Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին․ «Ալիեւն արհամարհանքով կպատասխանի, այդ առաջարկով ընդամենն ընդգծվում է նվաստացման վիճակը»

Հունիս 09,2021 20:22

«Որքան ընտրարշավը խորանում է, այնքան տպավորություն է ստեղծվում, որ   լրջանալու պահը նաեւ վերաբերելի է մեր ներքաղաքական գործընթացներին, որովհետեւ այն, ինչ այսօր կատարվում է, իսկապես,  ուղղակի ծիծաղելի է, եւ  շատ հաճախ  սկսում ես հիասթափվել այդ մարդկանց որակից»,-այսօր այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակներում երիտասարդների եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։  Նրա խոսքով՝ այս ճակատագրական ընտրություններում շատ կարեւոր է, որ հասարակությունը գիտակցի այս ընտրությունների նշանակությունը։

Պարոն Զուրաբյանը մի, իր խոսքով ասած՝ սոցիոլոգիական հարցում է արել,  ասաց, որ երբ տաքսի է նստում, զրուցում է վարորդների հետ, եւ այդ զրույց-հարցումներից  պարզել է՝  մեր ժողովուրդը բավականին շփոթված է,  մեծամասնությունը, կարծես թե, ուզում է փախչել այս ընտրություններից եւ ընտրություն չկատարել․«Այդ տրամադրությունը, ցավոք, շատ զարգացած է մեր հասարակության մեջ հիմա, եւ կարծում եմ, դա արդյունք է նաեւ այն վիճակի, որ այսօր, կներեք այս արտահայտության համար, քաղաքական ուժերն այնքան են անլրջացրել քաղաքական բանավեճը, այնքան են էժանացրել դիսկուրսիոն հնարքների ընտրությունը, որ  ժողովուրդն արդեն շատ վատ է ընդունում այդ կլոունադան, վատ է ընդունում այդ հայհոյանքի մրցույթը, փոխադարձ ոչնչացնելու, իրենք կասեին՝ «տղամարդլամիշ» լինելու եւ նմանատիպ այլ  դրսեւորումները։ Ես հիմա մեկ-մեկ մտածում եմ, որ երբ մենք մեր կարգախոսն ընդունեցինք՝ լրջանալու պահը, մենք ավելի շատ ուզում էինք դա վերաբերեր անվտանգության իրավիճակին, անվտանգության խնդիրներին, խոսքն ավելի շատ մեր աշխարհաքաղաքական իրողությունների գիտակցման մասին է, պետական քաղաքականության մասին է, հակամարտության կարգավորման բանակի վերստեղծման եւ այլն»։

Պարոն Զուրաբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ իր որդուն գերիների հետ փոխանակելու   մասին հայտարարությանն ասաց․ «Ասողը շատ լավ գիտի, որ դա մի էժանագին հնարք է, որն ուղղված է ընդամենը ներքին սպառման համար։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ առաջարկի  հասցեատերը՝ Իլհամ Ալիեւը, ուղղակի արհամարհանքով կպատասխանի այդ առաջարկին։  Ալիեւը  ոչ մի արժեք չի տեսնի  նման փոխանակման մեջ եւ չի էլ պատրաստվի լուրջ պատասխան տալ դրան։ Այդ առաջարկով ընդամենն ընդգծվում է նվաստացման վիճակը, որում Հայաստանը հայտնվել է  հենց այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով։ Նման առաջարկ արվում է, որպեսզի ժողովրդի մի հատվածի մոտ ստեղծի  տպավորություն,  որ համարյա բիբլիական Աբրահամի պատրաստակամությամբ նա պատրաստ է զոհաբերել իր զավակին հանուն սեփական ժողովրդի շահերի։ Սա շատ էժանագին հնարք է։ Եվ միայն Փաշինյանը չի մտնում այդ  էժանագին հնարքների մեջ, այն մյուս կողմն էլ  ամբողջ օրը մկանները ցույց է տալիս եւ կարծում, որ քաղաքականությունը կամ ուժը մկանների մեջ է, այդպես էլ չհասկանալով, որ ուժը խելքի մեջ է։ Ժամանակակից աշխարհում պետության ղեկավարներն անձամբ չեն մասնակցում ճակատամարտերին, նրանք կազմակերպում են ճակատամարտեր»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930