«Եղել են հարձակումներ լրագրողների վրա, հայհոյանքներ, հարված, գույքը փչացրել են, խոսքը վերաբերում է Անի Գեւորգյանին, Սյուզի Բադոյանին»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Աղասի Ենոքյանը՝ ներկայացնելով լրատվամիջոցների խնդիրները։ Ասաց, որ ոստիկանները չեն միջամտել եւ չեն զսպել իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ բռնություն գործադրողներին:
«Ամենաբարձրաստիճան պետական պաշտոնյաների կողմից լրագրողների դեմ հիմա դատական հայցեր են ստեղծվում, խոսքը մասնավորապես վերաբերում է Ալեն Սիմոնյանի կողմից Անի Գեւորգյանի նկատմամբ 2 միլիոնի դրամի պահանջով հայց ներկայացնելուն, սա էլ ճնշման մյուս ձեւն է»:
Աղասի Ենոքյանի խոսքով, քրոնոմետրաժ են արել եւ պարզել, որ Հանրային հեռուստաընկերությունը մեծագույն ժամանակը հատկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ մոտ 5 րոպե, որը ակնհայտ քարոզարշավ է, այլ ոչ թե գործադիր իշխանության աշխատանքի լուսաբանում. «Մյուսները լավագույն դեպքում ստանում են դրա կեսը: Որոշ կուսակցությունների գործունեություն ընդհանրապես չի լուսաբանվում, ես դա բնական եմ համարում, քանի որ կուսակցությունները շատ են, իսկ լրագրողները քիչ եւ պետք է լուսաբանվեն այն կուսակցությունները, որոնք առավել մեծ հանրային, քաղաքական հետաքրքրություն են ներկայացնում, բայց, այնուամենայնիվ, կարծես թե այստեղ խախտում կա»,–ասաց նա։
Աղասի Ենոքյանը նաեւ նշեց, որ թեկնածուներից մեկն իրենց բողոքել է, որ խոսքը մոնտաժված են ներկայացրել: Ռուբեն Մելքոնյանն ավելացրեց, որ ոչ թե մեկ, այլ երկու թեկնածու է նման բողոք ներկայացրել, ինչի վերաբերյալ սպասում են Հանրայինի պարզաբանմանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ