Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եդիգարյան. «Ամենավտանգավորն այն է, որ թուրքը մեր սահմաններին կանգնած է՝ զենքը ձեռքին, մենք ներսում իրար ուտում ենք». «Հայկական ժամանակ»

Հունիս 09,2021 10:15

Մշակույթի բնագավառի շատ մարդիկ էլ, չլինելով որևէ կուսակցության շարքերում, այնուամենայնիվ, ակտիվորեն հետևում են նախընտրական զարգացումներին և երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Նրանց թվում է դերասան, ռեժիսոր Աշոտ Եդիգարյանը

– Ըստ ձեզ՝ երկրի համար ճգնաժամային իրավիճակներում մշակույթի գործիչների դերը ո՞րը պիտի լինի՝ ջրբաժաններ գծե՞լը, թե՞ ջրբաժանները վերացնելը:

– Իհարկե, վերացնելը: Չարենցն է ասել, չէ, «ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Ասում են՝ արվեստագետները ցույց են անում գերիների վերադարձի համար: Ես որ գնամ ցույց անեմ, Ալիևը կասի՝ արա, Աշոտը ցույց է անում, սպասի գերիներին վերադարձնե՞մ: Որ իմանամ կվերադարձնի, հացադուլ էլ կանեմ: Էդ ինչ թիթիզություն է: Ջղայնանում եմ նման բաներից: Ամենավտանգավորն այն է, որ թուրքը մեր սահմաններին կանգնած է՝ զենքը ձեռքին, մենք ներսում իրար ուտում ենք: Սա ողբալի է, և մարդիկ կան՝ ո՛չ թե չեն գիտակցում, այլ հրահրո՛ւմ են: Սա է ամենասարսափելին: Ջրբաժանները պետք է վերանան: Արվեստագետներն էլ պետք է զբաղվեն արվեստով, նրանք բոլորինն են, չպետք է լինեն խամաճիկ:

Հետո մի բան կա. մենք չենք սիրում առաջնորդ ունենալ, մենք չենք սիրում ազնիվ ապրել, մենք սիրում ենք ուրիշի ձեռքի տակ ապրել: Մի տեսակ ստրուկի հոգեբանություն կա մեր ազգի որոշ մասի մոտ: Սա էլ պայմանավորված է նրանով, որ երկար ժամանակ չենք ունեցել պետականություն և պաշտել ենք փողը: Եթե 15 թվին էլ մեր ունեւոր հայերը փողը վերածեին զենքի, մենք 1,5 միլիոն մարդու կոտորած չէինք ունենա: Անմիաբան ենք, մեր միջից կան թշնամիներ, որոնք այլադավան են, որոնք ուրիշին ավելի շատ են սիրում, քան սեփական ժողովրդին, որոնք ուրիշի լեզվին ավելի են նախապատվություն տալիս, քան սեփականին:

– Այսինքն՝ մենք չե՞նք գիտակցում պետականության արժեքը:

– Օրեր առաջ նայում եմ մի հեռուստահաղորդում, կամ էլ՝ համացանցով էր, լավ չեմ հիշում, մի լրագրող հարցախույզ էր անում քաղաքում, թե որ կուսակցությանը կընտրեն, չափազանց զարմացա, որ նման լրագրողներ կան, հիմա ասեմ՝ ինչու. հարց է տալիս ինչ-որ մի մարդու, թե ո՞ւմ է ընտրելու, ասաց՝ ներկա Կառավարությանը, լրագրողը հարցրեց՝ էս Կառավարությունը ձեզ համար ի՞նչ է արել: Սրանից ավելի զավեշտալի հարց, ողբալի հարց, ես չեմ պատկերացնում: Այ ընկեր ժուռնալիստ, էդ մարդու համար չպիտի անի Կառավարությունը, պետք է անի պետության կայացման համար, մեր ժողովրդի համար, մեր հայրենիքի համար: Այ ցավը որտեղ է. Էսքան տարի որ մենք տուժել ենք, 100 տարի առաջ էլ, որ ամեն հայ մտածել է՝ էս պետությունը, էս Կառավարությունը կոնկրետ իր համար ինչ է արել, դրա համար ենք տուժել: Իր համար չպիտի անի, ախր: Սա է մեր ող-բեր-գու-թյու-նը: Որովհետև բոլորը մտածում են, որ իր համար լավ անի, ինքը մի բան ավելի փախցնի, ինքը ավելի լավ ապրի, քան մյուսը: Ո՛չ, մարդիկ պետք է մտածեն ընդհանուր:

Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930