Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև չխմես՝ ձեն չենք տա, հոռոմցիները խելառ են». հոռոմցիները խմեցրեցին Նիկոլ Փաշինյանին

Հունիս 09,2021 16:05

Այսօր Շիրակի մարզի տարբեր համայնքներ՝ Մեծ Մանթաշ, Ազատան, Արթիկ, Մարալիկ այցելած Նիկոլ Փաշինյանը փոքր կանգառ ունեցավ Հոռոմ գյուղում։

Հոռոմցիները վարչապետի ժ/պ-ին ու նրան ուղեկցող գործարար, ՔՊ-ի պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանին հյուրասիրություն արեցին՝ նրանց հետ կոնյակի բաժակ բարձրացնելով։

«Մոտեցեք սեղանին», -ասացին հոռոմցիները։ Եվ երբ Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց, հոռոմցիները կատակով պնդեցին․ «Հոռոմը կնեղանա, մոտեցեք»։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության, կոնյակի ու ըմբռնման համար։

«Բացի շնորհակալությունը, ես ուզում եմ նաև ներողություն խնդրել այն բացթողումների և սխալների համար, որ ձեզ տարբեր առիթներով հիասթափություն ենք պատճառել։ Բայց այն, ինչ հնարավոր է եղել, մենք արել ենք, երբեմն նույնիսկ անհնարն ենք արել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա Հոռոմում մեկ անգամ ևս կրկնեց, որ իրենց համար վերջին ամիսներին շատ դժվար է եղել, բայց ամեն ինչ արել են, որ ժողովրդին պատկանող իշխանությունը հանկարծ ուրիշին չթողնեն։ Իսկ հիմա որոշողը ժողովուրդն է։

Երբ վարչապետի ժ/պ-ն արդեն հեռանում էր՝ կիսատ թողնելով խմիչքի բաժակը, հոռոմցիներից մեկը ճանապարհից հետ կանչեց ու հորդորեց մինչև վերջ խմել։

«Փաշինյան, խմե», ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը ժպտալով հրաժարվեց՝ ասելով, որ քարոզարշավին չի կարելի խմել։

«Մինչև չխմես՝ ձեն չենք տա, հոռոմցիները խելառ են»,- կատակեց տարեց տղամարդը։ Նիկոլ Փաշինյանը ժպտաց, որին ի պատասխան՝ տղամարդը նորից պնդեց․ «Լրիվ խմե, սրտիդ մեռնիմ» ու հարկադրեց խմել մինչև վերջին կաթիլը։

Հավաքվածները Նիկոլ Փաշինյանին չէին թողնում հեռանալ՝ հերթով սելֆի լինելով նրա հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930