Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եք ուզում Ռուսաստանից, երբ ինքներդ չեք ճանաչել Արցախը»․ Վանեցյանի արձագանքը՝ Սոլովյովի հարցին

Հունիս 09,2021 12:52

Ռուսաստանցի հեռուստալրագրող, մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում այսօր վերջինս ՀՀ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանին հետեւյալ հարցը հղեց՝ ձեր գլխավորած դաշինքն ի՞նչ մոտեցում ունի Ռուսաստանի հանդեպ։ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է։ Ավելի լավ դաշնակից ՀՀ-ն չի կարող ունենալ։ Ռուսաստանի հետ պետք է ուղիղ հարաբերություններ ունենանք, որովհետեւ Ռուսաստանը տանել չի կարողանում ստախոսներին։ Իշխանության գալուց հետո մենք պետք է ավելի սերտ գործակցության հարցը քննարկենք»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը։

Ապա Սոլովյովը հարցրեց՝ ո՞ւմն է Ղրիմը։ Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ Ռուսաստանինը եւ հիշեցրեց, որ Ղրիմի ժողովրդի մեծամասնությունն է որոշել միանալ Ռուսաստանին․ «Ժողովրդի կամքն անշեղելի է, այն պետք է բոլորը հարգեն։ Բայց եկեք զուգահեռ տանենք։ 90-ականներին Արցախի ժողովուրդը եւս ինքնորոշվեց, սակայն ժողովրդի կամքը չպաշտպանվեց։ Պաշտպանեց ՌԴ-ն, որոշ երկրներ, սակայն վերջին պատերազմը ցույց տվեց, որ հակամարտության կարգավորման հիմքում ընկած սկզբունքներից երկուսը չպաշտպանվեցին՝ ուժի կիրառումը եւ ինքնորոշման իրավունքը»։

Վլադիմիր Սոլովյովը հակադարձեց՝ ի՞նչ եք պահանջում Ռուսաստանից, երբ ինքներդ չեք ճանաչել Արցախը, չեք ճանաչել այն որպես ՀՀ-ի մաս։ Արթուր Վանեցյանը նախ նշեց՝ նախկին իշխանությունը չի ճանաչել Արցախը, որպեսզի դուրս չգա բանակցային գործընթացից, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով․ «Բայց կար պլան՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում պետք էր ճանաչել Արցախը։ Նիկոլ Փաշինյանը, որը կապիտուլյանտ անվամբ է հիմա հայտնի, չգտավ ուժ կամ գրագիտություն, կամ գուցե միտումնավոր ոչինչ չարեց, ու չճանաչեց Արցախը»։

Վլադիմիր Սոլովյովը նկատեց՝ «կապիտուլյանտն ասում է, որ պետք է տրվել Թուրքիային, ընկերություն անել վերջինիս հետ»։ Վանեցյանը հարցադրմամբ արձագանքեց․ «Իսկ Թուրքիայի մոտ ի՞նչն է փոխվել Հայաստանի եւ հայերի հանդեպ։ Ցեղասպանության ժամանակ առկա թուրքական յաթաղանը 2020թ․-ին վերածվեց թուրքական «բայրաքթարի»։ Թուրքիան ուներ նպատակ հայերին ոչնչացնելու եւ այն հիմա էլ չի փոխվել։ Ցավոք, իշխանությունը նպաստում է Թուրքիայի նպատակների իրագործմանը»։

Վլադիմիր Սոլովյովը շեշտեց՝ այդ իրավիճակում շատերը հիմա ՀՀ-ում հակառուսական հայտարարություններ ու քարոզչություն են անում։ Արթուր Վանեցյանը փաստեց՝ հիմա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մի մասը եւս այդ ճանապարհն է բռնել․ «Որովհետեւ երեք տարի կապիտուլյանտը փչացնում էր ՌԴ-ի հետ հարաբերությունները։ Նա ասում է, թե լավ հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, բայց ուրիշների հետ անընդհատ բանակցություններ է վարում։ Այո, Ֆրանսիան ՀՀ-ի բարեկամն է, բայց եկեք չմոռանանք, թե Ռուսաստանն ով է մեր համար։ Իհարկե, Ֆրանսիան մեր բարեկամն է, բայց նրա հաշվին ՌԴ-ի հետ ընկերություն անել պետք չէ։ Առհասարակ, որեւէ մեկի հաշվին մյուսի հետ ընկերություն անելը ճիշտ չէ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930