«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն այս պահին նախընտրական հանդիպումներ է ունենում Չարենցավան համայնքի բնակիչների հետ:
Առավոտյան Դավիթ Սանասարյանը քարոզարշավ էր անցկացնում Աբովյան քաղաքում:
Մինչ Դավիթ Սանասարյանն իր նախընտրական բուկլետներ էր բաժանում չարենցավանցիներին, չարենցավանցի մի կին դուրս եկավ շենքի մուտքից ու վրդովված գոչեց. «Ի՞նչ եք ուզում էս ազգից, կոտորեք, պրծեք: Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է ուզում այս ազգից»:
Դավիթ Սանասարյանն արձագանքեց՝ ես Ռոբերտ Քոչարյանը չեմ: Շենքի բնակիչներից մեկն էլ ասաց. «Այ ցավդ տանեմ, հլը տես՝ ով է այս մարդը, անունը իմացիր, ինքն ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ»:
Կարդացեք նաև
Դավիթ Սանասարյանը կնոջը խնդրեց հանգստանալ, առանձին կարճ զրույց ունեցավ նրա հետ:
Բնակիչներից մեկն էլ հիշեց՝ Դավիթ Սանասարյանին լավ է ճանաչում, մեկ անգամ իրեն վիրավորել է, հետո խոսել են:
Չարենցավանի բնակիչներից մեկն էլ զոհվածի հայր էր: Նա վրդովվեց. «Մասնակցեցինք, էլի, որ սաղ էրեխեքին տվեցինք: Էրեխես զոհվել է, ութ ամիս հետո եմ գտել նրան, ու մեկը դուռս չեկավ, չբացեց: Սա երկիր չէ: Ինչի՞ն մասնակցենք: Վարդենիսում էրեխեքին՝ 14 հոգի, ջարդել են, ի՞նչ մասնակցենք, գնացեք՝ Վարդենիսում մասնակցեք»:
Պարզվեց այդ շենքից 5 երիտասարդ է զոհվել 44-օրյա պատերազմում; Հենց այդ պահին նրանց հիշատակին ցայտաղբյուր էին կառուցում:
Դավիթ Սանասարյանը նշեց՝ եթե իմանային, որ մարդիկ սգի մեջ են, միանգամից կմոտենային, նրանց կցավակցեին, իրենց մեղքը կընդունեին:
Այդ շենքի բնակիչներից մեկն էլ Դավիթ Սանասարյանի հետ զրույցում շեշտեց. «27 տարի բանակում եմ: Ազգային մարդիկ կան, որոնք իրոք, անձեռնմխելի են. այսօրվա բանակը կապված է այդ մարդկանց հետ»:
Աբովյանում Դավիթ Սանասարյանին հարցրին՝ ի՞նչ նպատակ ունի 26 կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին: Նրանք պետք է հանդիպեին ու քննարկեին հայրենիքի փրկության հարցը: Դավիթ Սանասարյանն ասաց՝ այդպիսի առաջարկ արել է: Մեկ այլ քաղաքացիների խմբի հետ զրույցում էլ նա նկատեց՝ ներկայիս իշխանության մեղավորությունն է՝ չկարողացան այնպես անել, որ երկրի դեմ հանցագործություն գործած գործիչները ոչ միայն չկարողանային մասնակցել ընտրություններին, այլ պատասխանատվության ենթարկվեին:
Դավիթ Սանասարյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցավ նաև Հրազդանի, Սևանի բնակիչների հետ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ