Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն առաջարկում է հանցագործությունների բացահայտման նոր մեթոդ ներդնել՝ սեփական մեղքն ընդունելու գործարք կիրառել

Հունիս 09,2021 21:50

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր իրենց նախընտրական ծրագիրն էին ներկայացնում երիտասարդներին եւ քաղհասարակության ներկայացուցիչներին։

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը պատասխանելով դահլիճից հնչած հարցին, ներկայացրեց, թե Կոնգրեսն ինչ բարեփոխում է նախատեսում արդարադատության ոլորտում։

«Թավշյա հեղափոխությունից հետո մեզ խոստացան բացահայտումներ, մաֆիային պետք է պառկեցնեին գետնին, Մարտի 1-ը բացահայտեին, թալանված կապիտալը հետ բերեին։ Ինչ ասես՝ չասացին, բայց գործն առաջ չգնաց։ Իհարկե, գլխավոր պատճառն այն է, որ ի դեմս Նիկոլի Փաշինյանի եւ իր թիմի, մենք ունենք իր անկարողությունը պետական ապարատում ապացուցած թիմ, բայց կան նաեւ ինստիտուցիոնալ խնդիրներ։ Մասնավորապես․ եթե ասենք, ուզում եք բացահայտել, թե ինչ է եղել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման հափշտակումների հետ կապված։ Քննչական մարմինները կանչում են այդ մարդկանց, նրանք մտնում են այսպես կոչված «սուխոյ ատկազ» վիճակի մեջ, ոչ մի ցուցմունք չեն տալիս եւ գործն առաջ չի գնում, որովհետեւ իրենց տերերը պատրաստ են իրենց փող էլ տալ, իրենց ընտանիքին էլ պահել, ասում են՝ գնացեք նախաքննական մարմինների հետ մի քիչ տանջվեք, ձեզ կկալանավորեն էլ, բայց մենք կհոգանք ձեր բոլոր խնդիրները, միայն թե ոչինչ չպատմեք»։

Պարոն Զուրաբյանն այս օրինակի վրա ներկայացրեց, որ ինչպես պետք է բացահայտվեն այդ հանցագործությունները, եւ վստահեցրեց՝ կա պարզ մեխանիզմ, որն աշխարհում կամ ժողովրդավարական երկրներում ընդունված ինստիտուտ է․ «Դա սեփական մեղքն ընդունելու գործարքն է՝ օրենքով (plea bargaining)։ Իրավապահ մարմինները գործարք են կնքում մեղադրյալի հետ, ասում են՝ եղբայր, այս հանցագործություններն արել ես, դաժան պատիժ կլինի, բայց եթե բացես, թե՝ ով է կանգնած այդ հանցագործության հետեւում կամ ով է մաֆիայի ղեկավարը, արդարադատությունը կթեթեւացնի քո պատիժը։ Եթե մենք ժողովրդավարական հանրություն ենք ուզում, ուրեմն այդ ինստիտուտը պետք է մտցնենք»։

Բացի այս, ինչպես ասաց պարոն Զուրաբյանը, ՀԱԿ-ն իր նախընտրական ծրագրով արդարադատության համակարգում մեկ այլ բարեփոխում էլ է նախատեսում՝ ստեղծել երկօղակ դատական համակարգ․ «Այսօր դատական համակարգն ահավոր ծանրաբեռնված է, գործերը չեն հասցնում քննել, որակը ցածր է։ Մենք առաջարկում ենք դատարանները բաժանել երկու օղակի՝ ծանր գործերի եւ ոչ ծանր գործերի դատարաններ։ Դա շատ մեծ բեռ կթոթափի դատավորների ուսերից։ Կլինեն ոչ ծանր գործեր քննող դատարաններ, որտեղ կարող են անփորձ, բուհը նոր ավարտած մարդիկ սկսեն ոչ ծանր գործեր վարել, փորձ ձեռք կբերեն, հետո կանցնեն ծանր գործերին։ Այս երկու բանն անենք Հայաստանում՝ մեր արդարադատությունը կդառնա շատ ավելի արդյունավետ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Արման Կարախանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930