Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն անհատական դիմումները մերժում է մեղադրական ձեւակերպմամբ

Հունիս 09,2021 14:00

Մեկ ամիս առաջ Ժուռնալիստների «ԱՍՊԱՐԵԶ» ակումբ եւ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» կազմակերպությունները դիմել էին Սահմանադրական դատարան: Դիմողների գնահատմամբ՝ «ՀՀ ընտրական օրենսգրքի» 48-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով ընտրական հանձնաժողովների որոշումներն ու գործողությունները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտներին եւ հիմքերը, պարունակում է օրենսդրական բաց՝ կապված դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ընտրական իրավունքների խախտումները վարչական եւ դատական կարգով բողոքարկելու հնարավորության բացակայության հետ:

Դիմողները նշել էին, որ դիմումատու կազմակերպության կանոնադրական նպատակներից բխում է համայնքային կոնկրետ շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ ընտրությունների եւ հանրաքվեի անցկացման օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացումը, որոշակի խմբերի կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը, այնինչ քննարկվող օրենսդրական բացը հանգեցնում է օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումների դեմ պաշտպանության անհնարինության: Անհատական դիմումը մերժվել էր:

ՍԴ-ում հավատարմագրմանս տարիներին անդրադառնում էի նաեւ անհատական դիմումներին, դրանց մերժմանը, հիմքերին, մատչելիությանը: Վերջին երեք տարիներին անհատական դիմումների հրապարակայնացման հարց չի բարձրացվել, իսկ ՍԴ եռանդամ կազմը, որպես կանոն, մերժում է դրանք հետեւյալ մեղադրական ձեւակերպմամբ. «Դիմումատու կողմը ձեւականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց՝ իրականում առաջ է քաշում ընդհանուր իրավասության դատարանի գործողությունների իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից»:

Այդպիսի ձեւակերպամամբ, մայիսի 31-ին մերժվել է Սեյրան Օհանյանի անհատական դիմումը: ՀՀ նախկին պաշտպանության նախարարն ու նրա ներկայացուցիչը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանն անհատապես դիմելով Սահմանադրական դատարան, ըստ էության, վիճարկում էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների իրավաչափությունը՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ դիմողի ներկայացուցչի կողմից բերված բողոքը քննելու վերաբերյալ որոշումը:

Դիմումատուն, որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի հակասահմանադրականության հիմնավորում, նշել էր, որ դատարան բողոքարկվել են ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի որոշումները, վերաքննիչ բողոքում, վճռաբեկ բողոքում բարձրացվել է իրավական հարց այն մասին, թե դատախազի որոշումը բողոքարկման ենթակա է, թե ոչ, սակայն որեւէ դատարան դատախազի որոշման բողոքարկման ենթակա լինելու կամ չլինելու հարցին ուղղակիորեն չի անդրադարձել. որոշումների եզրափակիչ մասերում անդրադարձել են միայն քննիչի որոշմանը:

Սեյրան Օհանյանի դիմումը Սահմանադրական դատարան էր մուտքագրվել մայիսի 17-ին (դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել մայիսի 13-ին): Դիմողը խնդրել էր. «Որոշել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաեւ 185-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա» ձեւակերպման մասով՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին ու 79-րդ հոդվածին համապատասխանության հարցը, հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը»: Ըստ դիմումատուի՝ գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի՝ բողոքարկման ժամկետի հաշվարկի մասով՝ դատարանների տված մեկնաբանության կիրառմամբ, խախտվել են իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 75 եւ 79-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները: Դիմողը, մասնավորապես, նշում է, որ դատարանները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը մեկնաբանում են այնպես, որ՝ «դատախազին բողոք ներկայացնելուց եւ դրա վերաբերյալ օրենքով սահմանված մեկ ամսվա ժամկետում պատասխան չստանալու դեպքում բողոքաբերը պետք է մեկ ամսվա ընթացքում քննիչի որոշման դեմ բողոք ներկայացներ դատարան, այլ ոչ թե սպասեր դատախազի պատասխանին եւ նոր միայն քննիչի որոշումը բողոքարկեր դատարան»: Վիճարկվող նորմի նման մեկնաբանությունը դիմող կողմի մեկնաբանմամբ, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ բողոքաբերը զրկվում է դատախազի որոշումը դատարան բողոքարկելու հնարավորությունից, այսինքն՝ դատարանի մատչելիությունից, ինչպես նաեւ դատախազի որոշումը ստանալով եւ դրանով իր բողոքը մերժելու մասին տեղեկություն ստանալով՝ անձը զրկվում է քննիչի որոշումը դատարան բողոքարկելու իրավունքից:

Դիմողի ներկայացուցիչ փաստաբան Կ. Մեժլումյանի դիմումի համաձայն՝ «Դատարանում բողոքարկվել են ինչպես քննիչի, այնպես էլ դատախազի որոշումները, սակայն որեւէ դատարան դատախազի որոշման բողոքարկման ենթակա լինելու կամ չլինելու հարցին ուղղակիորեն չի անդրադարձել. որոշումների եզրափակիչ մասերում անդրադարձել են միայն քննիչի որոշմանը», ինչը, ըստ դիմողի, ենթադրել է տալիս, որ «դատարանները համարել են, որ դատախազի որոշումը բողոքարկման ենթակա չէ»: «Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա» ձեւակերպման մեջ խոսք չկա որոշման մասին, մասնավորապես, հարուցումը մերժելու վերաբերյալ կարող է լինել ինչպես քննիչի որոշումը, այնպես էլ քննիչի որոշման դեմ բերված բողոքի հիման վրա դատախազի կայացրած որոշումը, որը նույնպես տեղավորվում է «հարուցելը մերժելու վերաբերյալ» ձեւակերպման մեջ, քանի որ դատախազի որոշումը, դրա վերլուծություններն ամբողջությամբ վերաբերում են հարուցումը մերժելուն, դրա օրինականությանը: Ըստ նրա էլ. «Ակնհայտորեն իրավական որոշակիության խնդիր կա ինչպես օրենսգրքի 185-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի» ձեւակերպման մեջ, այնպես էլ 290-րդ հոդվածի 3-րդ մասի ձեւակերպման մեջ՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ»:

Դիմողի կողմից վիճարկվում էր նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, այն, որ դատարանները, համապատասխանաբար՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը, այդ առնչությամբ վերաքննիչ բողոքը մերժելով, տվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրական մեկնաբանություն. «Մինչդեռ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը եւ վերաքննիչ քրեական դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական եւ անհիմն որոշումների եւ գործողությունների բողոքարկման ժամկետների հաշվարկման կանոններով, մերժել են համապատասխանաբար՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բողոքը, այդ առնչությամբ վերաքննիչ բողոքը՝ այդ նորմին տալով տառացի մեկնաբանություն»:

Սահմանադրական դատարանի՝ նախագահող Է. Շաթիրյան, մասնակցությամբ Վ. Գրիգորյան, Ե. Խունդկարյան, գնահատմամբ. «Ձեւականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց՝ դիմողն իրականում առաջ է քաշում վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների իրավաչափության հարց, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: ՍԴ 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝ «բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես ՍԴ քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930