Այսօր «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում որպես ՀՀ քաղաքացի ներողություն խնդրեց մեր ժողովրդից Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործած բառամթերքի համար. «Ես, որպես ՀՀ քաղաքացի, ամաչում եմ, որ Հայաստանը երբեւէ կառավարած եւ Հայաստանը կառավարող քաղաքական լիդերների կողմից նրանց միջեւ այսպիսի տոնայնության շեշտադրումներով, վիրավորանքներով այսպիսի տրամադրվածությամբ քարոզարշավ է ընթանում: Մենք պետք է իսկապես սթափվենք այդպիսի տրամադրվածությամբ լսելու այդ մարդկանց, որովհետեւ այդ մարդկանց քարոզչությունը ինձ բերել է մի համոզման, որ դժբախտաբար,այդ մարդիկ կորցրել են բանականության եւ բարոյականության թույլատրելի կամ հատելի սահմանը: Ինձ համար ընդհանրապես անընդունելի եւ դատապարտելի է հայ ժողովրդի հետ նման շեշտադրումներով խոսելը: Իրենք բավականին ժամանակ ունեին՝ 20 եւ ավելի տարիներ այդպիսի առոգանությամբ արդյունավետ կառավարում իրականացնել, որի արդյունքում մենք այսօր կունենայինք որակապես այլ պետություն, այլ հասարակություն, անվտանգային միջավայրը այլ կլիներ:
Ինձ համար Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը, նրանց օգտագործած բառամթերքը անհասկանալի ու դատապարտելի է, բայց ես հիմա իմ խոսքն ուզում եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նիկո՛լ, դուք պաշտոնապես զբաղեցնում եք ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի աթոռը: Չի սազում, մեր ժողովրդին պատիվ չի բերում այդպիսի տոնայնությամբ, այդպիսի շեշտադրումներով հանդես գալ: 3 տարի ժամանակ ունեիք, որ այսօրվա քաղաքական դիակներին վերակենդանացնելու փոխարեն նրանց պատասխանատվության հարցը լուծեիք, ՀՀ-ում վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր»:
Ըստ Նորիկյանի, մեր հայրենակիցները պետք է սթափ գնահատեն իրավիճակը, որովհետեւ ցանկացած պահի փոխադարձ քաղաքական կրակոցները, այս հրաձգությունները կարող են վերածվել անվերահսկելի մի գործընթացի, որը լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել հետընտրական պրոցեսում»:
Նորիկյանն ասաց, որ «Արդար Հայաստանը» գալիս է՝ կարգուկանոն հաստատելու, ազգային համերաշխություն ու հանդուրժողականություն բերելու մեր ազգին ու պետությանը. «Ցանկացած խնդիր պետք է լուծենք համերաշխության մթնոլորտում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ