«Այստեղ ճանապարհին տեսնում եմ՝ գրված է՝ ապագա կա: Ճիշտ է՝ թուրքերի համար ապագա կա»,-Աշոցքում քարոզարշավի ընթացքում հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) մասնակից Էմմա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական կարգախոսին:
Հունիսի 9-ին ԱԺԲ ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ անցկացրին ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Շիրակի մարզի Աշոցք, Արթիկ, Ամասիա համայնքներում:
Աշոցքում Բևեռի ներկայացուցիչները շրջեցին քայլերթով: Նրանք ընտրողներին հավաստիացրին. «Ձեզ գցել են ինֆորմացիոն ծուղակը, մատուցում են, թե Ռոբերտ Քոչարյանից ու Նիկոլ Փաշինյանից բացի՝ այլ ուժեր գոյություն չունեն: Մինչդեռ միայն Բևեռն է, որ կարող է ձեզ ազատել այս գաղութից»:
Կարդացեք նաև
Էմմա Ալեքսանյանը վրդովվեց. «Չկար ԱԺ-ում մի տղամարդ, որ վերցներ բարձրախոսը և ասեր՝ Նիկո′լ, ինչո՞ւ չես ընդունում Ֆրանսիայի մեկնած օգնությունը, ինչո՞ւ մանդատ չես տալիս այն երկրներին, որոնք պատրաստ են մեզ օգնել, փրկել մեր երեխաներին: Այս երեխաներին մատաղ արածներն այժմ գզվռտվում են: Էդ գզվռտոցի մեջ դուք չեք տեսնում այն ուժին, որը կարող է իրական ճանապարհ ցույց տալ: Այդ ուժը Ազգային-ժողովրդավարական բևեռն է»:
Նա Աշոցքի բնակիչներին հորդորեց մոտենալ իրենց, հարցեր հղել: Ու ասաց. «Մեդալի մի երեսով մեր երկիրը կործանման կտանեք, իսկ հետո Սասնա ծռերին ման կգաք»:
Այս հայտարարությունից հետո Աշոցքի բնակիչներից մեկը գոչեց՝ Նիկո′լ վարչապետ: Բևեռի անդամներից մեկն էլ ի պատասխան նշեց. «Էգուց, որ վարի գնացիր, Նիկոլին կհիշես»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի ֆեյսբուքյան էջից