Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն՝ Փարիզին. «Ձեր գործը չէ, թե ինչ ենք անում, մենք Մոսկվայի հետ մեր հարցերը լուծել ենք»

Հունիս 09,2021 12:00

Մեր տարածաշրջան Ֆրանսիայի վերադարձի հնարավորությունը Ալիեւի իշխանության համար, մեղմ ասած՝ անհասկանալի ու անընդունելի է

Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական քարոզարշավի մեկնարկի համար Հայաստանի բարեկամ երկիր՝ Ֆրանսիա կատարած այցով որոշեց քարոզչական դրական մթնոլորտ ձեւավորել:

Ֆրանսիայի առաջնորդի գնահատականներն, անշուշտ, հայանպաստ էին: Մակրոնը ընդգծեց, որ Հայաստանն այս պահին ճգնաժամային իրավիճակում է գտնվում, միաժամանակ ընդգծեց, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել եւ առաջին հերթին ռազմագերիների եւ այլ ձերբակալվածների վերադարձի հարցում, ինչպես նաեւ շեշտեց, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի մինչեւ մայիսի 11-ի ելման դիրքեր, եւ որ սահմանագծման գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

«Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր մենք նկատում ենք, որ եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է, բայց անելիքները շատ են, Ֆրանսիան պատրաստ է օգնել այս հարցում: Առաջին հերթին խոսքս վերաբերում է ռազմագերիների ազատ արձակմանը, ինչպես նաեւ մյուս բանտարկյալների, նաեւ մարդասիրական օգնության հարցը, տարածքների ականազերծումը, նաեւ շատ կարեւոր հարց է ժառանգության պահպանությունը Լեռնային Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում` լինի թե՛ քրիստոնեական եւ թե՛ մահմեդական ժառանգություն, պետք է անպայման պահպանվի», նկատեց Մակրոնը` շարունակելով. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի կողմերը դեէսկալացիայի հասնեն, եւ հաստատվի երկխոսություն։ Դրանից բացի, ուզում եմ նաեւ խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել եմ պարոն Փաշինյանին եւ հրապարակայնորեն հենց մայիսի 13-ից, սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, եւ ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, եւ ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11-ի դրությամբ եղած ելման դիրքեր»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության կողմից արձանագրումը, հրադադարը փխրուն է, որ Բաքուն չի վերադարձնում հայ ռազմագերիներին եւ ամենագլխավորը՝ ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, արձանագրումներ են, որ օրինակ՝ պաշտոնական Մոսկվան, որպես «չեզոք» խաղաղապահ՝ այդպես էլ չի անում:

Փարիզի կողմից Հայաստանի հանդեպ վերաբերմունքի ընդգծումը, պետք է հասկանալ, որ ցանկացած իշխանության պարագայում կլիներ նույնը: Իսկ այն, որ Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում, նույնպես միանգամայն սպասելի արձանագրում է: Թուրք-ադրբեջանական տանդեմի ամրացումը, մյուս կողմից՝ ռուսական ազդեցության մեծացումը Հարավային Կովկասում ԵՄ-ի առանցքային պետություններից մեկի համար կարեւոր է:

Պատահական չէին Հայաստանի բարեկամական երկրի առաջնորդի կողմից հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի կողմից ջղաձիգ մեկնաբանությունները: Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանեց հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունները, պատասխանեց միջազգային կառույցների կոչերին ու հորդորներին՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Եվրամիությանը։

Ադրբեջանը կողմ է սահմանային հարցերի խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով եւ պաշտպանում է միջազգային հանրության կոչերը՝ սկսելու երկու երկրների սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան։ Ադրբեջանը պաշտպանում է եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկները Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի համար, ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած մեկնաբանությունում: «Այդ գործընթացը կարող է սկսվել միայն տարածքային ամբողջականությունը ճանաչելու եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը հարգելու դեպքում, ինչը պայմաններ կստեղծի խաղաղ համակեցության համար», – պատասխանեց Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ նշեց, թե նրանք ինչով կարող են զբաղվել, «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հերթին կարող են աջակցել եռակողմ հայտարարության իրականացմանը՝ պայմաններ ստեղծելով տարածաշրջանի խաղաղության եւ զարգացման համար»։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության նույն օրը, ԵՄ-ն եւս հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները վտանգավոր ու մտահոգիչ համարվեցին։ Եվրամիությունը Բաքվին հորդորել էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին ու ձերբակալվածներին։ Ապա` հեռախոսազրույց էր տեղի ունեցել Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ, որոնք քննարկել էին վերջերս Ադրբեջանի կողմից գերեվարված Հայաստանի վեց զինծառայողների խնդիրը։ Հեռախոսազրույցը կայացել էր եվրոպացի դիվանագետի նախաձեռնությամբ։ Բայրամովը նույն պնդումներն էր արել, ինչ պատասխանել էին Մինսկի խմբի համանախագահներին, թե՝ «հայ զինծառայողները գերեվարվել են Ադրբեջանի տարածքը ականապատելու ժամանակ»։ Տոյվո Կլաարի ու Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցում անդրադարձ էր կատարվել նաեւ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Բայրամովն ասել էր, թե տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, եւ որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը եռակողմ հանձնաժողով ստեղծել սահմանազատում եւ սահմանագծում կատարելու համար։

Ինչ վերաբերում է Փարիզի ակտիվությանը, ապա այս դեպքում Բաքվից պաշտոնական հակադարձումներն ավելի ջղաձիգ էին: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի մակարդակով ոչ ավել, ոչ պակաս արձանագրվեց, թե Բաքուն չի տեսնում Փարիզի դերակատարությունը Ղարաբաղում կրակի դադարեցման գործում, այդ գործընթացն ապահովվում է երեք երկրների առաջնորդների եռակողմ հայտարարության հիման վրա: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաեւան նշել էր. «Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան առանձնահատուկ համակրանք ունի Հայաստանի նկատմամբ, բայց որպես Մինսկի խմբի համանախագահ, այդ երկիրը պետք է չեզոքություն պահպանի: Հույս ունենք, որ համաձայն համանախագահի մանդատի` Ֆրանսիան կցուցաբերի չեզոք եւ ոչ կանխակալ դիրքորոշում»:

Այդպիսով, Բաքվի պնդմամբ՝ «Ֆրանսիան չի կարող որեւէ դեր կատարել հրադադարի ապահովման հարցում», իսկ Փարիզում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հայտնած տեղեկությանն ի պատասխան, թե իրադրության հաղթահարման իր ներկայացրած առաջարկը Ֆրանսիայի համար ընդունելի է, Բաքուն անմիջապես նկատել տվեց, թե Ֆրանսիայի հատուկ դերակատարություն չի ընդունի, ու որ Ադրբեջանն այդ օգնության կարիքը չունի: Անդրադառնալով Փարիզում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հնչեցրած մեկնաբանություններին, Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաեւան ասել էր, թե հրադադարը պահպանվում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, դրա ռեժիմն ապահովում են Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը. «Մենք Ֆրանսիայի որեւէ դեր չենք տեսնում»: Աբդուլաեւան անդրադարձել էր գերիների հարցին՝ ասելով, թե ադրբեջանական կողմը մշտապես ընդունել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, սակայն այն չի կարող գործել «եռակողմ հայտարարության ընդունումից հետո ներթափանցած դիվերսանտների նկատմամբ»:

Ի դեպ, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել էր նաեւ անհետ կորածների, Հայաստանի դիահերձարաններից մեկում ոչ պատշաճ պայմաններում աճյունները պահելու սկանդալը, հավելելով, թե՝ ադրբեջանական կողմը՝ «կատարել է մարդասիրական կանոններով ստանձնած բոլոր պարտավորությունները եւ ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ հայտնաբերված մոտ 1600 դիերը փոխանցել է հայկական կողմին»: Խոսելով սահմանազատման եւ սահմանագծման թեմայով՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Բաքուն այդ գործընթացն իրականացնելու կողմնակից է, եւ այն պետք է կարգավորվի բանակցային եղանակով: Անդրադառնալով կողմերի ուղիղ երկխոսության հնարավորությանը՝ խոսնակն ասել է, թե այն արդեն ընթանում է, 2020թ. նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից եւ 2021-ի հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանը եւ Ադրբեջանը շփումներ են իրականացնում փոխվարչապետների մակարդակով, եւ Ֆրանսիան այդ գործընթացում որեւէ դեր չի կատարում: «Ափսոսանքով պետք է փաստենք, որ թեպետ Ֆրանսիան 1997-ից ի վեր ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող է, ֆրանսիական կողմը ոչ մի անգամ հայկական ուժերին չի դիմել Ադրբեջանի գրավյալ տարածքներից հեռանալու կոչով, չնայած դա են պահանջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը», – ասել է խոսնակը:

Բաքուն, այսպիսով, հարկ համարեց արդեն Ֆրանսիայի ակտիվությունը քննադատել՝ տարածաշրջան Ֆրանսիայի վերադարձի մասին հայտարարությունն անհասկանալի որակելով: Այն, որ Ադրբեջանը վաղուց ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիային համարում է հայամետ եւ ոչ չեզոք պետություն, նորություն չէ: Ուշագրավն այն է, թե ինչպես պաշտոնական Բաքուն մատուցեց Ֆրանսիայից իր դժգոհությունը, մատնացույց անելով, որ խաղաղությունը տարածաշրջանում պահպանվում է բացառապես Մոսկվայի ջանքերով ու ռուս խաղաղապահների միջոցով:

Ըստ էության, մենք ականատես ենք դառնում, թե ինչպես ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ որեւէ քննադատությանն ի պատասխան՝ Բաքվից մոտավորապես այս տոնայնությամբ են հակադարձում՝ «ձեր գործը չէ, թե ինչ ենք անում, մենք Մոսկվայի հետ մեր հարցերը լուծել ենք»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930