Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականատեսի» դիտորդները համայնքների բնակիչների հետ հանդիպումներից հետո արձանագրում են ծայրահեղ մասնատվածություն ու թշնամանք տարբեր կողմերի նկատմամբ

Հունիս 09,2021 13:42

ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին
(դիտարկման ժամանակահատվածը՝ մայիսի 1-հունիսի 6, 2021թ.)

Դիտորդական առաքելության մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018թ.-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» (ԺԱԱ) հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից:

«Ականատես»-ի նպատակն է նպաստել հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը:

«Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ:

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների համատեքստում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունն իրականացնում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն Հայաստանի ամբողջ տարածքում:

Առաքելությունն իրականացվում է Եվրոմիության, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Սևծովյան համագործակցության հիմնադրամի, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։

Սույն փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական առաքելությունը, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների տեսակետները։

Դիտարկման մեթոդաբանություն

Երկարաժամկետ դիտորդական առաքելության շրջանակներում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը ներգրավել է 60 դիտորդ՝ Հայաստանի Հանրապետության 38 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում դիտարկելու և գնահատելու նախընտրական և հետընտրական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունների վարչարարությունը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը, ինչպես նաև հետընտրական գործընթացները՝ վերահաշվարկը, բողոքների քննությունը և այլն:

Երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության ընթացքում դիտորդները հավաքագրում են քանակական և որակական տվյալներ ընտրական գործընթացների վերաբերյալ: Տվյալների հավաքագրումը կատարվում է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Դիտորդները տեղերում աշխատում են ընտրական հանձնաժողովների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական շտաբների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, քաղաքացիների, ինչպես նաև՝ ընտրական գործընթացներում ծառայություն մատուցող ընկերությունների հետ:

Ոչ պաշտոնական տեղեկատվության ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով ստացված տվյալները դիտորդների կողմից ստուգվում են մի քանի անկախ աղբյուրների միջոցով: Այնուհետ հավաքագրված տվյալները ենթարկվում են վերլուծության և ամփոփվում նախաձեռնության զեկույցներում, տեղեկագրերում, մամուլի հաղորդագրություններում և վիզուալ նյութերում:

Ընտրական գործընթացի վերաբերյալ արձանագրված խախտումների հիման վրա, ըստ նպատակահարմարության, կազմվելու և ներկայացվելու են բողոքներ/հայցեր/դիմումներ վարչական, դատական և իրավապահ մարմիններին:

Դիտարկման արդյունքներ

2021թ․ մայիսի 10-ին ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիր հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։

«Ականատես» դիտորդական առաքելությունն իր աշխատանքը մեկնարկել է 2021 թ. մայիսի 1-ից: Սույն տեղեկանքում ներառված են մինչև ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածը (հունիսի 7-ը) դիտարկման տվյալները, որոնք ներառում են ընտրությունների վարչարարության գործընթացը, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և Տարածքային ընտրական հանձնաժողովների գործունեությունը, ՏԻՄ մարմինների աշխատանքը, փաստացի տեղի ունեցող քարոզչությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը, ինչպես նաև՝ ընդհանուր նախընտրական միջավայրը:

Ընտրական հանձնաժողովներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման պահից՝ 2021թ․ մայիսի 10-ից մինչև հունիսի 6-ը ԿԸՀ կողմից հրավիրվել է 7 նիստ, որոնց ժամանակ հիմնականում քննարկվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առնչվող հարցեր, կայացվել են համապատասխան որոշումներ:

Սկզբնական փուլում ԿԸՀ նիստերի տեսագրություններին առցանց հետևելու հնարավորություն չի եղել՝ պայմանավորված ԿԸՀ կայքի ծրագրային-տեխնիկական ապահովման խնդիրներով։ Այնուհետև, ԿԸՀ-ի կողմից խնդիրը շտկվել է: Ս.թ. մայիսի 24-ի դրությամբ կայքը ամբողջությամբ նորացված էր, և նիստերի տեսագրությունների դիտարկման հնարավորությունն ապահովված:

ԿԸՀ նիստերի դիտարկմամբ, ինչպես և սովորաբար, չի արձանագրվել դեպք, որ տեղի ունենար հանձնաժողովի անդամների միջև որևէ հարցի քննարկում կամ որ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը դեմ քվեարկեր առաջարկվող որոշման նախագծին: Չեն արձանագրվել նաև որոշումների նախագծերի վերաբերյալ հանձնաժողովի անդամների կողմից տարբերվող առաջարկությունների ներկայացման դեպքեր: ԿԸՀ նիստերում հանձնաժողովի անդամները մշտապես քվեարկել են միաձայն՝ կողմ կամ դեմ։

Տարածքային ընտրական հանձնաժողովներ

Հաշվետու ժամանակահատվածում դիտորդների կողմից իրականացվել է 64 այց Տարածքային ընտրական հանձնաժողովներ։ Արձանագրվել է 3 դեպք, երբ տարածքային հանձնաժողովներն ապահովված չեն եղել արդյունավետ աշխատանքի համար բավարար շենքային, տեխնիկական ապահովվածության, հաղորդակցության պայմաններով (օրինակ՝ գրասենյակը վաղուց չի վերանորոգվել, սանհանգույցը վաղուց չի աշխատում, գրասենյակը չի ունեցել ոչ մի աշխատող լամպ, աթոռների մեծամասնությունը ծռված և կոտրված են եղել, տրամադրված հեռախոսահամարները չեն գործել):

Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքները հաշվետու ժամանակահատվածում ընթացել են բնականոն հունով՝ առանց միջադեպերի և խախտումների։ Դիտարկումները ցույց են տվել, որ տարածքային հանձնաժողովների կին անդամները ակտիվորեն ներգրավված են եղել որոշումների կայացման գործընթացներում։ Տարածքային ընտրական հանձնաժողովների համագործակցությունը դիտորդների հետ մեծ մասամբ գնահատվել է բաց և կառուցողական, առանց խոչընդոտների։

Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց կազմը հիմնականում մնացել է նույնը։ Հանձնաժողովների կազմերում ներառված չեն անձինք, որոնք օրենքի համաձայն իրավունք չունեն լինել ընտրական հանձնաժողովի անդամ։ Սակայն ուշագրավ է, որ մի շարք հանձնաժողովի անդամներ զուգահեռաբար զբաղեցնում են պետական կառավարման ոլորտի այլ պաշտոններ։

Մասնավորապես՝

  • Վրեժ Նոդարի Գալոյան, Կոտայքի թիվ 28 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ – հանդիսանում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ,
  • Հովհաննես Դանիելի Ասատրյան, Արագածոտնի թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ – հանդիսանում է Արագածոտնի մարզպետարանի տեղական ինքնակառավարման հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ,
  • Վազգեն Շիրակի Հայրապետյան, Արագածոտնի թիվ 18 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ – հանդիսանում է ՀՀ զբաղվածության պետական գործակալության Թալինի տարածքային կենտրոնի տնօրեն,
  • Վահագն Վոլոդիայի Առաքելյան, Տավուշի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղակալ – հանդիսանում է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ,
  • Սոնյա Վոլոդիայի Մեհրաբյան, Տավուշի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ – հանդիսանում է Սոցիալական ապահովության ծառայության Իջևանի տարածքային բաժնի պետ,
  • Արմիկ Սերյոժայի Ազատյան, Տավուշի թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղակալ – հանդիսանում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանման ղեկավար:

Չնայած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հանրային ծառայողը կարող է կատարել ընտրական հանձնաժողովի անդամի աշխատանք, այդուհանդերձ, նմանատիպ համատեղումները վարչական ռեսուրսի չարաշահման որոշակի ռիսկեր են պարունակում ինչպես այդ հանրային ծառայողների՝ իրենց գործատուների/վերադասների կողմից ազդեցության ենթակա լինելու, այնպես էլ՝ իրենց ծառայության շրջանակում շահառու հանդիսացող քաղաքացիների վրա ազդեցություն գործելու հնարավորությունների առումով։

ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 39-ի համաձայն՝ տարածքային հանձնաժողովի անդամը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Երևանի թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Թամրազյանի անունը ս.թ. հունիսի 8-ի դրությամբ նշված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքում որպես ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, թեև առաքելության հետ զրույցում Ա. Թամրազյանը նշել է, որ հրաժարվել է ԲՀԿ անդամակցությունից դեռ 2017-2018 թվականին։

Արձանագրվել է մեկ դեպք, երբ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամը նախկինում դրսևորել է անօրինական վարքագիծ, թեև դրան համապատասխան իրավական ընթացք չի տրվել և նա շարունակում է զբաղեցնել տվյալ պաշտոնը: Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ թիվ 8/05 ընտրատեղամասում թիվ 8 տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը խոչընդոտել է լրագրողի աշխատանքը՝ հարվածելով «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին ։

Արմավիրի թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովում արձանագրվել է ընտրական փաստաթղթի՝ հանձնաժողովի նստավայրից դուրս տանելու փաստ։ Մասնավորապես, դիտորդների երկու այցերի ընթացքում էլ պարզվել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղարը գրանցամատյանն իր հետ տուն է տարել։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներ

Քվեարկության կազմակերպման նպատակով արդեն իսկ կազմավորվել է 2009 ընտրական տեղամաս։ Ս.թ. հունիսի 5-ին տեղի են ունեցել տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը, որոնցից 42-ը դիտարկվել են «Ականատեսի» դիտորդների կողմից: Ինչպես տարածքային հանձնաժողովների դեպքում, այս մակարդակում ևս դիտորդների և հանձնաժողովների համատեղ աշխատանքը գնահատվել է համագործակցային։

Դիտորդների արձանագրմամբ՝ դիտարկված 47-ից 4 տեղամասերի պայմաններն, ամենայն հավանականությամբ, թույլ չեն տալու քվեարկության օրը պահպանել հակահամաճարակային կանոնները։ Դիտարկված տեղամասային կենտրոններից 23-ը դժվարամատչելի են տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողների համար:

ԿԸՀ և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) համատեղ ջանքերով ս.թ. հունիսի 6-ից մեկնարկել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացները։ Մինչ այս պահը «Ականատեսի» կողմից դիտարկվել է 13 դասընթաց, որոնց մասնակցել է հանձնաժողովի 223 անդամ։ Դասընթացների արդյունավետությունը դիտորդների կողմից գնահատվել է լավ։

Նախընտրական քարոզարշավ

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովել ո ւ սահմանված կանոնները: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի համար են գործում նաև վարչական ռեսուրսի օգտագործման սահմանափակումները:

Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվել է 2021թ. հունիսի 7-ին և ավարտվելու է քվեարկության օրվանից մեկ օր առաջ՝ հունիսի 18-ին, ժամը 24:00-ին:

ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանափակում նախընտրական քարոզչության իրականացումը մինչև պաշտոնական քարոզչության մեկնարկը, որի համար նաև չի նախատեսում որևէ սահմանափակում կամ կարգավորում: Օգտվելով այս հնարավորությունից՝ քաղաքական ուժերից շատերն արդեն իսկ անարգել սկսել են իրենց ակտիվ քարոզարշավը նախընտրական ժամանակահատվածից բավականին շուտ:

Վարչական ռեսուրսի օգտագործում

Նախընտրական քարոզչության փաստացի մեկնարկը կարելի է համարել 2021 թ․ մարտի 18-ը, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվեց 2021 թ․ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Արտահերթ ընտրությունների վերաբերյալ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը սկսեց ինտենսիվ մարզային այցեր և հանդիպումներ տեղի բնակչության հետ՝ այն դեպքում, երբ դրանից առաջ վերջին մարզային այցելությունը տեղի էր ունեցել 2020 թ․ դեկտեմբերի 21-ին։ Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի՝ ՀՀ վարչապետը 2021 թ․ մարտի 20-ին այցելել է Արագածոտնի մարզ, մարտի 28-ին՝ Արմավիրի մարզ, ապրիլի 17-ին՝ Վայոց Ձորի մարզ, մայիսի 9-ին և 27-ին՝ Գեղարքունիքի մարզ։ ՀՀ վարչապետի այցերն ու հանդիպումները պարունակել են քարոզչության տարրեր և դրանց ընթացքում օգտագործվել են վարչական ռեսուրսներ:

Վարչական ռեսուրսի չարաշահման ևս մեկ դեպք գրանցվել է 2021 թ. հունիսի 4-ին Նիկոլ Փաշինյանի՝ Արտաշատ կատարած այցի ընթացքում։ Մասնավորապես՝ հավաքին ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատի գրասենյակի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ղեկավարած «Արտաշատ» ՋՕԸ աշխատակիցները, ինչպես նաև մանկապարտեզների աշխատակիցները (վերջիններս նշել են, որ այցից կես ժամ առաջ են հրահանգ ստացել մասնակցելու միջոցառմանը), դպրոցների տնօրենները և աշխատակիցները։ Ըստ դիտորդների՝ վերջիններիս հատուկ ներս էին մտցնում փակ դահլիճում տեղի ունեցող հանդիպմանը։

Իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ է նաև 2021 թ․ մայիսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ Երևանի տարբեր վարչական շրջաններում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հանդիպումների լուսաբանումը Հանրային հեռուստատեսության կողմից, որտեղ պարզ երևում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառները։ Թեև օրենքը չի կարգավորում նման իրավիճակները, նման պրակտիկան ակնհայտորեն անհավասար պայմաններ է ստեղծում մի կողմից իշխող կուսակցության և մրցակից քաղաքական ուժերի համար։

Վարչական ռեսուրսի չարաշահման դեպք է արձանագրվել նաև «Հայաստան» դաշինքի կողմից։ Մասնավորապես՝ Գորիս խոշորացված համայնքի Քարահունջ բնակավայրի համայնքապատկան մշակույթի տան գույքը (աթոռներ, սեղան և այլն) Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի կողմից տեղափոխվել է Քարահունջում բացված «Հայաստան» դաշինքի շտաբ։ Ընդ որում, նույն շտաբի համակարգող է հանդիսանում Լուսինե Ավետյանի որդին՝ Բորիս Ղազարյանը։

Հաշվի առնելով, որ օրենսդրական և ենթաօրենսդրական մակարդակներում նախընտրական քարոզարշավի ամբողջական և մանրակրկիտ կարգավորումն անհնար է՝ օրինավոր և մրցակցային նախընտրական քարոզարշավի մշակույթի խթանման և կայացման նպատակով իշխանության լծակների տիրապետող քաղաքական ուժերի համար չափազանց կարևոր է խուսափել այնպիսի գործողություններից և միջոցառումներից, որոնք կարող են դիտվել որպես վարչական ռեսուրսի չարաշահում և արդյունքում՝ առավելություն տալ ընտրություններին մասնակցող այլ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նկատմամբ։

Քարոզչանյութերի տարածում

Նախընտրական քարոզչության հատկապես ակտիվ փուլ է եղել 2021 թ․ ապրիլի վերջը և մայիսի սկիզբը, երբ ՀՀ վարչապետի հրաժարականից հետո ՀՀ Ազգային ժողովը չընտրեց ՀՀ նոր վարչապետ, իսկ մայիսի 10-ին ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիր 2021 թ․ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Այս ժամանակահատվածում «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է տարբեր կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից ինտենսիվորեն տարածվող պաստառներ, տեղադրվող վահանակներ, բացվող նախընտրական շտաբներ և կազմակերպվող հանրային միջոցառումներ (օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Արդար Հայաստան», «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունների, ինչպես նաև «Հայաստան», «Շիրինյան-Բաբաջանյան» նախընտրական դաշինքների վահանակները, 2021 թ․ մայիսի 9-ին «Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Ազատության հրապարակում և այլն)։

Դիտորդներն արձանագրել են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մինչև 5 քառակուսի մետր մակերեսով վահանակներ, որոնց վրա առկա չեն եղել պատվիրատուի, տպաքանակի և տպագրող կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ:

ԿԸՀ-ն իր 2021 թ. մայիսի 29-ի արտահերթ նիստին հիշեցրել է քաղաքական ուժերին, որ նախընտրական քարոզարշավի կանոնները գործելու են հունիսի 7-ից, և որ նախընտրական և նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող վահանակները պետք է հանված լինեն նրանց կողմից հունիսի 6-ին՝ ինքնակամ. հակառակ դեպքում՝ հունիսի 7-ից բոլոր այն պաստառները, որոնք չեն լինի ԿԸՀ կողմից բաշխված ցանկերում, իրավասու մարմինների կողմից օպերատիվ կերպով ենթակա են լինելու հեռացման։

2021 թ. մայիսի 31-ի նիստում ԿԸՀ-ն նախընտրական քարոզչության հետ ասոցացվող է ճանաչել 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող հետևյալ պաստառները․

  • Էդմոն Մարուքյանի լուսանկարով և «Լուսավոր Հայաստան կուսակցություն» գրառմամբ պաստառը,
  • Նորայր Նորիկյանի լուսանկարով և «Արդար Հայաստան» գրառմամբ պաստառը,
  • «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության «Արարատի բարձրությունն է 5165 մետր» գրառմամբ պաստառը,
  • Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի համատեղ լուսանկարով և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» գրառմամբ պաստառը,
  • «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամ․ Ուժը՝ մարդն է» գրառմամբ կամ նշված գրառմամբ և Տիգրան Արզաքանցյանի լուսանկարով պաստառը,
  • Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» պաստառը։

ԿԸՀ-ն Տիգրան Արզաքանցյանի պաստառը ճանաչել է ասոցացվող Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաստառը՝ «Հայաստան» դաշինքի հետ: Թեև ԿԸՀ-ն չի դիտարկել, բայց նույն կերպ խնդրահարույց են «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի (որևէ կուսակցական ցուցակում ընդգրկված չէ) պատկերով և «Ռուսաստանի հայերի միություն․ 20 տարի Հայաստանի և Արցախի հետ», «Մեր միասնականությունն անվտանգության լավագույն երաշխիքն է» գրառումներով վահանակները, քանի որ համաձայն հրապարակային ելույթների, ինչպես նաև «Ալյանս» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառման, Ա.Աբրահամյանը մասնակցություն ունի ընտրական գործընթացներին, այն է՝ «․․․ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, Մեր տունը Հայաստանն է կուսակցությունը, Ալյանս կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական` Մեր տունը Հայաստանն է ցուցակով»։

Այդուհանդերձ, պետք է նշել, որ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ որոշումները խնդրահարույց են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի տեսանկյունից, քանի որ չեն բավարարում վարչական ակտին ներկայացվող պատճառաբանվածության և որոշակիության պահանջներին։ Այդ որոշումները պատշաճ չեն պարզաբանում կամ բացահայտում «քարոզչության հետ ասոցացվող» արտահայտության հասկացությունը, ինչպես նաև այն չափանիշները, որոնցով ղեկավարվել է ԿԸՀ-ն տվյալ նյութը քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու համար իր ընկալումը ձևավորելիս։

Ռոբերտ Քոչարյանը ԿԸՀ որոշումը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում, որը բավարարել է հայցադիմումը և անվավեր ճանաչել տվյալ որոշումը: Դատարանն արձանագրել է, որ «Ընտրական օրենսգրքում «քարոզչություն», «քարոզչական նյութ, պաստառ», «քարոզչության հետ ասոցացվող» հասկացությունների բովանդակությունների բացահայտված չլինելու և դրա արդյունքում՝ վիճարկվող որոշման իրավական հիմքերի բավարար չափով որոշակի և ճշգրիտ չլինելու պայմաններում, վիճարկվող որոշման պատճառաբանված չլինելու հանգամանքը ենթադրում է նաև իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի խախտում»: Դատարանը մատնանշել է, որ «իրավական նորմի անորոշության և անհստակության պայմաններում իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքը իրավակիրառողին առաջադրում է անհատական իրավական ակտերի հիմնավորվածության ու պատճառաբանվածության ավելի խիստ պահանջ, իրավական նորմի անորոշության և անհստակության պայմաններում անհատական իրավական ակտը պատճառաբանելու՝ իրավակիրառ սուբյեկտի պարտականության շրջանակն ավելի լայն է, իսկ պատճառաբանվածության շեմն ավելի բարձր» և նկատել, որ ԿԸՀ վիճարկվող որոշմամբ «ապահովված չեն վիճարկվող որոշման հիմնավորվածության և պատճառաբանվածության որակները»: Ի վերջո, դատարանը եզրահանգել է, որ առկա է ԿԸՀ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու հիմք և այլևս անհրաժեշտ չի համարել գնահատել խնդրո առարկա պաստառի քարոզչության հետ ասոցացումը: Արդյունքում, Հայաստանի տարածքով տարածված տասնյակ կամ հարյուրավոր 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող վահանակների ազդեցությունը վարչական դատարանի կողմից ամբողջովին անտեսվել է:

Դիտարկվել են համացանցում քաղաքական գովազդի բազմաթիվ դեպքեր («Հայաստան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» դաշինք), որոնց ծախսերը պարտադիր չեն հիմնադրամից կատարման և հայտարարագրման համար, ուստիև խնդրահարույց են ծախսերի՝ Ընտրական օրենսգրքով սահմանված շեմը չգերազանցելու տեսանկյունից:

Բարեգործություն

Քարոզչության վրա ազդեցություն ունեցող կարևոր գործոններից է նաև բարեգործությունը, որը, որպես կանոն, ակտիվանում է ընտրությունների նախաշեմին։ Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի, արգելվում է ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշերը կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութերի կամ առարկաների) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ որևէ այլ անձի կողմից բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը:

Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները:

Մինչև քարոզչության օրենքով սահմանված ժամանակահատվածը «Ականատեսի» կողմից արձանագրվել է բարեգործության կամ բարեգործության խոստման մի քանի դեպք, մասնավորապես․

  • 2021 թ. ապրիլի 12-ին հայտարարվել է, որ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի ջանքերով Գավառում կգործարկվի կարի արտադրամաս։ Արդյունքում կստեղծվեն հարյուրից ավելի նոր աշխատատեղեր համայնքի բնակիչների համար։
  • 2021 թ. մայիսի 13-ին Արա Աբրահամյանը հայտարարել է երիտասարդների համար եզակի հնարավորության մասին՝ ներկայացնելով My Mentor նախագիծը, որի շրջանակում պատրաստվում է աջակցել այն երիտասարդներին, ովքեր ունեն սոցիալական բաղադրիչ ունեցող գաղափար/գաղափարներ՝ բիզնեսի, մշակույթի, կրթության կամ այլ ոլորտներում։
  • 2021 թ. մայիսի 15-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա բնակավայրում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի երկրորդ համար, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից ֆինանսավորվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
  • 2021 թ․ մայիսի 20-ին «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա սահմանամերձ համայնքի սահմանապահներին տրամադրել է աջակցություն, մասնավորապես՝ վրաններ, քնապարկեր, անջրաթափանց վերարկուներ, ծածկոցներ, շշալցված խմելու ջուր և երկու գեներատոր։
  • 2021 թ․ մայիսի 21-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից վերանորոգված Գորիս քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցի մարզադահլիճի բացման արարողությունը, որին մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և խորհրդի անդամ Լենա Նազարյանը, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, այն դեպքում, երբ այդ մարզադահլիճի բացումն արդեն իսկ տեղի էր ունեցել դեռևս ապրիլի 26-ին:
  • 2021 թ. մայիսի 25-ին Արա Աբրահամյանի կողմից սահմանային դիքերի կահավորման, պաշտպանական այլ գործընթացների իրականացման համար անհրաժեշտ գերժամանակակից պարագաներ են նվիրաբերվել զորամասերին։
  • Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Պ․ Դուրյան թաղամասի բազմաբնակարան շենքերի բնակարանների դռներին և վերելակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փակցրել է թռուցիկ-հրավերներ հետևյալ բովանդակությամբ՝ «Սիրելի ավանցիներ, Բարգավաճ Հայաստան կուսակցության Ավան վարչական շրջանի պատգամավորի թեկնածու Գագիկ Պետրոսյանը հունիսի 1-ին՝ ժամը 18։00-ից մինչև 20։00-ն, Ավանի Դուրյան թաղամասի 33 շենքին հարող խաղահրապարակում հրավիրում է բոլոր երեխաներին՝ անցկացնելու ուրախ և անմոռանալի ժամանց հեքիաթային հերոսների հետ։ Սիրով սպասում ենք Ձեզ»։
  • 2021 թ․ հունիսի 1-ին Լերմոնտովոյի դպրոցը Ռուսաստանի հայերի միության կողմից ստացել է համակարգիչներ, իսկ Ֆիոլետովոյի դպրոցը՝ մարզական գույք:
  • 2021 թ․ հունիսի 2-ին Ռուսաստանի հայերի միությունը, դրա նախագահ Արա Աբրահամյանի անունից Խարբերդի մասնագիտացված մանկատանը նվիրաբերել է համակարգիչներ, լամպեր, կենցաղային և տնտեսական անհրաժեշտության իրեր։
  • 2021 թ․ հունիսի 2-ին «Որդուս» ՀԿ-ն՝ Կարին Տոնոյանի մասնակցությամբ, Սյունիքի սահմաններ է տարել զինվորների համար նախատեսված մի շարք պարագաներ, այդ թվում՝ զինվորական վրաններ, քնապարկեր, հագուստ, սնունդ և հիգիենայի միջոցներ։
  • 2021 թ․ հունիսի 6-ին «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Տիգրան Արզաքանցյանի և իր տիկնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի ֆինանսավորմամբ Գավառում բացվել է մանկական զվարճանքի և ժամանցի կենտրոն, մանկական խաղահրապարակ։

Հարկ է ընդգծել, որ ս.թ. մայիսի 11-ից ի վեր տեղի ունեցած բարեգործական առանձին միջոցառումներ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 5-րդ մասին համապատասխան:

Նախընտրական քարոզչության ֆինանսավորում

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո՝ 7 օրվա ընթացքում: Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործվում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները:

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի նախընտրական հիմնադրամները պետք է բացվեն 2021 թ․ հունիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, այնինչ քարոզչական գործունեությունը (բացառությամբ քաղաքական գովազդի) փաստացի մեկնարկել է դեռևս մեկ ամիս առաջ։ Չնայած օրենսգիրքը սահմանում է, որ եթե հայտարարագրման ենթակա ապրանքներն ու ծառայությունները մատուցվել կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում: Այնուամենայնիվ, արձանագրված վահանակների և պաստառների վրա պատվիրատուի, տպաքանակի և տպագրող ընկերության վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը անհնարին է դարձնում կուսակցությունների, կուսակցությունների կողմից տրամադրված տեղեկատվության ճշգրտելու հնարավորությունը։ Հնարավոր է, որ որոշ քարոզչանյութերի պատրաստման ֆինանսավորումն իրականացվել է ուղղակիորեն կուսակցությունների կողմից, սակայն ընտրություններին առնչվող ծախսերի վերաբերյալ տվյալները հանրության համար հասանելի կլինեն միայն 2022 թ․ մարտի 15-ից հետո, երբ կուսակցությունները կներկայացնեն իրենց տարեկան հայտարարագրերը։

Ակնհայտ է, որ առկա իրավակարգավորումները չեն ապահովում քարոզարշավի թափանցիկությունն ու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հաշվետվողականությունը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածից դուրս իրականացվող քարոզչության կանոնակարգման բացակայությունն առաջացնում է խնդիրներ, որոնք, մասնակիորեն, ի չիք են դարձնում հենց պաշտոնական նախընտրական քարոզչության համար սահմանված՝ հավասար մրցակցության ապահովման երաշխիքները: Եվ չնայած համամասնական ընտրակարգի պարագայում անհամեմատ առավել կշիռ են ձեռք բերում կուսակցությունների / կուսակցությունների դաշինքների ծրագրերը, նախընտրական քարոզարշավը Հայաստանում շարունակում է դրսևորվել որպես ռեսուրսների և փողատերերի (ինչպես անձանց, այնպես էլ՝ կուսակցությունների) «մրցույթ», որի համատեքստում առնվազն հարկ է կասկածի տակ դնել ներդրվող ռեսուրսների աղբյուրներն ու օրինականությունը:

Քարոզարշավի ֆինանսավորման տեսանկյունից ոչ պակաս կարևոր գործոն է երրորդ անձանց (օրինակ՝ «Ռուսաստանի հայերի միություն», մի շարք ԶԼՄ-ներ) կողմից ֆինանսավորման խնդիրը, ինչը հատկապես ցայտուն է նկատվում ԱԺ արտահերթ ընտրությունների համատեքստում:

Տեղական ինքնակառավարման մարմիններ

Նախընտրական քարոզչության ազատ իրականացումն ապահովում են նաև տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքի տարածքում քարոզչական նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու, ինչպես նաև նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով:

Նախընտրական քարոզչությունը սկսելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել (բացառությամբ հանրակրթական դպրոցների)` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է: Ազգային ժողովի ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո մարզպետը, Երևանում` Երևանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում այն դահլիճների և այլ շինությունների ցանկը, որոնք ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվում են անվճար:

Հաշվետու ժամանակահատվածում երկարաժամկետ դիտորդների կողմից այցեր են կատարվել շուրջ 150 բնակավայր: Դիտարկումների արդյունքների համաձայն՝ համայնքի ղեկավարները սահմանված ժամկետներում և պայմաններով հատկացրել են քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր: Նշյալ ժամանակահատվածում նախընտրական միջոցառում (ընտրողների հետ հանդիպում) կազմակերպելու համար դիմումներ ստացվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի կողմից։

Նախընտրական շրջանում համայնքապետարանի ռեսուրսների միջոցով համայնքային ենթակառուցվածքային ծրագրեր իրականացվել են դիտարկված 7 համայնքներում, սակայն այդ ծրագրերն իրականացվել են համայնքի տարեկան բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակներում։

Համայնքային բյուջեից կատարվել են հատկացումներ բնակչությանը, մասնավորապես՝ սոցիալական հատկացումներ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, սոցիալական աջակցություն խոցելի, ինչպես նաև քամուց տուժած ընտանիքներին։ Հարկային արտոնություն տրամադրվել է մեկ բնակչի․ վճարվել են հարկերից առաջացած տույժերը (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք)։

Ատելության խոսույթ

Ատելության խոսույթը ուղղորդված խոսքի ձև է, որը մերժում է արժանապատվության և հավասարության՝ մարդու հիմնարար իրավունքները և փորձում նսեմացնել անհատների և խմբերի դիրքը հասարակության մեջ: Ատելության խոսքը նաև պարունակում է ռիսկեր՝ հրահրելու ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն, այդ թվում՝ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով։

Հայաստանում ատելության խոսույթն աստիճանաբար ահագնացել է 2018 թ. հեղափոխությունից հետո՝ ինչպես իշխանության լծակներից զրկված քաղաքական ուժերի, այնպես էլ՝ իշխանության ղեկը ստանձնած ներկայացուցիչների կողմից: Այն հաճախ մեկտեղված է եղել մի կողմից՝ ապատեղեկատվությամբ, մյուս կողմից՝ հաղորդակցության բացով:

Հետպատերազմյան ճգնաժամում անցկացվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ատելությունը հասնում է խիստ վտանգավոր ծավալների: Քաղաքական մրցակիցները, հատկապես «նախկին-ներկա» ռեժիմների ներկայացուցիչները՝ ամենաբարձր մակարդակով, հաճախ փոխադարձաբար հանդես են գալիս ծայրահեղ անպատշաճ խոսքով, խտրական, վիրավորական և սպառնալից ենթատեքստ ունեցող ելույթներով, ինչը թեժացնում է մթնոլորտը, կուտակում ատելությունը և խորացնում պառակտումը: Բացարձակապես անընդունելի են այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են «ոհմակի ատամները ջարդելու ենք», «կտրորենք բոլորիդ, 500 դրամանոց քյաբաբ ուտողներ», «եթե կարողանա բժշկից տեղեկանք ներկայացնել, որ հոգեկան առողջության հետ խնդիր չունի, կքննարկենք բանավեճի հարցը» և նման արտահայտությունները: Նախընտրական քարոզչության առանձնահատուկ թեմա է դարձել տղամարդկությունը հիմնավորելու խնդիրը. «դուելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով, բայց չեմ կարծում տղամարդկությունից խոսացողը տղամարդկության հետ առնչություն ունի» կամ «հեշտ է տղամարդլամիշ լինելը»:

Թշնամանքն ու ատելությունը անխուսափելիորեն տարածվում են հանրության բոլոր շերտերում: «Ականատեսի» դիտորդները համայնքների բնակիչների հետ հանդիպումներից հետո արձանագրում են ծայրահեղ մասնատվածություն ու թշնամանք տարբեր կողմերի նկատմամբ:

Ատելության համատեքստն անխուսափելիորեն վերաճում է ագրեսիվ վարքագծի: Բնականաբար, այսպիսի համատեքստում սովորականից ավելի հաճախակի են մրցակիցների քարոզչանյութերի կամ գույքի դիտավորյալ վնասման դեպքերը: Այսպես, «Ականատեսի» դիտորդներն արձանագրել են մի քանի տասնյակ այդպիսի դեպքեր, որտեղ հիմնականում վնասված էր Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» պաստառը, ինչպես նաև՝ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի և Արա Աբրահամյանի պաստառները): Արդեն իսկ ԶԼՄ-ներով հրապարակվել է դրվագ, որում ներկայացված է, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները Չարենցավանում հարձակվել են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի վրա և ձվերով հարվածել շտաբի պատուհաններին:

Ատելության ու թշնամանքի մթնոլորտի շեշտակի թեժացումը կարող է անխուսափելիորեն հանգեցնել անկառավարելիության, անկանխատեսելի և ցավալի հետևանքների Հայաստանի Հանրապետության և հասարակության համար: Իրավիճակի պատասխանատվությունը գործող իշխանության հետ մեկտեղ կիսում են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց զարգացնում ու խորացնում են թշնամանքը, որոնց նախընտրական խոսույթը ծրագրային ներկայացումից բացի պարունակում է պիտակավորող ու վիրավորական արտահայտություններ՝ միտված լինելով զգայական մեթոդներով լրացուցիչ ազդել գերլարված քաղաքացիների կարծիքի ու ընտրության վրա:

Դիտորդի իրավունքների խոչընդոտում

Դիտորդական առաքելության ընթացքում արձանագրվել է դիտորդների իրավունքների խոչընդոտման երկու դեպք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական միջոցառումների ընթացքում՝ Արտաշատ և Աբովյան համայնքներում։

Մասնավորապես՝ հունիսի 4-ին դիտորդների մուտքն արգելվել է Արտաշատ քաղաքի թատրոնի շենք, որտեղ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը քաղաքացիների հետ: Անվտանգության աշխատակիցները պատճառաբանել են, թե ներսում նեղ կուսակցական հավաք է, սակայն արձանագրված փաստերը վկայում են, որ քաղաքացիների համար ելումուտը բաց է եղել, մասնակցեն են նաև անչափահասներ։ Նմանօրինակ դեպք գրանցվել է նաև հունիսի 6-ին Աբովյան համայնքի երաժշտական դպրոցում՝ բնակիչների հետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930