«Մենք երրորդ օրն ենք մտնում քարոզարշավի, բայց իրականում այս սկսվել է շատ ավելի վաղ եւ երկրում ստեղծել է տպավորություն, որ հասարակությանը, ժողովրդին հրամցվում է հիմնականում մեկ օրակարգ` իմ խորին համոզմամբ, չափազանց կեղծ օրակարգ, այն է` իբր թե անայլընտրանքային հնարավորություն` ընտրելու նախկինների եւ ներկաների միջեւ»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում նշեց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:
Նա ասաց, որ մտահոգված է քարոզարշավի պատկերով:
Ուրիխանյանը շեշտեց, որ քարոզչության ցանկացած հնարավորություն ուզում է օգտագործել կոտրելու համար իր ձեւակերպմամբ` անտրամաբանական իրավիճակը. «Ուզում եմ յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել նրա համար, որպեսզի ընտրելու պատրաստ, իսկ առհասարակ հասարակության մեջ գերակայող թվով այն քաղաքացիները, որոնք կարծես թե չեն կողմնորոշվել, գիտակցեն, որ ունեն հնարավորություն ընտրելու, չհուսալքվելու, չհիասթափվելու այս իբր անայլընտրանքային իրավիճակից եւ ունեն հնարավորություն` ընտրելու նախկինների եւ ներկաների միջեւ:
Մեղմ ասած, հայհոյանքային բնույթի փոխհրաձգային քարոզարշավի ընթացքում քաղաքացիներն ունեն հնարավորություն ընտրելու ծրագրեր, ուշադրություն դարձնելու առաջարկների վրա եւ ընտրելու մարդկանց, որոնք ներկայացնում են այդ ծրագրերն ու առաջարկները»: Տիգրան Ուրիխանյանն ընդգծեց, որ սա համարում է հիմնական խնդիրը պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում եւ հատկապես հիմա:
Կարդացեք նաև
«Մենք նույնիսկ տեսնում ենք հեռուստատեսությամբ արձակվող կամ այլ ԶԼՄ-ներով հասարակությանը ներկայացվող պաշտոնական քարոզչական տեսահոլովակներ, որոնց ամբողջ տրամաբանությունը, սցենարներն ու ռեժիսուրան կառուցված են միմյանց հայհոյելու, սեւացնելու, վատաբանելու վրա: Փոխարենը այդ չափազանց թանկարժեք րոպեները կարելի էր ծախսել մարդկանց ներկայացնելու համար, թե ինչ ռեֆորմ է իրականացվելու սոցիալական անդունդից դուրս գալու համար, ինչ ռեֆորմ է բերվելու առողջապահության ոլորտ, կամ ինչ բարեփոխում է իրականացվելու տնտեսական աճի տեմպեր արձանագրելու համար:
Ի՞նչ է արվելու նրա համար, որպեսզի ամեն օր առավոտյան արթնանալիս մարդիկ այլեւս չմտածեն` իսկ ո՞ր րոպեին է սկսվելու հրաձգությունը, ե՞րբ են սկսվելու պատերազմական գործողություններ, հայտարարվելո՞ւ է, թե ոչ ռազմական դրություն եւ այլն»,-ասաց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածուն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ