Հանուն ազգային պետականության կուսակցության (ՀԱՊԿ) նախագահ եւ վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը ՀԺ-ին հայտնել էր, որ Հաղթանակ զբոսայգու մոտ անհայտ անձինք մոտեցել են կուսակցության անդամներին. հարձակվել նրանց վրա ու վիրավորել։
Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության անդամ Լեւոն Սաքանյանը նշեց. «Ըստ էության, մենք քարոզարշավ չենք սկսել, ուղղակի այդ օրը կուսակցության համար տեսահոլովակ էինք նկարում, որի մեջ ներկայացվելու էր մեր կուսակցության ղեկավարի քաղաքական գործունեությունը, մեր թիմը: Քաղաքացին, որին չէինք ճանաչում՝ բոլորի նման զբոսանքի էր դուրս եկել Հաղթանակ զբոսայգում, որն այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Մարդիկ գալիս՝ ծխում են, խմում, շշեր են նետում, եւ պետական մակարդակով այդ ամենը չի վերահսկվում քաղաքապետարանի կողմից: Քաղաքացին՝ տեսնելով այդ թափթփված վիճակը, մտածել էր, որ դա մեր կողմից է եղել»:
Լեւոն Սաքանյանն ասաց, որ քաղաքացուն, որն ի տարբերություն իրենց, չի ներկայացել, հայտնել են, որ Մայր Հայաստանի մոտ նկարահանում են իրենց կուսակցության ղեկավարի եւ թիմի մասին տեղեկատվություն պարունակող տեսահոլովակ. «Այսինքն` մենք տալիս ենք մեր բնակչությանը հասանելիություն մեր քաղաքական գործունեության մասին»:
ՀԱՊԿ-ի ներկայացուցչի պնդմամբ, քաղաքացին բորբոքված ասել է, որ իրենք աղտոտում են սրբություն համարվող հուշարձանի տարածքը, Լեւոն Սաքանյանի հավաստիացմամբ, ՀԱՊԿ-ի անդամներն էլ բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի բախում չլինի: «Կան տեսախցիկներ, որոնք ֆիքսել են, որ աղբն այդ տարածքում եղել է մեզանից առաջ»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ