Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ պետք են ընտրությունների այնպիսի արդյունքներ, որ էդ ֆեյսբուքներից դուրս գանք, գնանք իրական կյանք»․ Նիկոլ Փաշինյանն Արթիկում էր

Հունիս 09,2021 15:25

Վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի, Սուրեն Պապիկյանի, Լիլիթ Մակունցի ու Շիրակի մարզի պատգամավորների թեկնածուների ուղեկցությամբ այսօր այցելեց Շիրակի մարզի երկրորդ քաղաք՝ Արթիկ։

Այս քաղաքի հրապարակը բավական մարդաշատ էր, նրան դիմավորեցին Արթիկի քաղաքային իշխանությունները՝ Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Մխիթար Վարագյանի գլխավորությամբ։

Փաշինյանին աղուհացով դիմավորելուց հետո, նրան մոտեցավ տարեց մի կին՝ փոխանցելով իր նամակ-խնդրանքը։ «Նիկոլ ,վարչապետ» բացականչությունների ու հեռախոսով տեսանկարահանումների ներքո Նիկոլ Փաշինյանը բարձրացավ հենց Արթիկի քաղաքապետարանի մուտքի մոտ տեղադրված բեմին։ Նա իր խոսքը սկսեց՝ մեկ րոպե լռությամբ նահատակների հիշատակը հարգելով։

Արթիկում Նիկոլ Փաշինյանի խոսքը զերծ էր հուզականությունից, քննադատություններից։ Նա շեշտադրեց իրենց կատարած աշխատանքները, փոքր-ինչ թվախեղդ արեց արթիկցիներին՝ իր հեռախոսով մոտ կես ժամ ընթերցելով տնտեսական ոլորտում արձանագրած բարեփոխումները, մասնավորապես աշխատավարձերի, նպաստների ու թոշակների բարձրացումը։

«Սիրելի ժողովուրդ, այսօր քարոզարշավի երրորդ օրն է, բայց այնպիսի տպավորություն է, որ շատ երկար շարունակվում է քարոզարշավը, որովհետև շատ հագեցած է։ Ես համոզված եմ՝ դուք հետևում եք տարբեր տեղերում եղած ելույթներին, քննարկումներին, բանավեճերին։ Ես այսօր ուզում եմ մի փոքր այլ թեմայով խոսել և հետևյալն ասել․ մեր կառավարությունն ինչ ձախողումներ որ ունեցել է, ինչ բացթողումներ ունեցել է, դրա մասին խոսել ենք։

Ես այսօր ուզում եմ անդրադառնալ, թե մեր կառավարության գործունեության որ հատվածն է, որ գոհացնում է, որով ես համարում եմ, որ կարող ենք ինչ-որ տեղ հպարտանալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հպարտ ենք»,- բացականչում էին մասնակիցները։

Փաշինյանը շարունակեց․ «Ընդհանրապես խոսվում է այն մասին, որ մենք կառավարումը ձախողել ենք, չենք կարողացել կառավարել և այլ և այլն, և երկիրը դժվարությունների առաջ ենք կանգնեցրել։ Ինչ-որ փաստ է, փաստ է, փաստ է, որ մենք պատերազմ ենք անցել՝ մեզ համար ծանր հետևանքներով։ Փաստ է, որ կորոնավիրուսի համավարակ է եղել, բայց ես էլի ուզում եմ ասել՝ եթե ուզում ենք օբյեկտիվորեն գնահատել մեր կառավարության հմտությունները և հնարավորությունները, պիտի նայեք 2019 թվականին։

2019 թվականին բյուջեի արդյունքներով, մենք 2018 թվականի կեսին և 2019 թվականին՝ մի տարի ու կեսի ընթացքում ՀՀ բյուջեի եկամուտները, այսինքն` մեր բոլորի եկամուտներ ավելացրել ենք 500 միլիարդ դրամով», -ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ասաց, որ այդ գումարը 2019 թվականին օգտագործել են 1 միլիոն 200 հազար մարդու աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները բարձրացնելու։

«Ճիշտ է», -բացականչում էին հրապարակից։

«Զինված ուժերի ֆինանսավորումը ավելացրել ենք միանգամից 25 տոկոսով», -ասաց վարչապետի ժ/պ-ն ՝ արժանանալով ծափահարությունների։

Նա նշեց, որ կառուցել են ճանապարհներ, 2019 թվականին կառուցել են ճիշտ այնքան ճանապարհներ, ինչքան կառուցվել էր վերջին 4 տարին միասին վերցրած։ Իսկ վերջին երեք տարում պետական բյուջեի միջոցներով կառուցվել է այնքան ճանապարհ, որքան չի կառուցվել վերջին տաս տարվա ընթացքում։

«Բայց այստեղ ժողովուրդ ջան, չափը չի կարևոր, այլ բովանադակությունն է կարևոր, որովհետև նախկինում ճանապարհ կառուցել են ատկատ ունենալու ու միլիոնատեր դառնալու համար, մենք ճանապարհ կառուցում ենք Ձեզ համար, քաղաքացու համար»,- շեշտեց բանախոսը։

Նիկոլ Փաշինյանի ելույթները պարբերաբար ընդհատվում էին «Այո՜» բացականչություններով ու ծափահարություններով։

Ըստ Փաշինյանի, իրենց կառավարման հաջորդ ոլորտը, որտեղ հաջողություններ են գրանցել, հարկային համակարգում իրականացրած բարեփոխումներն են։

Նա ասաց, որ կառավարությունն աշխատավարձից պահվող եկամտային հարկի շատ կարևոր, շրջադարձային փոփոխություններ են իրականացրել, որի արդյունքում 2021 թվականի ապրիլին պատերազմից ու կորոնավիրուսից հետո Հայաստանում աշխատատեղերի թիվն ավել է 16, 6 տոկոսով։ 2018 թվականի համեմատությամբ այսօր գրանցված ավելի քան 85 հազար աշխատատեղ ունեն։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքում 2021 թվականին ավելացել է հանրապետության համախառն աշխատավարձային ֆոնդը։

«Եթե 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատավարձերը միասին վերցրած եղել են 94 միլիարդ 206 միլիոն դրամ, 2021 թվականի ապրիլին համախառն, երկրում վճարվող բոլոր աշխատավարձերը միասին, մի ամսվա ընթացքում եղել են 132 միլիարդ 219 միլիոն դրամ, որը 41 տոկոսով կամ ավելի քան մոտ 40 միլիարդ դրամով ավելի է, քան 2018 թվականին։ Հաջորդ շատ կարեւոր ֆենոմենը մեկ մարդու աշխատավարձն է։

Մեկ մարդու միջին աշխատավարձը 2018 թվականին եղել է 173 հազար 996 դրամ, 2021 թվականին ապրիլինի եղել է 212 հազար 668 դրամ, որը 22 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին։

Հաջորդ ցուցանիշը, որը շատ կարևորում եմ, դուք գիտեք, որ հանրապետությունում կա խոշոր հարկատու հասկացություն։ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում խոշոր հարկ վճարողներ այն ընկերությունները, որոնց տարեկան շրջանառությունը 400 միլիոնից ավելի է, ավելացել է ավելի քան 530-ով, ինչը մոտավորապես 36 տոկոս է։ Այսինքն 400 միլիոն դրամ և ավելի շրջանառություն ունեցող ընկերությունների թիվը 36 տոկոս ավելացել է»։

Փաշինյանը նշեց, որ սա տեղի է ունեցել երկու պատճառով, իրենք հարկային վարչարարության միջոցով կարողացել են ստվերից դուրս բերել մարդկանց, իսկ մարդիկ ստվերում են աշխատել, որովհետև նախկինում պաշտոնյաները գնացել են ու «նալոգներ դրել», իսկ հիմա իրենք պաշտոնյաների փողը կտրել են և բերել են պետական բյուջե։

Նա նաև նշեց, որ 400 միլիոն տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունների վճարած հարկերը 2017 թվականի համեմատությամբ 2020 թվականին 50 տոկոսով ավելացել են։ Ավելին, գրանցված աշխատատեղերի թիվն ավելացել է մոտ 25 տոկոսով։

Բանախոսն ասաց, որ այս թվերը հրապարակելը պետք է, որպեսզի ժողովուրդն իմանա՝ իրենք միայն լավ ճառեր չեն ասում, այլ գործ են անում։

Հաջորդ բարեփոխումները, ըստ Փաշինյանի, գիտության ոլորտում են․ գիտաշխատողների աշխատավարձը մինչև 2025 թվականին ավելացնելու են, այն կդառնա 16 միլիարդ դրամ, 3,5 անգամ էլ գիտաշխատողների աշխատավարձը կբարձրանա։

Նա նաև ասաց, որ 2019 թվականին ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոս բարձրացրեցին, բայց հասկանում են, որ մանկավարժների մեջ կան մարդիկ, որոնք ավելիին են արժանի, դրա համար ներդրեցին ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ 30-50 տոկոսով վերապատրաստված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա։

Նիկոլ Փաշինյանը, նաև անդրադարձավ թոշակներին՝ նշելով, որ թոշակները չեն կարողացել բարձրացնել 2020 թվականին, քանի որ պաշտպանական ոլորտի ծախսեր ունեն։

Նա խոսեց նաև Արթիկում ի հայտ եկած ջերմոցային տնտեսություններից, ասաց, որ կառավարությունը նոր ծրագիր է սկսել՝ դրանք խրախուսելու համար։

Ելույթի վերջում Փաշինյանը խնդրեց 60 տոկոս ձայն տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որպեսզի շարունակեն աշխատանքները։ Նա նշեց, որ ուզում է ժողովրդի էներգիան վերածել հայրենիքը կառուցելու, շենացնելու։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հունիսի 20-ին ընտրություններ են և դրա ամենակարևոր խորհրդանիշն այն է , որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում ունի բացարձակ իշխանություն։

«Վերջին յոթ ամիսներին մեզ շատերը քննադատել են, ասել են՝ սրանք աթոռներից կառչած են։ Բայց ես ուզում եմ, ժողովուրդ ջան, որ իմանաք, մեզ համար չափազանց դժվար է եղել։ Բայց մենք իշխանությունը, մեր կարգավիճակը պահպանել ենք միայն մի բանի համար, որ իշխանությունն ամեն պատահածի ձեռը չընկնի։ Մենք այդ իշխանությունը, ժողովուրդ ձեզնից ենք ստացել և հիմա վերադարձրել եք ձեզ։

Ինչի՞ եմ ասում, որ դուք բացարձակ իշխանություն եք։ Էսօր տեսեք ասպարեզում են էսպես ասած մեծադղիրդ ազգանուներով մարդիկ , քաղաքական ուժեր՝ սկսած մեզանից՝ շարունակած մյուսներով։

Եվ էսօր նրանք գալու են ձեր դուռը, որովհետև դուք, միայն դուք, բացառապես դուք եք որոշելու մեր ճակատագիրը, մեր քաղաքական ճակատագիրը։ Եվ ես ուզում եմ, որ սա մենք նույնպես գնահատենք։ Այո, մենք շատ բաներ չենք գնահատել, մենք շատ դեպքերում ձախողումներ ենք ունեցել, բայց այս առաքելությունը գոնե մինչև վերջ հասցրել ենք, ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ։ Ինչպես կորոշեք, մենք ձեր խոնարհ ծառան ենք, մենք խոնարհ ենք ձեր կայացրած ցանկացած որոշման, բայց, իհարկե, ես հույս ունեմ, կոչ եմ անում, հորդորում եմ, որ հունիս 20-ին գաք ընտրատեղամասեր և վերցնեք համար 3 քվեաթերթիկը, քվեարկեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին»,-խնդրեց Փաշինյանը։

Նա ասաց, որ իրենց անհրաժեշտ է ընտրությունների այնպիսի արդյունքներ, որ հենց հաջորդ օրվանից անցնեն ամենօրյա օրակարգի սպասարկմանը։

«Մեզ պետք են ընտրությունների այնպիսի արդյունքներ, որ մենք էդ ֆեյսբուքներից դուրս գանք, գնանք իրական կյանքում , իրական աշխատանքով զբաղվենք։ Դրա համար շատ կարևոր է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների արդյունքներով ստանա առնվազն 60 տոկոս ձայն։ Սա կարևոր է ներքաղաքական լիարժեք կայունություն ապահովելու համար։ Սա կարևոր է երկրում օրինականություն, կարգ ու կանոն և խստություն և պահանջկոտությունը վերականգնելու համար»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Ընտրարշավից հետո Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ բարձրացավ Արթիկի համայնքապետարան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930