Հունիսի 7-ին հետախույզ մայոր Էդգար Մաթեւոսյանի ծննդյան օրն է: Նրա կինը՝ Ասթինեն գնացել է հերոսի շիրիմին ու ապշել: Ամուսնու զինվորական ընկերները, ծառայակիցները, նրա ենթակայության ներքո կռված զինծառայողները, հիշելով օրվա կարեւորությունը, առանձին-առանձին եկել են պանթեոն՝ նրա թանկ հիշատակը հարգելու. «Մտա պանթեոն ու զարմացա, չէի պատկերացնի, որ այդպես ծայրից ծայր լեփ-լեցուն կլիներ: Անգամ եկել էին իր դասընկերները, ուսուցիչները, ընկերներ, որոնց չէի ճանաչում: Մնացի ապշած»:
Էդգար Մաթեւոսյանը, կամ, ինչպես մարտական ընկերներն էին նրան ասում՝ Մաթոսը կլիներ 37 տարեկան, կգար տուն, հարազատներին կհավաքեր մի սեղանի շուրջ ու մի լավ քեֆ կազմակերպեր:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում կինը պատմեց, որ Մաթոսը ամեն օրը տոն դարձնող տեսակ էր, առավել եւս՝ ծննդյան տարեդարձերը սիրում էր նշել. «Առիթներին բոլորին ուրախացնողն էր: Ճոխություններ չէր սիրում, բայց սիրում էր սրտանց ուրախանալ: Եթե գործի բերումով չէր կարողանում տարեդարձներին գալ, մի ուրիշ օր էինք նշում: Ուրիշ տեսակ էր ինքը, դրա համար բոլորը իրեն սրտանց սիրում ու հարգում էին: Պահի տակ մտածում եմ՝ երկրային չէր ինքը»:
Հերոս հետախույզի որդին 10 տարեկան է, աղջիկը՝ 8: Երեխաները հոր նկարով շապիկներ են հագել, հոր նկարով տորթի շուրջ հավաքվել ու սպասել են: Տեւական ժամանակ չեն կարողացել մոմերը փչել: Սիրտ չեն արել, սպասել են, հավատացել են, որ ինքը կգա ու կփչի:
«Երեխաների համար անսովոր էր: Սկզբից շատ ծանր էր, հետո արդեն հարմարվեցին այն մտքին, որ մենակ չեն: Չեն կարողանում համակերպվել հոր բացակայության հետ: Անընդհատ շեշտում էին, որ իրենց պապան չի մահացել, ներկա է: Այս 7 ամիսներին Մաթոսի բացակայությամբ ապրելը մի եզրակացության բերեց, որ այս կյանքում մարդու համար ամենակարեւոր բանը առողջությունն ու ֆիզիկական ներկայությունն է, եթե դա չկա…գիտեք, անիմաստ է դառնում ամեն ինչ: Մաթոսի նկարով փուչիկներ, շապիկներ էի պատրաստել, ամեն կերպ փորձում էի իր ներկայությունը ստեղծել, բայց մեկ է, չկարողացա, չի ստացվի, չեմ կարողանում: Բոլոր զոհվածներն էլ հերոսներ են, բայց Մաթոսին բոլորն են հիշում՝ թե՛ մարդ տեսակով, թե՛ որպես զինվորական: Մինչեւ այսօր զինվորների հարազատները կապվում են, շնորհակալություն հայտնում»:
Հիշեցնենք, որ Էդգար Մաթեւոսյանը սեպտեմբերի 27-ից սկսած՝ Արցախում մասնակցել է ամենաթեժ մարտերին ու առաջին օրերին ոտքից վիրավորվել: Կնոջ պատմելով՝ «Ուզել են տանեն հոսպիտալ, ասել է՝ չէ, բա ես իմ զինվորներին ո՞նց մենակ թողնեմ: Ինքը իր ձեռքով իրեն պերեվյազկա է արել ու նորից մտել կռվի մեջ: Ու հիմա իր զորամասի սպաները, զինվորները, որը գալիս են, ասում է՝ ես իրեն եմ պարտական, որ ապրում եմ ու կամ, ինքը ինձ փրկել է: Գիշերները չէր քնում, հետախուզություն էր անում, խրամատ էր փորում, ամեն ինչ էր անում՝ բանակի համար»:
Մայոր Մաթեւոսյանը այն բացառիկ հերոսներից է, որի անունը ոսկե տառերով գրված է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատին՝ որպես գերազանցիկ: Ապրիլյան պատերազմին նրա շնորհիվ տասնյակ զինվորների կյանքեր փրկվեցին, որի համար Մաթեւոսյանն արժանացավ «Մարտական խաչ» և «Արիության համար» շքանշաններով։
«Հենց ջոկեք չկամ՝ երեխեքին փախցրու», – սա Էդգար Մաթեւոսյանի վերջին հրահանգն էր՝ սպաներին, զոհվելուց 1 ժամ առաջ: Հոկտեմբերի 2-ին կարեւոր առաջադրանք ուներ ու փորձառու հետախույզը շատ լավ գիտեր ուր էր գնում, ինչի համար: Ցավոք, հետ չեկավ, բայց հասցրեց փրկել իր մարտական ընկերների, իր զինվորների կյանքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ