Լրահոս
Օրվա լրահոսը

Քայքայման հիմնական պատճառներից մեկը

Հունիս 09,2021 10:00

Կա ռուսերեն մի արտահայտություն՝ «ради красного словца не пожалеет и отца»: Այսինքն՝ առաջնայինը ինչ-որ մի լսարանի համար ոգեշնչող, ծափահարությունների արժանացող խոսք ասելն է, իսկ թե ինչ հետեւանքներ կունենա այդ խոսքը, այնքան էլ կարեւոր չէ: Եկեք խոստովանենք, որ մենք՝ լրագրողներս, ունենք այդ հիվանդությունը. տարվում ենք մեր ասելիքի հետաքրքիր եւ խայթող լինելով՝ երբեմն մոռանալով նյութի ներքին տրամաբանության եւ կարեւորության մասին:

Անձամբ ես նախորդ տարիներին, օրինակ, հակված էի ընդհանրացնել մեր բարձրաստիճան հոգեւորականների արատները. դրանք հաստատ կան, բայց այստեղ պետք էր առավել զգույշ եւ նրբանկատ լինել՝ հաշվի առնելով այն դերը, որը եկեղեցին ունի աշխարհում սփռված մեր հայրենակիցների կյանքում, եւ այն նշանակությունը, որը հավատը, առաքելական ուսմունքը, կարծում եմ, պետք է խաղա մեր պետության կյանքում, բայց ցավոք չի խաղում:

Սակայն, եթե կրոնի խնդիրը կարող է լինել բանավեճի առարկա, ապա պետության, եւ, առաջին հերթին՝ բանակի հարցը պետք է, որ բոլորի համար անվիճելի լինի: Եվ քանի գնում է, ես, այդ թեմաներով գրելիս, փորձում եմ հաշվեկշռել, թե ինչն է ավելի կարեւոր՝ ընթերցողին իմ «շշպռող» խոսքով դուր գալը, թե այդ կարեւորագույն ինստիտուտներին չվնասելը: Մենք այս հարցերում էլ, եկեք անկեղծ լինենք, շատ դեպքերում սփռում ենք նիհիլիզմ, անհավատություն, հավանումների արժանանալու հեշտ ճանապարհ ենք փնտրում:

Բայց լրագրողի աշխատանքը, որքան էլ կարեւոր լինի, պատասխանատվության իր աստիճանով չի կարող համեմատվել երկրի առաջին դեմքի հետ: Մի բան է, երբ դու խոսում ես որպես լրագրող, մեկ այլ բան՝ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, իսկ պարտավորությունների բացարձակապես այլ աստիճան է, երբ դու պետության ղեկավար ես: Այս դեպքում պետք է հաշվի առնվի հազար ու մի գործոն՝ ինչպիսի երկարատեւ ազդեցություն է ունենալու քո խոսքը ներքին կյանքում, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների ասպարեզում: Այստեղ, կրկնեմ, նկատի ունեմ երկարատեւ հետեւանքները եւ ոչ թե պալատականների քծնանքն ու հրճված զանգվածի ոռնոցները:

Ես վստահ եմ, որ մեր պետության ձախողումների, եւ, մասնավորապես, պատերազմում կրած նվաստացուցիչ պարտության պատճառներից մեկը Փաշինյանի իմպուլսիվ, անհավասարակշիռ խոսքերն էին եւ գործողությունները՝ բանակի, գեներալների, դիվանագետների (որոնք, իմ ընկալմամբ, նույն զինծառայողներն են՝ միայն «փողկապով»), ընդհանրապես՝ պետական ապարատի հարցերում: «Նախկիններին» պատժելու եւ վերոհիշյալ զանգվածի հրճվալից աղաղակների արժանանալու մոլուցքը ստվերում էր պետական շահը:

Համաձայն չեմ, որ Փաշինյանը դիտավորյալ ձգտում է քայքայել բանակը, ԱԳՆ-ն եւ ընդհանրապես պետական կառույցները, բայց միտումի բացակայությունից այդ քայքայումը պակաս ցավալի չէ:

Զինված ուժերի գլխավոր հրամանատարը չի կարող բանակի մասին խոսել «կոնֆետ շպրտելու» մակարդակով: Այս սենսացիոն «բացահայտումը» թողեք «սունկ-կայքերին»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Դարավոր թմբիրից կամաց կամաց դուրս ենք գալիս, սկսում ենք հասկանալ մեզ հետ կատարվող երեւույթների պատճառներն ու օրինաչափությունները: Մեր միամտության պատճառը’ դա խաղի կանոնները չհասկանալու մեջ է, իսկ այդ խաղի կանոնները պարտադրում են միմիայն նվաճող ազգերը: Երբ մենք դուրս գանք այն քաղաքական կուսությունից, համաձայն որի նվաճողական պատերազմները վատ բան են, իսկ մենք քաղաքակիրթ ազգ ենք եւ երբեք ուրիշին չենք գրավել, իսկ վայրենիները մեզ գրավել են: Հիմա գոնե աչքներս բացվեց եւ տեսանք, որ պետությունները միայն գործիք են ուրիշի հարստությունը հափշտակելու համար, որ բանակները ոչ միայն պաշտպանվելու համար են, այլեւ ուրիշի օրինական հողը գրավելու եւ հարստահարելու համար: Եւ այդ ամենը պետք է այնպիսի բարձր քաղաքակրթական ֆանտիկով փաթաթել, որ ոչ ոք չկասկածի, որ գառի մորթու տակ գայլ է թաքնված: Ինչ որ է, ազգայինը, օրինականը ու նման սիրուն բաները թողնում ենք լավ ժամանակներին, իսկ հիմա մի հատ ինվենտարիզացիա անենք, մենք ինչ հարստություններ ունենք, մեր հարեւաններն ինչ հարստություններ ունեն, եկեք մենք էլ խաղանք գայլերի կանոններով, մարդկային ջունլգիների օրենքներով, թե չէ ինչ է ստացվում’ մենք մարդկային ենք վերաբերվում, իսկ էդ ոչխարները գե՞լ են դառել:
    Հիմա ֆիզիկայից մի օրենք ասեմ, որը մարդկանց, ազգերի, պետությունների համար էլ է գործում. երբ քո ներսում կարգավորվածությունը’ նեգաէնտրոպիան մեծանում է, քո շրջապատում կատարվում է հակառակ պրոցեսը’ փոքրանում է կարգավորվածությունը, այսինքն’ մեծանում է անկարգավորվածությունը’ էնտրոպիան: Հիմիկվա փափուկ ուժը օգտվելու է մոտակա ընտրություններից, որ մեծացնի անկարգավորվածությունը մեր մեջ եւ ուժեղացնի կարգավորվածությունը մեր շրջապատում, դրանով մեր օգտակար հանածոներն ու ջուրը լիովին նվաճեն: Մեր մոտակա ընտրություններում կարեւոր չի, թե ով կընտրվի, ով էլ ընտրվի, մանկլավիկ է լինելու’ աննշան բացառությամբ, գլխավոր նպատակը մեր թշնամի գլոբալ ուժերի’ դա մեր մեջ խժդժություն անկարգավորվածություն մտցնելն է, որն էլ թույլ կտա դրսից կարգավորված կանոնավոր բանակ մտցնել, որից հետո մենք կկորցնենք մեր հողն ու ջուրը, իսկ մանկլավիկները իրենց թուլաբաժինով կվայելեն իրենց տերերի նողկանքն ու արհամարհանքը..
    Տիգրանից հետո միակ նվաճողը Քաջ Նազարն է, էն էլ Ուստիանը չթողեց վայելի: Ո՞վ կգերազանցի Քաջ Նազարին:)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930