդ ուժերը։ Դուք 25 տարի պարտվել եք ընտրատեղամասերում գողանալով և ոտնահարելով հայ ժողովրդի քվեն։ Դուք 25 տարի պարտվել եք դատարաններում՝ ապականելով արդարադատությունը, դուք 25 տարի պարտվել եք տնտեսության մեջ՝ ունեզրկելով գործարարներին և քաղաքացիներին», -թվարկեց բանախոսը։

Նա ասաց, որ 44 օրյա պարտությունը հավաքական 25-ամյա պարտության հետևանքն էր։

Հայ Կոնջորյանի ասելով, պարտությունից փորձում են խուսափել այդ ուժերը, ինչպես որ խուսափում են գալ բանավեճի ու խիզախությամբ ընդունել պատասխանատվությունը։

«Ձեր տղամարդկության և խիզախության բացակայությունն ամփոփված է ձեր 25 տարվա կառավարման մեջ և ձեր այսօրվա գործունեության մեջ»,-հայտարարեց բանախոսը։

Նա նշեց, որ իրենց արժանիքն այն է, որ ժողովրդի հետ եղել են ազնիվ, չեն մեկուսացել ժողովրդից, դպրոցներ են կառուցել ժողովրդի երեխաների համար, չեն կառուցել պալատներ իրենց համար, կառուցել են մանկապարտեզներ, ոչ թե դրանք սեփականաշնորհել են։

Հայկ Կոնջորյանը նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ արեցին իշխանությունն առևանգելու համար, վերակենդանացրեցին «քաղաքական դամբարանի բոլոր մումիաներին», որպեսզի դուրս հանեն իրենց դեմ։ Սակայն, իրենք մինչև վերջ մնացին կանգուն, ժողովրդի կողմից ի պահ տված իշխանությունը պահեցին։

Ելույթ ունեցավ նաև գործարար, պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը, որը գյումրեցիներին անվանելով թասիբով, հյուրասեր, ասաց, որ պիտի ցույց տան ՀՀ մյուս բնակիչներին՝ ինչպես հարգել հեղափոխությունը։

Նա նշեց, որ մեր զավակների զոհվելը 25 տարվա սխալ քաղաքականության, սխալ վարմունքի, սխալ հարաբերությունների, սխալ պատկերացումների, սխալ դիվանագիտության արդյունքն էր։ Նա գյումրեցիներից ակնկալեց շատ բարձր տոկոս ապահովել։

«Այն բարեփոխումները, որոնք սկիզբ են դրվել 2018 թվականին, ոչ ոք չի կարող խանգարել»,-հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը։ Նա նշեց, որ բոլորը պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել, որպեսզի իրենց զավակները լավ ապրեն Հայաստանում։ Ըստ նրա, ազգի կիրթ երիտասարդները պիտի ղեկավարեն Հայաստանը։

Վերջում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ Վարդանանց հրապարակը իր կյանքում ունի առանձնահատուկ նշանակություն, այստեղից է սկսվել հեղափոխությունը։

Նա այդ հրապարակից ներողություն խնդրեց ՀՀ բոլոր քաղաքացիներից, հայ ժողովրդից այն բոլոր թերացումների, ձախողումների համար, որն այս ընթացքում ունեցել են։

«Ես եկել եմ ասելու, որ այլևս հանձնված եմ ձեր ՀՀ քաղաքացիների դատին և հունիսի 20-ին դուք պիտի կայացնեք ձեր դատավճիռը, բայց ուզում եմ մի կարևոր առանձնահատկության մասին էլ խոսել, ես ինձ հետ բերել և ձեր դատին եմ հանձնել և ձեր դատին եմ հանձնել Հայաստանի բոլոր ժամանակին ղեկավարներին։ Եվ սա պատմական մի հանգրվան է, որտեղ ժողովուրդը պիտի ասի իր խոսքը անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Բայց ես գիտեմ մի բան, որ, այո՛, 2018 թվականի հեղափոխությունը փաստորեն ուշացավ և գուցե դրանում է իմ ամենամեծ մեղքը, որովհետև գուցե կար շանս ավելի վաղ անել դա և իրադարձություններն այլ կերպ կընթանար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, շատերն են ասում՝ անցյալին վերադարձ չի լինելու, բայց, ըստ իրեն՝ ոչ միայն անցյալին վերադարձ չի լինելու, այլ անցյալի անցյալին վերադարձ չի լինելու, նաև անցյալի անցյալին վերադարձ չի լինելու։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, իրենց խոսակցությունը միայն պիտի լինի ապագայի մասին։ Նա ասաց, որ իրենք հնազանդ են հայ ժողովրդի կայացրած ցանկացած որոշման դեմ։

«Եթե անգամ հայ ժողովուրդը որոշի ինձ գնդակահարի, ես հնազանդ կանգնելու եմ, գնդակահարության այդ պատի տակ, բայց ես հույս ունեմ, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիների առնվազն 60 տոկոսը ընտրական տեղամասերում կասի, որ ՀՀ-ում ապագա կա»,- բացականչեց Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթը վերնագրել էր «Վերջին 30 տարում՝ առաջին անգամ»։ Նա ասաց, որ ուզում է ճիշտ ընկալեն այն տրամաբանությունը, փիլիսոփայությունն ու արժեքը, որ դրել են ՀՀ կառավարման հիմքում։

«Ո՞րն է եղել ՀՀ կառավարման տրամաբանությունը, երևացող տեղերում փայլեցնել, պսպղացնել, ներկել , իսկ որ 15 մետր, 100 մետր այն կողմ ես գնում, բոլորովին այլ պատկեր է։ Ես ուզում եմ ցույց տալ, որ այդ տրամաբանությամբ չենք գործել, մենք գնացել են այն տեղերում, ում ձայնը լսելի չի եղել , մենք պաշտպանել ենք նրանց, ովքեր անպաշտպան են եղել, մենք հարգել ենք նրանց, ում քամահրանքով են վերաբերվել, մենք խոնարհվել ենք նրանց առաջ, ում վերևից են նայել», -ասաց Փաշինյանը՝ թվարկելով իրենց գործերը։

Նա, մասնավորապես նշեց, որ բնակարաններով են ապահովել մանկատան սաներին, նմանապես Ադրբեջանի փախստականներին, 3 միլիարդ դրամ են հատկացրել այն 277 ընտանիքների բնակարանային կարիքները հոգալու համար, որոնց նկատմամբ պետությունը ավելի քան 30 տարի չի կատարել։ Կառուցել են ճանապարհներ, որոնք 30 տարի չեն կառուցվել ու վերանորոգվել։ Նա հատ-հատ թվարկեց հանրապետությունում վերանորոգված ճանապարհները, կատարած գործերը։ Նա ասաց, որ բոլոր գործերն արել են ոչ թե «ատկատի» կամ քվե ստանալու համար, այլ ՀՀ քաղաքացու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930