Հայաստանի եվրոպական կուսակցության (ՀԵՎԿ) նախագահ Տիգրան Խզմալյանը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում իրենց հնարավորությունների մասին խոսելով՝ Aravot.am-ին ասաց, որ մեծ հույսեր է կապում կանանց քվեների հետ եւ կարծում է, որ իրենք կհաղթահարեն պահանջվող նվազագույն շեմը: «Մենք շատ հստակ ծրագիր ունենք. Հայաստանի եվրաինտեգրացում, ելքը ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, Հայաստանի մուտքը եւ լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին: Այնպես որ, մենք հստակ պատկերացնում ենք հասարակության այն զանգվածը, որին հետաքրքրում է դա, որը ցանկանում է դա:
Իմիջիայլոց, դա նեղ շրջանակ չէ: Սոցիալական բազմաթիվ շերտերում կան մարդիկ, ովքեր հասկացել են այս թակարդից դուրս գալու անհրաժեշտությունը: Կարծում եմ, որ այն 70-ից 80 հազար ձայները, որ ըստ երեւույթին անհրաժեշտ կլինեն նվազագույն շեմը հաղթահարելու համար, մենք կստանանք հենց այս սոցիալական շերտերում: Դրանք եւ միջին դասն են, եւ ուսանողությունը, եւ կանայք, որոնց սովորաբար առանձնացնում են որպես սոցիալական ինչ-որ խումբ: Դա սխալ է: Ես այս առումով ամեն անգամ համոզվում եմ, որ հայության մեջ առավել արժանապատիվ եւ սթափ մտածող, հավասարակշիռ զանգվածը կանայք են: Այնպես որ, Հայաստանի եվրոպական կուսակցությունը մեծ հույսեր ունի՝ կապված կանանց քվեների հետ»,-ասաց պարոն Խզմալյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ