«24 ժամն անցավ, եւ, ինչպես տեսնում եք, որեւէ փաստ չկա։ Իմ նպատակն էր, որպեսզի բոլորը համոզվեին, որ տարիներ շարունակ վարկաբեկել են՝ չունենալով որեւէ փաստ։ Ես ասել էի կհրապարակեմ փաստեր նրա ընտանիքի մասին, եւ ժողովուրդը կթքի նրա վրա»,-Գեղարքունիքում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա շեշտեց՝ շատ փաստերի է տիրապետել, որեւէ մեկի ընտանիքին չի կպել, բայց դա չի նշանակում, թե իր խոստումը չի կատարելու։ Ապա` Սերժ Սարգսյանը ներկայացրեց ձայնագրություն, որն, իր խոսքով, բարի մարդիկ են իրեն փոխանցել․ «Լսելով այն՝ կարծիք կկազմեք այս կապիտուլյանտի, տգետի կերպարի մասին»։
Հիշեցնենք՝ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ի լուր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ հայտարարել էր, թե իր որդուն տալիս է բոլոր գերիների վերադարձի դիմաց։ Դրան նախորդել էր Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «իր Աշոտիկին թող Նիկոլը տա, 20-25 գերի վերադարձնի»։ Ապա` Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրել էր զինվորներից գողացած փողերը խաղատներում պարտվելու համար, Սերժ Սարգսյանն էլ երեկ ասաց՝ 24 ժամ է տալիս փաստերի համար, այլապես ինքը Փաշինյանի ու նրա ընտանիքի մասին աղաղակող փաստեր կհրապարակի։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ