«Ընտրությունների վերահսկման կոմիտեն» ընտրակաշառքի երկու դեպք է արձանագրել՝ պետական ապարատի միջոցով 300-ից ավելի մարդկանց աշխատավարձերը բարձրացվել են, երկրորդ ընտրախախտումն էլ ԲՀԿ-ն է արել՝ խաղողի մթերման մասին պաստառներ է տեղադրել: Այսօր ասուլիսում այս մասին ասաց կոմիտեի անդամ Ռուբեն Մելիքյանը: Նրա խոսքով, մեկ այլ դեպքում էլ տեղեկացել են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներից մեկը չի համապատասխանում քաղաքացիության ցենզին կամ հանդիսանում է Իրանի քաղաքացի. «Այդ անձը կապվել եւ խոստացել է պարզաբանումներ ներկայացնել, բայց դեռ չի ներկայացրել»։
Պարոն Մելիքյանն ասաց, որ ընտրացուցակներում նույնպես խախտումներ են գտել. նույն անուն ազգանունով ու հայրանունով մարդիկ տարբեր ցուցակներում ընդգրկված են եղել. «Մենք զգուշացնում ենք՝ եթե մարդիկ կան, որոնք այս կամ այն պատճառով ընդգրկված են երկու տարբեր տեղերում քվեարկելու համար, թող զգուշանան, մենք ամեն ինչ անելու ենք, որ ֆիքսենք, այս պահի դրությամբ 38 անուն արդեն հայտնաբերել ենք»:
Ռուբեն Մելիքյանը նկատեց նաև, որ անձնագրային բաժիններում մեծ կուտակումներ են եւ հարյուրներով քաղաքացիները սպասում են իրենց հերթին, իսկ ոստիկանությունը չի կարողանում գործընթացը նորմալ կազմակերպել։ Ասաց, որ Նոր Նորքի անձնագրային բաժանմունքից ահազանգ են ստացել, որ 12 պատուհանից 4-ն է աշխատում:
Ըստ պարոն Մելիքյանի, անձնագրայինը արդեն մեկ քաղաքացու մերժել է, որը հանդիսանում է թշնամուն հանձնված տարածքի բնակիչ. «Մենք արդեն ստացել ենք մեկ մերժում։ Արցախի այն տարածքները, որոնք հանձնվել են թշնամուն, այդ տարածքների բնակիչներին, որ հիմա այստեղ են ապրում, մերժում են քվեարկելու իրավունք տալ»,–ասաց նա՝ նշելով, որ, եթե կլինեն մարդիկ, որոնց այս հարցով կմերժեն, թող դիմեն իրենց կազմակերպությանը։
Կարդացեք նաև
«Երբ «Արցախը Հայաստան է» բղավում էին, դրա մասին չէին մտածո՞ւմ: Հիմա բարի եղեք, այդ մարդկանց ընդգրկեք ցուցակներում»,–ասաց նա։
«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս քարոզարշավը աննախադեպ է ատելության խոսքի կիրառմամբ. «Վստահ համոզմամբ՝ վարչապետի ԺՊ–ն օգտագործում է ուղղակիորեն անթույլատրելի բառապաշար, ատելության բառամթերք, էլ չեմ խոսում հայհոյանքի մասին՝ ըստ էության, էսկալացիայի տանելով քարոզարշավը, հասարակության մի հատվածին ուղղորդելով դեպի հասարակության մեկ այլ հատվածը: Ընթերցեմ Քրեական օրենսգրքի 222 հոդվածի 2-րդ կետը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում»։
Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի բռնության կոչերը, որոնք հնչել են վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավի ժամանակ․ «Տո լավ էլ ընդունում եմ, զենքի տեսակն էլ ընտրում եմ ու ճակատիդ շարում եմ», «Դու ոչ մի բան չես, դու տղա չես, դու տղամարդ չես», «Արի բանավեճի եւ ես մեյդդ կփռեմ գետիններին», «Ջարդելու ենք ռոբասերժական ոհմակի ատամնաշարը», «Քաղաքական վենդետաներ, կադրային ջարդ ու փշուր է լինելու», «Ընտրություններից հետո լինելու են ամենադաժան վենդետաները որոշ համայնքապետերի նկատմամբ» եւ այլն»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով, վստահաբար կարող է ասել, որ նրանք այն համայնքապետերն են, որոնք հրաժարվում են բռնի ուժով հանրահավաքների բերել մարդկանց: Նրա կարծիքով այդ կոչերով պետք է զբաղվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իրավապահ համակարգը:
«Սրանք քաղաքացիական բախումներ հրահրելու ուղղակի կոչեր են, նոր «մարտի 1-եր» սարքելու կոչեր են։ Ես, ճանաչելով Փաշինյանին, կարող եմ ասել՝ որ դեպքում է նա հայտնվում նման ծանր հոգեբանական կրիզիսի մեջ, երբ տեսնում է իր մանիպուլյացիոն կոդերը չեն աշխատում»,–ասաց Նաիրա Զոհրաբյանը նշելով, որ ասուլիսին գալու ճանապարհին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է 41,1 միլիոն դրամ բաշխել մարզի համայնքներին։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ