Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 8-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գեղարքունիքի մարզում էր։
Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր խոսքում նշեց, որ ժողովրդի անվտանգությունը ապահովելու մի ճանապարհ կա. Ռուսաստանն է. «Դարավոր մեր գործընկերը, բարեկամը, հարազատը։ Ինքը միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով, որ մեր կողքին է եղել։ Այսօր պետք է մենք այդ բարեկամական հարաբերությունը ոչ թե միայն խոսքով, այլ պետք է իրոք մարդկային, բարեկամական իրականացնենք, ամրապնդենք։ Եվ այսօր մեր սահմանի վրա պետք է կանգնած լինի հայ և ռուս զինվորը՝ իրար ուս ուսի տված, ուս ուսի կանգնած, որ մարդիկ ապահով լինեն, զինվորն էլ ապահով լինի և մենք էլ ապահով լինենք։ Դա է մեր միակ խնդիրը, որ Ռուսաստանի հետ մենք լիարժեք բարեկամություն անենք, ոչ միայն խոսքով, այլ գործով»։
Նա անդրադարձավ նաև գյուղատնտեսությանը. «Գյուղացուն պետք է տրամադրել սերմեր, պարարտանյութեր, և գյուղացու մշակածը պետք է ընդունել՝ սառնարաններ, կարգոներ կազմակերպել, փաթեթավորել, արտահանել, որ գյուղացին իմանա՝ իր մշակածը գետնին չի մնա։ Հիմնական հարցը սա է»։
Գագիկ Ծառուկյանը համարում է, որ գյուղնախարարությունը պետք է բացվի. «Չի կարող հինգ նախարարություն լինի միասնական մի ղեկավարով։ Ամեն մի նախարար մի ոլորտի համար պետք է պատասխան տա, որ այսօր ամբողջ գյուղատնտեսություն մեռած է, չեն օգտագործում, հնարավորություն չկա։ Չեն հասկանում, որ այսօր 1 հա ցորեն ցանելու համար հարկավոր է 120 000 դրամ, գյուղացին պետք է վարկ վերցնի, որ կարողանա 1 հա ցանի, բայց ցանելուց իր շահույթը պետք է լինի ամենաշատը 50-60 հազար դրամ։ Հաշվելով էլ 20, 25, 30 տոկոս վարկ են դնում։ Գյուղատնտեսական վարկը պետք է զրոյական լինի, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Գյուղացու մշակածը պետք է գետնին չմնա»։
Կարդացեք նաև
Հ.Գ. Ըստ «Հայկական ժամանակ»-ի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներից մեկը քարոզարշավի ընթացքում զենք է կրել և խոչընդոտել է լրագրողի աշխատանքին։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ