Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

88-ամյա օպերային թատրոնի` «Պայացների» հերթական պրեմիերան

Հունիս 09,2021 13:00

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ Լոնկավալոյի «Պայացներ» օպերային բեմադրության պրեմիերան, բեմադրող դիրիժորն է Մկրտիչ Բաբաջանյանը, ռեժիսորը՝ Ռուբեն Քոչարը։

88-ամյա օպերային թատրոնում այս ներկայացումը առաջին անգամ 1935թ. հատվածաբար ներկայացրել էր բեմադրող դրիժոր Միքայել Թավրիզյանը եւ ռեժիսոր Ալեքսանդր Կարատովը։ Ամբողջական բեմադրությունն իրականացրել են 1937թ., բեմադրող դիրիժոր Գեւորգ Յաղուբյանը եւ ռեժիսոր Արշակ Բուրջալյանը, այնուհետեւ 1944թ. Գրիգոր Վարժապետյանն ու Իվան Վոլչեկը, 1960-ին՝ Հակոբ Ոսկանյանը եւ Արաքսյա Անանյանը, իսկ 1976թ.՝ Լեւոն Աբրահամյանն ու Յուրի Դավթյանը։

Երրորդ հանրապետության տարիներին՝ 1996թ., համաշխարհային օպերային գրականության այս գլուխգործոցին անդրադարձավ ռեժիսոր Տիգրան Լեւոնյանը, բեմադրող դիրիժորն էր Մկրտիչ Բաբաջանյանը։ Ի դեպ, այդ ժամանակ «Առավոտը» գրել է. «Պայացների» երեւանյան նոր «մարմնավորումը» ցուցադրեց Տիգրան Լեւոնյանի ռեժիսորական, երգչական, դերասանական հնարավորությունների ներուժը, ցոլացրեց հայոց օպերային թատրոնի նախորդ կուտակումները…»։

Օպերայի այս բեմադրությունը, եթե համեմատենք լեւոնյանական ռեժիսուրայի հետ, թեեւ արվեստում համեմատություն անցկացնելը այնքան էլ ճիշտ չէ, ապա կարող ենք փաստել, որ օրերս ներկայացրած բեմադրությունը նույնպես կուռ է իր դրամատիկ կառուցվածքով, կոլորիտով, կենդանի ու դինամիկ ներկայացված մարդկային երեք շերտերի՝ իտալական փոքրիկ գավառական քաղաքի բնակիչների, նրանց հյուրախաղերի այցելած պայացների եւ վերջինների ցուցադրած կատակերգության հերոսների ներքին սերտ ու փոխկապակցված խաղով։

«Պայացները» իր լիբրետոյով «թատրոն է թատրոնում», որի գլխավոր կերպարը՝ Կանիոն, նախկինում փառքի արժանացած դերասան է, հիմա արդեն թափառաշրջիկ թատերախմբի դերասանապետ։ Նրա կյանքի նեղ արահետի միակ ուրախությունը կինն է՝ երիտասարդ գնչուհի Նեդդան է, որին դերասանապետը թատերախումբ է բերել փողոցից։ Բայց Նեդդան երախտագիտությունից առավել ձգտում է ազատության ու սիրահարվում է Սիլվիոյին։ Նեդդայի սիրուն արժանանալու երազ է փայփայում նույն թատերախմբի դերասան, կիսախեւ Տոնիոն, որի սերը վիրավորանքից հետո վերածվում է նույնքան բուռն ու անզուսպ ատելության՝ հասնելով մատնության։ … Վերջիվերջո Կանիոն դանակահարում է ըմբոստացած Նեդդային, սպանում նաեւ նրան օգնության հասած Սիլվիոյին:

Ժամանակին մեզ հետ զրույցում օպերայի ողբերգական ավարտի առիթով Տիգրան Լեւոնյանը ասել էր. «Այս չքնաղ աշխարհում, որն ի վերուստ կոչված է լինել մարդկային ներդաշնակ հասարակության հեքիաթային դրախտավայր, իր երջանկությունն ու հեքիաթը որոնող մարդ արարածը ապերջանիկ է, դատապարտված անմարդկային վշտերի ու հավիտենական մենության։ Սա բնորոշ է ոչ միայն անհատներին, այլեւ, ցավոք, պետություններին, մեր դեպքում՝ հիշենք եղեռնը…»։

Մեզ հետ զրույցում բեմադրող դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանը, որն այսօր թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղակալն է, հիշեց, թե ինչպես էր Տիգրան Լեւոնյանը ամբողջովին տրվել ներկայացման ռեժիսորական աշխատանքներին. «Առանց չափազանցության նշեմ, որ նա երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան) յուրաքանչյուր անդամի հետ էր աշխատանք տանում, փաստելով, որ իր համար գլխավոր կերպարներից զատ, առանց չափազանցության, հանդիսականի դերում հանդես եկող յուրաքանչյուր արտիստ նույնպես գլխավոր կերպար»։ Համաձայնելով մեր դիտարկմանը, որ Քոչարի բեմադրությունը կուռ է իր դրամատիկ կառուցվածքով, ինչպես Լեւոնյանինը, կտրուկ անցում կատարեց մեներգիչներին. «Այս օպերայում Կանիոն (տենոր Հովհաննես Այվազյան), Նեդդան (սոպրանո Նունե Բադալյան), Տոնիոն (բարիտոն Գեորգի Առաքելյան), Սիլվիոն (բարիտոն Առնոլդ Քոչարյան), Առլեկինը (տենոր Գրիգոր Աբրահամյան) պարզապես հիանալի էին իրենց ներկայացրած կերպարներում, յուրաքանչյուրի դերը պահանջում է բազմաշերտ ու նրբին արտիստի ներքին, հոգեբանական-հուզական կարողություններ, որոնք այնքան բարդ արտահայտվում են բարձրարվեստ խաղի, ձայնի միջոցով»։ Մենք էլ հավելենք, որ Կանիոյի դերերգի գագաթնակետը հանդիսացող «Ծիծաղիր, պայաց» հանրահայտ արիոզոն, որն, ի դեպ, սիրված է նույնիսկ ոչ օպերասեր հասարակության կողմից, փայլուն մեկնաբանեց Հովհաննես Այվազյանը։

Զրույցի ընթացքում Մկրտիչ Բաբաջանյանը, հավանաբար համեստությունից ելնելով, գովեստի խոսք չհղեց նվագախմբի հասցեին, ինչի պակասը լրացնենք մենք։ Նվագախումբը գլխավոր կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանի եւ դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանի ղեկավարությամբ միաձուլվել էր բեմում ընթացող գործողություններին՝ իրավացիորեն դառնալով գլխավոր կերպարներից մեկը, համահունչ մեկնաբանելով մեղեդային գծի ողջ դրամատիզմը։

Տեղեկացնենք նաեւ, որ մասնագետները «Պայացներ» օպերան դասում են հաճախ չհանդիպող տեսակի՝ կատակերգություն ողբերգության մեջ կամ օպերա՝ օպերային բեմում, ինչը ներկայացնում է երաժշտական-թատերական դրամայի տարբեր որակներ։ Անշուշտ, ներկայացման հաջողությունը ապահովել են նաեւ նկարիչ Ավետիս Բարսեղյանը, խորեոգրաֆ Ռուբեն Մուրադյանը, լուսային ձեւավորող Սամվել Մալերյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տեսնես, 88-ամյա օպերան, երբ մի նոր հայկական օպերա կբեմադրի՝ նպաստելով ազգայինի զարգացմանը …

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930