«Այդ անձը, որը, ցավոք, դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, մշտապես ստում է։ Ստելն իր այցեքարտն է»,-ռուսաստանցի հեռուստալրագրող, մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում այսօր հայտարարեց ՀՀ ԱԱԾ նախկին պետ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով հարցադրմանն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Շուշիի անկման համար Վանեցյանին է մեղադրել։ «Նա ստից բացի այլ բան չի կարող անել։ Այդ ստի պատճառով երկիրը մշտապես խնդիրներ է ունենում»,-ասաց Վանեցյանը։
Վլադիմիր Սոլովյովը հարցրեց, թե նա ինչու թողեց ԱԱԾ պետի պաշտոնը։ «Նա ինձ պաշտոնի է նշանակել այսպես կոչված հեղափոխությունից հետո։ Այդ ժամանակ ժողովրդի մեծամասնությունը կանգնեց Փաշինյանի կողքին։ Եղավ պոպուլիզմի մեծ չափաբաժին, եւ այդ ժամանակ ես կարծում էի, թե կարելի է ուղղությունը ճիշտ վերցնել»,-նախ պատասխանեց Վանեցյանը։
Սոլովյովը կրկին հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Փաշինյանը պաշտոնազրկեց Վանեցյանին։
Կարդացեք նաև
Վերջինս պատասխանեց․ «Նա ինձ չի պաշտոնազրկել։ Ուղղակի ես ողջ կյանքում ծառայել եմ անվտանգության մարմիններում՝ քսան տարեկանից։ Ես փողոցի մարդ չէի, այլ կադրային անձ, բայց համաձայնեցի։ Հասկանում էի, որ պետք չի հրաժարվել այդ պաշտոնից եւ պետք է պատասխանատվություն վերցնել ու առաջ գնալ։ Փաշինյանն ասում էր, որ կոռուպցիայի դեմ է պայքարելու։ Ես այն մարդն էի, որը դա իրագործում էր։ Ես հեռացա, որովհետեւ հասկացա՝ պոպուլիզմը «էվոլյուցիա» էր ապրում, ուրիշ ուղղություն վերցնում եւ սկսում կոչվել «նիկոլիզմ»։ Իսկ «նիկոլիզմը» սարսափելի բան է, այն Հայաստանին եւ Արցախին բերեց այնպիսի հետեւանքներ, որոնք հիմա ունենք»։
Վանեցյանը հիշեցրեց՝ երբ հեռացավ պաշտոնից, զգուշացրեց, որ երկիրը ճիշտ ճանապարհով չի տարվում, եւ այդ ժամանակ Փաշինյանի կողմից հերթական ամբոխավարության չափաբաժինը եղավ՝ նա ասաց, թե Վանեցյանը ռուս գործակալ է, թե նախկին իշխանության հետ կապ ունի․ «Ինչում հնարավոր էր՝ նա ինձ մեղադրեց։ Արդյունքում ես չկարողացա ժողովրդին բացատրել, թե ինչ է մեզ սպասվում։ Իմ կանխատեսումներն իրականություն դարձան»։
Դառնալով պատերազմին՝ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ ինքն իր զորախմբով եղել է Շուշիի մատույցներում՝ Շոշում, եւ կատարել ռազմական ղեկավարության առաջադրանքը․ «Մեզ ասացին, որ ամեն ինչ վերջացած է, պետք է հեռանալ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ