Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան բավականին օբյեկտիվ նախապայմաններ, որ հենց ընտրությունների միջոցով իշխանափոխություն լինի». Միքայել Մելքումյան

Հունիս 09,2021 17:22

«Անվտանգ Հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Միքայել Մելքումյանն իր մինչ այսօր ունեցած նախընտրական հանդիպումներից եզրահանգման է եկել, որ այս ընտրական գործընթացի արդյունքում Հայաստանում իշխանափոխությունը միանգամայն հնարավոր է: Aravot.am-ի հետ զրույցում, գնահատելով նախընտրական քարոզարշավի մեկնարկը՝ Միքայել Մելքումյանն ասաց. «Մենք գնում ենք մեր ծրագրով, այն 30 կետից է կազմված»:

Հիմնական կարեւորություն ունեցող հարցերը վերաբերում են նախ երկրի անվտանգության հարցերին, գերիների վերադարձին, բանակի վերազինմանն ու արդիականացմանը, որոնք ԲՀԿ-ում դիտարկում են պետության ողնաշարի ուղղման եւ արժանապատիվ հարաբերվելու համատեքստում:

Արցախի ճանաչումը եւ բանակցային ու խաղաղ ճանապարհով Արցախի ամբողջականության վերականգնումը նույնպես ԲՀԿ օրակարգում է: Այս ամենը ԲՀԿ-ում հնարավոր են համարում ՌԴ-ի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, ռազմաքաղաքական համագործակցության նոր պայմանագրի կնքումով, քանի որ նոր մարտահրավերներ կան, որոնք արտացոլված չեն 1995 թվականին կնքված համաձայնագրում:

ԲՀԿ-ն նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները տարբեր խմբերով հանրապետության տարբեր համայնքներում են այս օրերին, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կլինի բոլոր մարզերում էլ եւ հանդիպումներ կունենա ընտրողների հետ:

ԲՀԿ-ն քարոզարշավի մեկնարկը տվեց Գագիկ Ծառուկյանի հարազատ մարզից՝ Աբովյան քաղաքից: Միքայել Մելքումյանը եւ Շաքե Իսայանն այս օրերին եղել են Սյունիքում եւ Վայոց ձորի մարզում:

Իրենց հանդիպումների արդյունքում անվտանգային խնդիրներից խոսելով, մեր զրուցակիցն ընդգծեց նաեւ Գեղարքունիքի մարզը:

«Ընդհանրապես, այսօր որեւէ մեկը չի կարող ասել, թե քանի քառակուսի կիլոմետր է ՀՀ տարածքը եւ ինչքա՞ն ենք մենք ռիսկային ագրեսիայի ենթարկվել: Մենք նույնիսկ հաշվարկ չունենք, թե գյուղաբնակ մեր քաղաքացիները, որոնք անասնապահությամբ են զբաղված, ի՞նչ խնդիրների առջեւ են կանգնած, մասնավորաբար, արոտավայրերի մասով: Մարդիկ ինտենսիվորեն մորթում են իրենց խոշոր եղջերավոր անասուններին, քանի որ արոտավայրերի մի մասը տվել են, մի մասն անվտանգ չի: Այս բոլորը պետությունն ունակ չի հաշվարկելու»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Քարոզարշավի առաջին օրերն արդեն իսկ մեր զրուցակցին այն համոզմանն են բերել, որ չկողմնորոշված ընտրազանգվածը հստակ բյուրեղանում է. «Բյուրեղացման գործընթացը ես համարում եմ ի օգուտ ընդդիմության եւ, մասնավորապես, ԲՀԿ-ի: ԲՀԿ-ն միակ ընդդիմադիր ուժն է, որն արդեն հինգերորդ անգամ անընդմեջ գալու է պառլամենտ: Սա փաստում է, որ մեր անցած 15 տարիների գործունեության արդյունքում մենք ունենք մեր կայուն էլեկտորատը: Բայց հիմա, մենք ուզում ենք ընդլայնել, որովհետեւ այսպիսի թույլ իշխանություն անցած 30 տարիների ընթացքում չի եղել: Այս իշխանությունը Հայաստանի ամենաթույլ իշխանությունն է»:

Ինչ վերաբերվում է խոսակցություններին, որ իշխանությունը կկեղծի ընտրությունների արդյունքները, վարչական ռեսուրս կկիրառի, մեր զրուցակիցը հակադարձում է. «Մենք ԱԳՆ չունենք. չկա նախարար, չկան տեղակալներ: Այսինքն, արտաքին աշխարհում պաշտոնական Երեւան այս պահին գոյություն չունի: Եթե ադրբեջանցին քայլելով գալիս է եւ մի քանի կիլոմետր մտնում է մեր տարածք, առանց կրակոցի դիրքեր է գրավում, մարդ է գերեվարում, նշանակում է՝ մենք պաշտպանական համակարգ էլ չունենք: Շատ վատ է նաեւ սոցիալ-տնտեսական վիճակը՝ աշխատատեղերի կորուստ, մարդկանց եկամուտների կորուստ: Այսինքն, այս պարագայում, ինչո՞ւ պետք է իշխանությունն ընտրություններում առանձնապես ներկա լինի: Ձեւական՝ կարող է, բայց եթե պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում ձախողել է, ընտրություններում կարո՞ղ է շատ ակտիվ պետական մեքենան օգտագործել: Դա շատ բարդ է, որովհետեւ իշխանությունը շատ թույլ է, կամ՝ չկա: Սա փաստում է այն, որ կան բավականին օբյեկտիվ նախապայմաններ, որ հենց ընտրությունների միջոցով իշխանափոխություն լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Միքայել Մելքումյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930