«Ընտրարշավից անցել է ընդամենը 2-3 օր, և նրա (Նիկոլ Փաշինյանի, խմբ) հիմնական զբաղմունքը բանակը, զինվորին վարկաբեկելն է»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, թե տեսել է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փախնում 2008 թվականի մարտի 1-ին՝ մարդկանց մենակ թողնելով. «Նա փախել է, փախուստի է դիմել, ճողոպրել է այնտեղից։ Եվ մենք բոլորս տեսանք, թե ինչպես նոյեմբերի 9-ին փախավ, մտավ բունկերները և այնտեղից իր թիմակիցներին, այսպես ասած, ուսապարկերին հորդորում էր, խորհուրդ էր տալիս թաքնված մնալ»։
Գեղամ Նազարյանը հայտնեց, որ հետաքննություն են անցկացնում, թե որտեղ են այդ օրերին եղել «Իմ քայլը» խմբակցության անդամները. «Մեկը մոսկվաներում սրան-նրան աղերսում էր փրկել իրենց, աղաչանք էր անում, մյուսը տատիկի տանն էր, մյուսը էշի գոմում, բառիս բուն իմաստով էշի հետ օրեր է անցկացրել։ Եվ այս տեսակը այսօր դուրս է եկել թաքստոցներից և հոխորտում է բանակի հասցեին։ Կարծում եմ՝ հանրությունը ճիշտ հետևություններ կանի՝ ում հետ գործ ունի, ինչ մարդկանց հետ գործ ունի։ Եվ այս տեսակը բնական է, որ պետք է ատի բանակին, պետք է ատի զինվորին, այն զինվորին, որը իր քաջությամբ իր պայքարով նույնիսկ այս 44 օրյա ծանր պատերազմում թույլ չտվեց, որ մեր թշնամին իրականացնի իր ամբողջ չար, նենգ մտադրությունը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ