Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Կոստանյանը եւ Ստեփան Դեմուրյանը Շուշիում

Հունիս 09,2021 12:30

Շուշին 1902թ. հուլիսին – Ա մաս

Հուլիսի 2-ին Խանդամիրյանի թատրոնի դահլիճում կայացել է «Զաւակ» պիեսի ներկայացումը, որի մասին թղթակիցը դժգոհությամբ գրել է. ««Զաւակի» եւ նման պիեսաների մեր բեմից դուրս գցելու մասին շատ է գրվել, խօսվել, սակայն նա դեռ յամառութեամբ պահում է իր գոյութիւնը… Եթէ մեր դերասանները ապահովված լինէին, եթէ որեւէ ընկերութիւն նրանց ռոճիկներ տալիս լինէր, այն ժամանակ մենք ամենայն իրաւունքով կը պահանջէինք «Զաւակը» եւ նման պիեսաները մի կողմ դնելու. բայց քանի որ նրանք ապահովված չեն, միւս կողմից էլ մեր պահանջած պիեսների ժամանակ չենք լցնում մեր փոքրիկ թատրօնը, որը կարողանար մի կերպ իր ծառայողների գոյութիւնը պահել, ապա ի՞նչ բարոյական իրաւունքով ենք պահանջում, որ մեր բեմի չարքաշ մշակները սովածութիւնից զկռտան: Ո՛չ, պարոններ, նրանք անում են, ինչ որ կարող են, իսկ դուք միայն խօսում էք: Ընկած տեղը դուք գիտէք օտարների առաջ նոյն իսկ ձեր մի տափակ դերասանով պարծենալ, բայց երբ հարցը ձեր կաշուին է վերաբերում, այն ժամանակ հանդէս էք գալիս ձեր ճռճռան պահանջներով: Վարվեցէք, ինչպէս ուզում էք, ահա ցիրկը իր գիրկն է բացել, կարող է ձեր գեղարուեստական ճաշակը այնտեղ զարգացնել եւ որովհետեւ ձեզանից շատերը հայկական թատրօնում ոչ մի հետաքրքիր բան չեն տեսնում, իսկ ցիրկում, ու այնտեղ ամեն ինչ եւ բայց կեղծ պատրուակներով արդար ձեւանալու սովորութիւնը թողէք: Թողէք, որ նա որպէս զէնք չը ծռայէ ձեր լճացեալ անհոգութեան»:

Արշակ Կոստանյան

Թեեւ «Զավակի» բեմադրության քննադատությանը, ներկայացումը անցել է բավականին հաջողությամբ եւ դերասանները մեծ նվիրվածությամբ են կատարել իրենց դերերը. «Սիրանոյշը Մադլինի դերում ցոյց տուեց, որ կարծես թէ ստեղծված է Մադլէններին անմահացնելու, մանաւանդ խելագարութեան տեսարանում: Պարոն Պետրոսեանը՝ Մինիէ գիւղական բժշկի դերում շատ լաւ էր: Այդ տեսակ տիպերը պարոնի խաղում երեւան են գալիս իրանց ամբողջութեամբ: Բժշկի տիպը «Զաւակի» մէջ ուշադրութեան արժանի տիպ է: Մի գաղափարական բժիշկ, որ շատ դէպքերում ուրիշներին օգնութեան հասնելու համար մինչեւ անգամ իր թանկագին իրերն է գրաւ դնում եւ անշուշտ կը գրաւէր հասարակութեան համակրանքն ու յարգանքը: Եւ նա գրաւում է: Տիկին Աւետեան Դենօրայի, իսկ պարոն Աւետեան Անդրէի դերում լաւ էին: Պարոն Աղայեան թոյլ Մաքս էր: Օրիորդ Նուարդը փչացրեց բարօնուհի Դօրինէյի դերը: Ժորժ Բրօկար փաստաբանի դերում բաւական աջող էր պարոն Ստեփանեանը»:

Հովհաննես Զարիֆյան

Հաջորդ օրը՝ հուլիսի 3-ին, նույն դահլիճում կայացել է օպերային երգիչ Արշակ Կոստանյանի համերգը, որի ծրագիրը եղել է բավականին հետաքրքիր: Այդ մասին գրվել է. «Պարոն Կոստանեան լաւ երգիչ է, երգում է զգացված, աշխոյժ տեմպերամենտով, ձայնը արծաթեայ հնչիւն է, տեմբրը դուրեկան, վարի եւ վերի րէգիստրը քիչ թոյլ է. ինչ վերաբերում է միջին կրծքային րէգիստրին, բաւական զօրեղ է: Ձայնի դիապազօնը այնքան էլ մեծ չէ, նոյն իսկ գլխային լեա, սի-բեմօլ-ից երգիչը խուսափում է: Պարոն Կոստանեան երկար տարիներ երգում է օպերային բեմի վրա եւ հէնց դրան կարելի է վերագրել նրա մի քանի շարժուածքները համերգային էստրադայի վրա. օպերային երգիչը բեմի վրա, բացի երգելուց, խաղում է, նա իրան բոլորովին ազատ է զգում խաղի ժամանակ. նոյնը չէ համերգային էստրադան, որտեղ զանազան բեմական շարժուածքներ արգելվում են. այստեղ երգիչը ինչպէս մի դէկլամատօր միայն զգացված երգով եւ նուրբ արտասանութեամբ պէտք է ազդէ հանդիսականների վրա: Ընդհանրապէս պարոն Կոստանեան մեծ աջողութիւն ունեցաւ: Ժամանակակից երաժիշտների հեղինակութիւններից պարոնը ընտրել է Գրիգին եւ Բլէյխմանին, իսկ ամենից վերջը երգեց ժողովրդական երկու երգ «Կռունկ» եւ «Պաղ աղբիւրի մօտ»: Պարոն Կոստանեանին շատ ծափահարեցին. սիրողներից մասնակցում էր Ս. Ադամեան, որը իբրեւ սիրող, բաւական աջող նուագեց Չայկովսկու բալլադան ջութակի վրա: Դաշնակցում էր օր. Վ. Շանշիեւան, որը ամենայն բարեխղճութեամբ կատարեց իր դերը: Համերգը վերջացաւ ժամը 12-ին. հանդիսականները բաւական կային»:

Հովհաննես Ստեփանյան

Արշակ Կոստանյանի երկրորդ համերգը կազմված է եղել երկու մասից: Նրա ելույթից հետո, երկրորդ մասում՝ ներկայացվել է «Ընտանեկան փոթորիկ» վոդեւիլը, որն անցել է «բաւական կենդանի՝ շնորհիւ տիկին եւ պարոն Աւետեանների»: Իսկ համերգի մասին գրվել է. «Պարոն Կոստանեանը անշուշտ, լաւ երգիչ է, սակայն այդ երեկոյ սիրողները փչացրին, թէ համերգը եւ թէ պարոնի տրամադրութիւնը: Պարոն Կոստանեանը ստիպված էր եւ երգել եւ միեւնոյն ժամանակ կառավարել նուագողներին: Սիրողներից ջութակի վրա աջող նուագեց պ. Ադամեան: Այս անգամ համերգին մասնակցում էր եւ տիկին Սիրանոյշը: Տիկին Սիրանոյշը, ինչպէս երեւում է, զօրեղ ձայն է ունեցել: Բացի այդ բոլորից, տիկին Սիրանոյշ եւ պարոն Պետրոսեան կարդացին կտորներ զանազան հեղինակներից եւ երկուսն էլ բուռն ծափահարութեան արժանացան, մանաւանդ Պետրոսեանը, շատ աջող կարդաց Միխայլովսկու «ծՈ րՓպվՖ»: Համերգի վերջում կայացաւ պարեր: Թատրօնը լիքն էր հասարակութեամբ»:

Օպերային երգիչ Արշակ Սիմոնի Կոստանյանը ծնվել է 1865թ. նոյեմբերի 26-ին Շուշիում, վախճանվել է 1920թ. հունվարի 12-ին Մոսկվայում եւ թաղված է տեղի հայկական գերեզմանոցում: Նա սովորել է Կազանի համալսարանում, 1892թ. աշակերտել է Նինա Ղորղանյանին, 1893թ. մեկնել է Իտալիա՝ շարունակելու երաժշտական կրթությունը: Երգել է Վորոնեժի, Խարկովի, Իրկուտսկի, Կազանի, Սարատովի եւ այլ քաղաքների օպերային թատրոններում, 1903թ.՝ Մոսկվայի Սոլոդովնիկովի օպերային խմբում: Կոստանյանին բնորոշ է գրավիչ, անկաշկանդ կատարումը: Կատարել է դերերգեր՝ Հերցոգ, Ալֆրեդ եւ Վերդիի «Ռիգոլետտո», «Տրավիատա», Ֆաուստ՝ Գունոյի «Ֆաուստ», Ալմավիվա՝ Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչ», Դերման՝ Չայկովսկու «Պիկովայա դամա» եւ այլ ստեղծագործություններում:

Արշակ Կոստանյանից հետո, Շուշի է ժամանել մեկ ուրիշ նշանավոր երգիչ՝ Ստեփան Դեմուրյանը, ով Կարա-Մուրզայի պես տեղում ցանկացել է երգչախումբ ստեղծել. «Շուշի է եկել պ. Դեմուրեանը, որ երկու սեռի երիտասարդներից խումբ է կազմում համերգ տալու. նա էլ ոգեւորւած է իր գործով եւ աշխատում է, որ Կարա-Մուրզայի ստեղծածը չը կորչի: Պարոն Դեմուրեանցին իննսուն չորս թուականից ենք ճանաչում, երբ ուսուցիչ էր թեմական դպրոցում, եւ չենք մոռանում նրա կազմած քառաձայն երգեցիկ խումբը, եւ հէնց այդ պատճառով է, որ իւրաքանչիւր նրան ճանաչող ցանկանում է, որ նա այս տարի մեզ մօտ ուսուցիչ մնայ»:

Ահա այդպիսի սեր ու հարգանք է վայելել Դեմուրյանը շուշեցիների շրջանում եւ քանի որ հիշատակվեց նրա 1894թ. Շուշիում կայացած ելույթը, ապա մենք պրպտելով գտանք այդ մասին. «Փետրուարի 13-ին Խանդամիրեանի թատրօնի դահլիճում տեղի ունեցաւ պ. Դեմուրեանի կոնցերտը. խումբը երգում էր պ. Դեմուրեանի ղեկավարութեամբ: Ինքը Դեմուրեանը, որի ձայնն աջող է, բայց մշակութեան կարօտ, solo երգեր երգեց: Կոնցերտն առհասարակ աջող էր: Դահլիճը լիքն էր: Մի խումբ օրիորդներից եւ պարոններից պ. Դեմուրեանն ընծայ ստացաւ մի ակ ժամացոյց»:

Հայ երաժշտագետ, ֆոլկլորագետ, մանավարժ, կոմպոզիտոր եւ երգիչ Ստեփան Գուրգենի Դեմուրյանը ծնվել է 1871թ. հունիսի 12-ին Թիֆլիսում, ձկնորսի ընտանիքում, վախճանվել է 1934թ. հունվարի 13-ին Երեւանում եւ թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: Նա 1883-1892թթ. խմբավարություն, երգ-երաժշտություն է սովորել հանրահայտ Ներսիսյան դպրոցում, իսկ 1892թ.՝ Մակար Եկմալյանի մոտ: 1898թ. մեկնել է Պետերբուրգ, ընդունվել Կոնսերվատորիա, վոկալ արվեստ սովորել Մ. Գաբելի մոտ: Մասնավոր կարգով զբաղվել է նաեւ կոմպոզիցիայով: Դասերի ծախսերը հոգացել է Ալեքսանդր Սպենդիարյանը: 1901թ. անավարտ թողնելով ուսումը, վերադարձել է Թիֆլիս եւ սկսել է աշխատել:

Դեմուրյանը երգ-երաժշտություն է դասավանդել Շուշիի Թեմական եւ Մարիամյան դպրոցներում (1892-1917թթ.՝ ընդմիջումներով), Գորիում՝ 1895-1898թթ., Բաքվում՝ 1924-1926թթ., Երեւանում՝ 1926-1934թթ. եւ այլ քաղաքներում: Նա 1921թ. աշխատել է Պյատիգորսկ քաղաքում, որպես ուսուցիչ եւ անվճար համերգներ է տվել կարիքավոր ընտանիքների համար, բեմադրել Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: 1929թ. ամռանը Ստեփանակերտում կազմակերպել է մասսայական համերգներ, հանդես է եկել տարբեր ակումբներում: Նկարահանվել է «Երկու գիշեր» կինոֆիլմում։ Նրա տունը հավաքատեղի է եղել հայ մտավորականներից շատերի համար: Դեմուրյանը Շուշիում հանդես է եկել նաեւ 1917թ. Ա. Տիգրանյանի «Անուշը» եւ Դ. Ղազարյանի «Գյուլնազ տատի հեքիաթը» օպերային բեմադրություններով:

Դեմուրյանն իր ստեղծագործական կյանքի ընթացքում հավաքել եւ կորստից փրկել է հայ երգի բազմաթիվ նմուշներ, կրթական գործունեություն է ծավալել, պրոպագանդել երգ-երաժշտություն, փորձել իր ուժերը երաժշտական տեսության բնագավառում, ներդաշնակեցրել ժողովրդական երգեր եւ վերջապես, հորինել իր սեփական ստեղծագործությունները։ Նրա երաժշտական գործունեությունը հիմնականում ծավալվել է անսամբլային ժանրում, որտեղ խմբավարությունը կարեւոր տեղ է զբաղեցրել։ Նա կարողացել է դասավանդման ճիշտ մեթոդի շնորհիվ աշակերտների եւ խմբի երգիչների մոտ սեր արթնացնել դեպի երաժշտությունը։

Նշենք, որ Ստեփան Դեմուրյանին մեծ ցնծությամբ էին դիմավորել Շուշիում եւ արցունքոտ աչքերով ճանապարհել:

Հուլիսի 9-ին Հայ դերասանական ընկերության խումբը ի նպաստ Հովհաննես Ստեփանյանի, թատրոնի դահլիճում ներկայացրել է Վիկտոր Հյուգոյի «Էռնան» դրաման: Ներկայացման մասին գրվել է. «Պարոն Ստեփանեանը շատ աջող տարաւ Դօն Րուի Գօմեց Դը Սիլվայի դերը: Երրորդ գործողութեան մէջ պ. Ստեփանեանը կատարեալ աջողութիւն ունեցաւ, որ վարձատրվեց բուռն ծափահարութեամբ եւ արծաթեայ բաժակակալով: Պարոն Ստեփանեանը, մեր այն դերասաններից է, որոնք իրանց ասպարիզում առաջնորդվում են համեստութեամբ, որից զուրկ են մեր շատ գործիչները: Հայերիս սովորութիւնն է, մանաւանդ մի քանի դերասանների սովորութիւնը, որ հէնց ասպարէզ եկած րոպէից սկսեն այն տեսակ պիեսներից, որոնք կատարելուց յետոյ ոչ պիտի կարողանան առաջ գնալ, որովհետեւ դրանք Շէքսպիր, Իբսէն են խաղացել, ոչ էլ պիտի յետ գնան, որովհետեւ նրանց «եսը» չը պէտք է թոյլ տայ: Ուրեմն նրանց կը մնայ միայն քարանալ եւ չիմանալ, թէ ինչացու են իրանք: Ստեփանեանը համեստ դերասանի կոչում ունի եւ այդ մենք ի սրտէ գովում ենք: Սիրանոյշի խաղը կենդանացաւ վերջին գործողութեան մէջ: Զարիֆեանը թէեւ ոչ աջող, բայց տանելի Էրնանի էր: Պարոն Պետրոսեանը Դօն-Կարլօսի դերում բաւարար էր, յարգելի դերասանը կարծէք այդ երեկոյ վատ էր տրամադրված: Բաւական պարզութիւն է նկատվում Ռշտունու խաղի մէջ»:

Հուլիսի 24-26-ին Բաքվից եւ այլ տեղերից Շուշի եկած մի խմբակ «ամօթաբեր գործունէութիւն» է ծավալել: Նրանք «Ընկերներ» ստորագրությամբ, քաղաքացիներ Ի. Թադեւոսյանից, Մ. Հովսեփյանից եւ Թ. Աղախանյանից փոստով պահանջել են համապատասխանաբար 500, 200 եւ 30 ռ. գումարներ: Հանցագործները գրել են, որ «եթէ որոշված ժամանակին իրանց այդ պահանջները չը կատարեն, այն ժամանակ մահ են սպառնում յիշեալ երեք հոգուն»: Քաղաքացիները անհապաղ դիմել են ոստիկանությանը:

Հուլիսին մի խումբ շուշեցի երիտասարդներ պատրաստվել են հանգուցեալ Կարա-Մուրզայի աշխատութիւնները հրատարակելուն օժանդակելու համար մի ներկայացում տալ:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Ստեփան Դեմուրյան

«Առավոտ» օրաթերթ
08.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930