Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի՞ անգամ կարելի է հաղթել նախկիններին ու Սերժ Սարգսյանին». Նորայր Նորիկյան

Հունիս 09,2021 15:55

«Այս քարոզարշավին մասնակցում են ՀՀ-ն ղեկավարած բոլոր երեք նախագահները եւ գործադիր իշխանության ղեկավարը: Ակնհայտ է, որ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քարոզարշավը հարաբերականորեն պասիվ է, նա իր հրապարակային խոսքով է փորձում քարոզչություն իրականացնել կամ հանրային տրամադրության վրա ազդել: Երկրորդ նախագահի վարած քարոզչական արշավի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել. այդ գումարներով հնարավոր էր Արցախում մի լիարժեք թաղամաս վերականգնել: Ռոբերտ Քոչարյանը կարծում եք Հայաստանում ռեկլամի, գովազդվելու խնդի՞ր ունի»,- այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը:

Ըստ նրա, նախագահներն իրենց գործունեությունը ցուցադրելու խնդիր չունեն. «Մենք շատ լավ տեսել ենք 10 տարի այդ մարդն ինչպես է ղեկավարել: Նոր եւ հին ուժերի նկատմամբ վստահության քվե տալու հանգամանքը պետք է հստակ ֆիքսվի մարդկանց մոտ: Մեր ժողովուրդը այդ մարդկանց պետք է ձայն տա ոչ թե նրա համար, թե ինչ են ասում, այլ՝ ինչ են արել իրենք: 10 տարին բավարար էր, որ նախագահ Քոչարյանը ցուցադրեր իր կարողությունները ու ինչի է ունակ: Երբ խոսքը գնում է Քոչարյանի մասին, ինձ համար վրդովվեցուցիչը հետեւյալն է՝ նախագահ Քոչարյանը իր կառավարման տարիներին մսխել է Արցախի խնդիրը արժանապատվորեն եւ հաղթողի դիրքերից լուծելու հնարավորությունը: Դա վերաբերում է նաեւ բոլոր կառավարածներին»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի քարոզչությանը՝ Նորիկյանն ասաց. «Ինձ ուղղակի զարմացնում է այդ բառամթերքը. «Մենք չենք մոռացել, շատ լավ հասկանում ենք, որ նախորդ իշխանությունների՝ հատկապես Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած քաղաքական համակարգի անփառունակ գործունեության հետեւանքով է այսօրվա իշխանությունը եկել իշխանության: Չլիներ այդ գործունեությունը, Նիկոլ Փաշինյանը երբեք իշխանության չէր գա: 2018-ին մեր ժողովուրդը դուրս է եկել փողոց ու գոռացել է նախ ոչ թե «Նիկոլ վարչապետ», այլ՝ նախկին համակարգ, հեռացե՛ք: Դա ներառել է նախկին իշխանությունների կառավարման համակարգն ամբողջությամբ»:

Նորիկյանը հարցադրումներ ուներ Փաշինյանին. «Ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքրում է՝ ո՞ւմ է այսօրվա գործող իշխանությունը համարում իրեն մրցակից՝ ամբաստանյալների՞ն, հանցագործների՞ն, բանդիտների՞ն, ինչքան քաղաքական դիակ կար, դարձան կենսունակ»:

Կուսակցության նախագահն ասաց, որ իրենք նոր ուժ են, իրենց ձայնը լսելի չի, բայց երբ լսում է, թե իրենք ինչ են գոռում իրար վրա ամաչում է միջավայրի համար. «Որեւէ մեկը չպետք է հանդուրժի նոր Մարտ 1, որեւէ մեկի մտքով չպետք է այլեւս անցնի, որ հնարավոր է մեր ժողովրդի վրա կրակի: Որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, որ ուժի, բռնության, վարչական ռեսուրսի կիրառման միջոցով հնարավոր է իշխանություն պահել կամ զավթել: Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ ուղերձ բերի հասարակությանը, ո՞րն է իր պայքարի տրամաբանությունը, ընդհանրապես քանի՞ անգամ կարելի է հաղթել նախկիններին ու Սերժ Սարգսյանին: Նախկինները պետք է զբաղված լինեին՝ իրենց խնդիրները դատարանների հետ լուծելով, ի՞նչ գործ ունեին այս քարոզարշավում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930