Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու պարտվեցինք վերջին պատերազմում

Հունիս 09,2021 13:30

Կանցնեն հարյուրամյակներ, միեւնույն է՝ 2020թ. Հայոց երկրորդ եղեռնը՝ Արցախյան կապիտուլյացիան, տասնյակ հազարավոր զոհերը, անհետ կորածները, գերիները, կորցրած տարածքները երբեք դուրս չեն գա հայության ուղեղներից, քանզի դավաճանություններով լի նման իրադարձություններ պատմության մեջ համարյա դժվար է մտաբերել:

Մի կողմից տարիներ շարունակ մշտապես բարձրաձայնվում էր, որ մեր բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում եւ եթե որեւէ մեկը հանկարծ շփոթվի եւ փորձ անի ռազմական լեզվով խոսել մեզ հետ, ապա նրանից միայն փետուրները կմնան, մյուս կողմից՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, որը չափազանց լրջորեն ու լուռ նախապատրաստվում էր հարձակման, մեր անպարտ բանակի վերաբերյալ բարձրաձայնումներին մերթընդմերթ ակնարկում էր, որ շատ շուտով կազատագրեն իրենցից բռնազավթված Կարաբախը, եւ դա մեր կողմից ընդամենն ընդունվում էր զուտ որպես հերթական հոխորտանք: Ամենազարմանալին այն է, որ 30-ից ավելի տարիներ անկախ պետականություն ունեցող Հայաստան երկրում, որը կարծես լրջորեն զբաղվում էր նաեւ բանակաշինությամբ, կարողացել էր ազատագրել եւ այդքան ժամանակ ամուր պահպանում էր նաեւ Արցախ երկրի բավականաչափ մասը, ցավոք, չկար մեկը, որ հասկանար, եթե անգամ միայն տեսականորեն էր հնարավոր, որ Թուրքիան լրջորեն խառնվի այս գործընթացներին՝ ասենք երկկողմ հարձակման ֆորմատով, որի պարագայում գործ կունենայինք ՆԱՏՕ-ի՝ հզորությամբ երկրորդ երկրի հետ: Բացի այդ հանգամանքից, Թուրքիան ամեն վայրկյան ժխտելով Հայոց ցեղասպանության բացահայտ փաստը, ուղղակի երազում էր ծնվի եզակի մի հնարավորություն, որպեսզի 1915թ. Մեծ եղեռնը հասցնի ավարտին, բնաջնջելով հայերին եւ ֆիզիկապես, եւ հոգեպես:

Այն ժամանակ, երբ հայերը քնած էին ուղտի ականջում եւ լրջորեն համոզված էին, որ Թուրքիայի մասնակցության դեպքում ողջ աշխարհը կկանգնի իրենց մեջքին եւ ուղղակի կոչնչացնի Թուրքիային: Հենց այդ ժամանակահատվածում, բացի պատերազմին լրջորեն նախապատրաստվելուց, Թուրքիան նաեւ տարաբնույթ պայմանավորվածություններ էր ձեռք բերում աշխարհի խոշորների հետ, որոնց հիմքում դրվում էր չափազանց մեծ շահերի փոխադարձ ակնկալիքները: Միաժամանակ, դիվանագիտական հնարքներով զուգահեռաբար ամրապնդում էր այն կարծիքը, որ իրականում խախտվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (անգամ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից), որն էլ համարյա բոլոր երկրները բացահայտ բարձրաձայնում էին: Այնպես որ, այդ նույն երկրները, որոնց միջամտությունն այդ պատերազմին՝ այդպես էլ դատարկ ու փուչ հայտարարություններից այն կողմ չանցավ, զուգահեռաբար բարձրաձայնում էին նաեւ, այնուամենայնիվ Ադրբեջանն ու Թուրքիան պարտադրված քայլեր են անում, քանզի ընդամենն ուզում են ետ բերել Ադրբեջանից խլված (գրաված) տարածքները, որը բոլոր միջազգային նորմերով լիովին արդարացված քայլ է, չմոռանալով նաեւ շարունակաբար կրկնել. իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ այդ տարածքները ետ տրվեին խաղաղ ճանապարհով՝ առանց նման պատերազմական միջամտության, քանզի պատերազմն օրական բազմաթիվ զոհեր է խլում՝ հատկապես հայկական կողմից:

Այլ խոսքով, մինչ պատերազմի սկիզբը Հայաստանն ու Արցախն ընդամենը որոշակիորեն զբաղվում էին բանակաշինությամբ եւ ի հնարավորին փորձում էին ուժեղացնել հայկական բանակը, հակառակորդ կողմը բացի սպառազինության նորագույն ռազմատեխնիկայով զինվելուց, դիվանագիտական հարթությունում իրենով էր անում համարյա ողջ աշխարհը, քանզի հստակ պատկերացնում էր, առանց այդ հողի նախապատրաստման, փաստացի հարձակման հենց սկզբից աշխարհը հենց առաջին պահերից սարսափելի ձեւով կդատապարտեր այդ հարձակումը, ինչպես նաեւ ինչ-ինչ քայլեր կձեռնարկեր պատերազմը կանգնեցնելու համար: Փաստացի, մինչ պատերազմի սկսելը Թուրքիային եւ Ադրբեջանին երկու գերկարեւոր հարց էր պետք լուծել. առաջին՝ իրենց բանակների լրջագույն զինում ժամանակակից ռազմական զինտեխնիկայով եւ երկրորդ, չափազանց նուրբ դիվանագիտությամբ աշխարհին այնպես տրամադրել, որ նրանք էլ համոզվեին, որ իրենք այլ տարբերակ չունեն, քանզի արդեն տարիներ շարունակ իրենց բազմաթիվ փորձերը՝ խաղաղ ճանապարհով ետ բերել Ադրբեջանից խլված տարածքները, ոչ մի հաջողություն չգրանցեց եւ փաստացի իրենց մնաց լոկ վերջին ճանապարհը, այն է՝ միայն պատերազմով է հնարավոր ետ բերել դրանք, որին էլ պարտադրված գնացին:

Թուրք-ադրբեջանական տանդեմը տարիներ շարունակ աշխարհի ականջներում մշտապես կաթեցնում էր այն միտքը, որ Հայաստանն անարդարացի կերպով խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրենից խլելով իր տարածքների 20 տոկոսից ավելին: Նրանք մի պարզ հարց էին դնում աշխարհի առջեւ. ի՞նչ կանեին այդ նույն երկրները, եթե որեւէ երկիր իրենցից խլեր իրենց տարածքի 20 տոկոսը: Պատասխանն ակնհայտ է. իրենք եւս նույն կերպ կվարվեին: Այլ խոսքով ասած, նրանք տարիներ շարունակ աշխարհին շշնջում էին, որ նման պարագայում իրենք եւս պարտադրված այդպես կվարվեն, որպեսզի, եթե գա պահը եւ իրենք փորձեն այդ քայլն անել, աշխարհն անակնկալի չգա ու արդարացնի նրանց ձեռնարկած քայլը:

Փաստացի, պատերազմի ընթացքից պարզ դարձավ, որ մերոնց բազմապիսի սխալների եւ դավաճանությունների պատճառով կրած խայտառակ ռազմական պարտությունը ոչ պակաս չափով որոշվեց նաեւ Հայաստանի աններելի դիվանագիտական պարտությամբ: Սթափ վերլուծելու դեպքում պետք է խոստովանենք, որ ունեցանք այն, ինչը նման որակի պատրաստվածության դեպքում պետք է ունենայինք: Մի՞թե մինչ այժմ այդպես էլ չհասկացանք ժողովրդական պարզ ասացվածքը. կհնձես այն, ինչ ցանել ես…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garo says:

    Պարտվեցիք, որովհետև չկռվեցինք:
    Եթե նորմալ մոբիլիզացիա արվեր ու կռվեինք կհաղթեինք: ՊԵտք է տոտալ մոբիլիզացիա հայտարավեր ու մենք էլ սկսեինք հարձակվել Ադրբեջանի վրա Հայաստանի սահմանից: Պատերազմը պիտի դառնար հայրենական ու ընթանար Նոյեմբերյանից մինչջ Հորադիզ, Երասխավանից մինչև Մեղրի: Իսկ սենց ազգի փոքր մասը կռվում էր իսկ մյուսները Երևանում իր սովորական կյանքով ապրում էր: Տենց չես կարա հաղթես ավելի մեծաքանակ ու լավ զինված հակառակորդի:

  2. Mher says:

    Սանդուղքի մաքրման գործընթացը սկսվում է վերեւից: Ով է ստուգում այս վարչապետի սխալները: Հայաստանը փորձարարական նախագիծ չէ:

  3. Hayastanci Nakhkin says:

    Նախ, պատերազմը չի ավարտվել քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, պարոն հեղինակ։ Ադրբեջանը դա հասկանում էր ավելի քան երկու տասնամյակ, Հայաստանը՝ չէ։ Հիմա էլ որոշ մարդիկ քաղաքական էժան շահի կամ պարզապես գումարի համար «պարտվել ենք» ղժղժալով ֆռֆռում են թերթերով ու եթերներով, միգուցե չհասկանալով ինչ վնաս են հասցնում հայկական պետությանը, հընթացս բարոյալքելով երիտասարդությանը (թշնամու ջրաղացին ջուր լցնելը պոզով-պոչով չի լինում)։ Հետո, պատերազմի այս հանգրվանը «երկրորդ եղեռն» կոչելը ոչ միայն նսեմացնում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, այլև հայ քաջ զինվորների սխրանքը, որ գեներալիտետի տոտալ անհամապատասխանության պայմաններում պատվով կռվեցին և զոհվեցին մարտի դաշտում։ Զինվորը զոհվում է կռվում, բայց երբեք զոհ չէ, պարոն հեղինակ և պարոն խմբագիր։ Ուրեմն, 37 թվի Հայաստանի մտավորականության ջարդը և ժողովրդին սիբիրները քշելը եղեռն չէր, 90-ականների ադրբեջանցի հայերի պոգրոմները և հայրենազրկումը «եղեռնի չի քաշում», բայց քաղաքականապես անհարմար ղեկավարի օրոք կրած ռազմական անհաջողությունը, թեկուզ կատաստրոֆիկ մակարդակի, եղե՞ռն դարձավ։ Էդքան մի էժանացրեք և էժանացեք։ Պարոն Գլխավոր խմբագիր, դուք համակարծի՞ք եք հեղինակի տարած զուգահեռին։ Հարգանքներիս հավաստիքը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930