«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց, որ նրանք, ովքեր կվերցնեն 10-րդ քվեաթերթիկը եւ կնետեն քվեատուփի մեջ, 6 ամսվա կտրվածքով կտեսնեն իրենց տված խոստումների տեսանելի արդյունքները:
Արդյոք հունիսի 20-ից հետո հնարավո՞ր են քաղաքացիական ընդվզումներ եւ իրավիճակի լարում: Այս հարցին ի պատասխան` Ուրիխանյանը նշեց. « Իմ բազմաթիվ այլ գործընկերների, գրեթե բոլոր հայաստանյան եւ միջազգային փորձագետների կարծիքով, ընտրելու պատրաստ 40 եւ ավելի տոկոս մարդիկ կան, որոնք կողմնորոշված չեն: Հասարակության մեջ գերակայող թիվ են կազմում այն մարդիկ, որոնք չեն ցանկանում գնալ ընտրությունների ու գնալիս չեն պատկերացնում, թե ում օգտին են քվեարկելու:
Հիմա պատկերացրեք իրավիճակ, եթե հանկարծ ընտրություններից հետո այդ ահռելի հատվածը չունենա ընտրությունների արդյունքների հետ կապված ամփոփում, բավարարում, արձանագրում: Այսինքն, եթե մարդիկ չստանան այն, ինչ ակնկալում են, ի՞նչ է տեղի ունենալու…Ունենալու ենք առավել քան երբեւէ հուսալքված քաղաքացի, որը հիասթափված է ոչ միայն սոցիալական ճգնաժամում ապրելու պատճառով, այլեւ սեփական երկրում կյանքի պլանավորման առնվազն 10-օրյա հնարավորություն չունենալու: Ի՞նչի մասին է խոսքը, երբ ընտրություններ են կազմակերպում այն ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուր օր սպասում ենք ընդհուպ մինչեւ լայնածավալ պատերազմի մակարդակի իրադարձության»:
«Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածուն կարծում է, որ անհրաժեշտ է մարդկանց մեծ թվով մասնակցություն ընտրություններին, իսկ դրանից առաջ, բնականաբար, պարտադիր ծանոթացում բոլոր քաղաքական ուժերի ծրագրերին: Նրա խոսքով, մարդիկ 2018-ին դուրս էին եկել փողոց իբր իրենց կյանքը փոխելու համար, սակայն ընկել են եռամյա կառավարման ծուղակն ու որպես հանգուցալուծում ստացել համապետական ու համազգային ողբերգություն եւ աղետ:
Կարդացեք նաև
Տիգրան Ուրիխանյանը չբացառեց, որ հնարավոր են անդառնալի հետեւանքներ ընտրություններից հետո. «Եթե հունիսի 20-ից հետո երկրում ձեւավորվող կոնյուկտուրան հիմնվում է նախկինների ու ներկաների ատելության, հակակրանքի, հայհոյանքի, փոխադարձ ոչնչացման հիմքի վրա, ապա ի՞նչ սպասել դրանից հետո…Առողջ վիճա՞կ հասարակության մեջ, իրականության ադեկվատ ընկալո՞ւմ, կառուցողական, ստեղծարար աշխատանքի մթնոլո՞րտ…Իհարկե ոչ…
Պարտադիր անհրաժեշտ է երրորդ դաշտի ձեւավորում, կլինենք դա մենք, թե այլ ուժեր, որոնք նշածս տիրույթից դուրս են, արդեն երկրորդական հարց է: Կարեւորը մարդիկ գնան ընտրության ոչ թե նախկինում հիասթափվածության աստիճանի եւ ներկայումս հիասթափության աստիճանի միջեւ համեմատական դնելով, այլ ընտրեն նրանց, ովքեր առաջարկում են, թե ինչպես է 24 ժամ հետո նախ պարզաբանվելու, այնուհետեւ իրականացվելու Հայաստանի Հանրապետության անվտանգության գործող հայեցակարգի եւ գործող համակարգի մեջ մեր շահերի իրականացման գործընթացը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ