Օրերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրեն Քնարիկ Գալստյանը հունիսի 7-ին դպրոցի աշխատակիցներին տարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին, նաեւ նույն պատճառով հետաձգվել է Վերջին զանգը:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց դպրոցի տնօրենից: Քնարիկ Գալստյանն ասաց, որ ինքը զբաղվում է բացառապես կրթության հարցերով եւ չի պնդել, որ որեւէ աշխատակից մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: «Սուտ է, սիրելիս, նման բան չկա…Ես նման իրավասություն չունեմ, 50 աշխատող ունեմ, կարող եք առանձին զանգել ու բոլորին հարցնել: Ես զբաղվում եմ միայն իմ աշակերտների կրթությամբ, որոնք մեր ապագան են»,-ասաց նա:
«Դասերն ավարտվում են 1:30, քանի որ 12-րդ դասարաններն արդեն ավարտել են, մնացած աշակերտները դեռ դասի էին: 2-րդից մինչեւ 11-րդ դասարանցիները եղել են դասի, հետեւաբար ես իրավունք չունեի ուսումնական գործընթացը խաթարել եւ Վերջին զանգ անել: Վերջին Զանգի արարողությունը նախօրոք նախատեսված է եղել ժամը 1-ին, հրավիրատոմսերն ուղարկված են եղել, բայց մենք արել ենք 1:30, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի»,-ասաց Քնարիկ Գալստյանը:
Կարդացեք նաև
Պարզեցինք, որ նա 28 տարի է ուսուցիչ է աշխատում է Բաղրամյան գյուղի դպրոցում, եւ վերջին երկու տարիներին է դարձել տնօրեն: Նա հավաստիացրեց, որ իրենց դպրոցում քաղաքականությամբ չեն զբաղվում, անգամ չունեն ընտրական հանձնաժողովներում ընդգրկված ուսուցիչներ: Մեր դիտարկմանը, որ նա մի շարք լուսանկարներ ունի 2018թ հեղափոխության ցույցերին մասնակցությունը փաստող, Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը հետեւյալ կերպ արձագանքեց. «Հեղափոխության օրերին մեկ միլիոն մարդ է նկարվել»:
Զրույցի վերջում նա կրկին շեշտեց. «Ես որեւէ կուսակցության չեմ պատկանում, զբաղվում եմ միայն իմ աշակերտների կրթությամբ»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ