Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կարելի է ստեղծել հաշվեհարդարի մթնոլորտում

Հունիս 09,2021 15:00
hivand

Եվ ինչո՞ւ ներում շնորհվեց ГКЧП անդամներին եւ Ռուցկոյ-Խասբուլատովին

1991 օգոստոսին (արդեն գրեթե 30 տարի առաջ) խորհրդային վերնախավի մի մասը փորձ արեց իշխանությունից հեռացնել երկրի այն ժամանակվա ղեկավար Գորբաչովին՝ ձգտելով, ինչպես իրենք էին ասում, կանգնեցնել Խորհրդային Միության փլուզումը: Հեղաշրջման փորձը հաջողությամբ չպսակվեց. Արտակարգ դրության պետական հանձնաժողովի (ГКЧП) անդամները ձերբակալվեցին, եւ ուղարկվեցին «Մատրոսկայա տիշինա» բանտը: Սակայն հետագայում ГКЧП-ի բոլոր անդամները Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինից ներում ստացան ու ազատ արձակվեցին:

1993 թվականի հոկտեմբերին նույն Ելցինի եւ ՌԴ Գերագույն խորհրդի միջեւ սուր հակամարտություն սկսվեց: Հնչեցին կրակոցներ, «Սպիտակ տունը» (ԳԽ) տանկային հարվածներ ստացավ, եղան զոհեր: Այս խռովությունն էլ տապալվեց. Ելցինի դեմ դուրս եկած ԳԽ նախագահ Խասբուլատովը եւ ՌԴ փոխնախագահ Ռուցկոյը ձերբակալվեցին: Սակայն 1994 թվականին Պետական դուման նրանց նկատմամբ համաներում կիրառեց եւ ազատ արձակեց` չնայած Ելցինը դրան դեմ էր: Երկու դեպքում էլ, ի դեպ, գործը չհասավ դատաքննությանը:

Թե ո՞վ էր ճիշտ, իսկ ո՞վ՝ սխալ այդ երկու հակամարտություններում, առանձին վերլուծության թեմա է: Ես կցանկանայի այս պատմությունների մեջ առանձնացնել ներման եւ համաներման փաստը: Ինչի՞ համար էր դա արվում: Դժվար է ենթադրել, որ, օրինակ, Ելցինը շատ էր համակրում կոմունիստական «պուտչիստներին»: Բայց պետական մտածողություն ունեցող մարդը հասկանում է հետեւյալ իրողությունը. թե՛ ГКЧП-ի անդամները, թե Խասբուլատով-Ռուցկոյ զույգն ունեին միլիոնավոր համակիրներ. շարունակել հակամարտությունն այդ պարտված խմբերի հետ, շարունակել պահել նրանց բանտում՝ նշանակում էր մի կողմից հերոսացնել նրանց, մյուս կողմից՝ գրգռել նրանց կողմնակիցներին: Հետեւաբար, մի դեպքում՝ ՌԴ նախագահը, մյուս դեպքում՝ Պետդուման, ճիշտ որոշումներ ընդունեցին: Մանավանդ, որ հետագայում, օրինակ, Ռուցկոյը դարձավ Կուրսկի մարզի նահանգապետ՝ շարքային «հետխորհրդային» պաշտոնյա՝ կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներով, եւ աֆղանական պատերազմի հերոսի ու հանուն արդարության պայքարողի լուսապսակը «տարալուծվեց» օդի մեջ:

Նմանատիպ օրինակ կարելի է բերել նաեւ Հայաստանի պատմությունից: Խոսքը դարձյալ 1990-ականների սկզբի մասին է, եւ այդ փաստը հիշեցրել է Տեր-Պետրոսյանը իր վերջին ելույթում. «Ի տարբերություն ետխորհրդային մի շարք այլ երկրների, որոնցում կոմունիստական նախկին իշխանությունների նկատմամբ վենդետա կիրառվեց, Հայաստանում դա տեղի չունեցավ: Ինչը եւ ապահովեց Հայաստանում լուրջ քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման, երկրի կայունացման եւ Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակի հիմքը»:

Կոմունիստները ՀՀՇ-ի համար «նախորդ հանցավոր ռեժիմ չէին», կառավարության զգալի մասը նախկին իշխող կուսակցության անդամներից էր բաղկացած: Դա, չնայած այն փաստին, որ նույն կոմունիստների իշխանության օրոք, եթե ոչ նրանց խրախուսմամբ, 1990 թվականի մայիսի 27-ին մայրաքաղաքի կայարանում եւ Երեւան-Նուբարաշեն խճուղում հայկական ինքնապաշտպանական ուժերի եւ խորհրդային զինվորների միջեւ տեղի էին ունեցել բախումներ, որոնց արդյունքում զոհվել էին 27 ազատամարտիկ եւ խաղաղ բնակիչներ: Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀՇ-ն նախաձեռներ 2-3 տարվա անվերջանալի դատավարություն Սուրեն Հարությունյանի եւ մյուս ղեկավարների դեմ՝ համապատասխան քարոզչական «նվագակցությամբ»: Կասկածում եմ, որ այդ պարագայում մենք կկարողանայինք պատերազմում հաղթանակ տանել: Այստեղ խնդիրը ոչ միայն կոմունիստների համակիրների, այլեւ «հնից մնացած» պետական ապարատի դիմադրության մեջ կլիներ:

Դառնանք այսօրվա իրավիճակին: Փաշինյանն ընտրողներից «պողպատյա մանդատ» է ուզում, որը կարող է նշանակել միայն մի բան. շարունակել ատելության եւ վրեժխնդրության քաղաքականությունը՝ այս անգամ ձգտելով, որ դատարանները նույնպես հայտնվեն իշխանության գրպանում եւ ընդունեն վարչապետին հաճո որոշումներ: Այդ ամենը տեղի է ունենալու համապատասխան զանգվածի հրճվալից աղաղակների տակ եւ քարոզչական «դըմփ-դըմփ-հու՜»-ով: Քոչարյանը, ավելի փորձառու եւ խորամանկ լինելով, ուղիղ տեքստով նման մանդատ չի ուզում: Բայց ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ նրա հաղթանակից քիչ անց Փաշինյանի եւ մի շարք այլ մարդկանց հանդեպ սկսվելու են քրեական հետապնդումներ՝ մասնավորապես, «պետական դավաճանության» հոդվածով: Դրանից դարձյալ շատերը կհրճվեն, իսկ նոր իշխանությունների քարոզիչները կթմբկահարեն դա որպես «արդարության հաղթանակ»: Երկու դեպքում էլ հաշվեհարդարի մթնոլորտում անհնարին կլինի վերականգնել պետական կառույցների բնականոն աշխատանքը, ուժեղացնել բանակը: Երկու դեպքում էլ իրավիճակը նպաստելու է արտագաղթին, ինչպես նաեւ մտավորական շերտի՝ հասարակական խնդիրներից փախուստին (որը նույնքան վատ է):

Կհարցնենք, իսկ ո՞րն է լուծումը: Անկեղծորեն ասեմ՝ այս երկու շաբաթում ոչ մի լուծում էլ չեմ տեսնում: Բայց լավ լուրն այն է, որ այս վիճակը չի կարող 2-3 տարուց ավելի տեւել: Հետեւաբար, պետք է պատրաստվել նոր հանգուցալուծումներին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930