«Հանրապետություն» կուսակցության Շիրակի մարզային շտաբի պետ Արթուր Սարուխանյանն այսօր մեր հետ զրույցում ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղի ներկայացուցիչները սկսել են ցուցակագրել մարդկանց:
Ըստ Արթուր Սարուխանյանի, անձամբ է տեսել, թե ինչպես էին երկու կին փորձում «Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի մարզային գրասենյակի հարևանությամբ գտնվող շենք մտնել՝ մարդկանց ցուցակագրելու նպատակով։
Շենքի բնակիչները, ըստ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչի, հարցրել են՝ ո՞վ է ուղակել։ Կանայք պատասխանել են՝ ԲՀԿ-ն ու պարզաբանել, որ եկել են ներկա-բացակա անելու։
«Շենքի կանայք սկսեցին գոռալ, ասելով՝ ամեն ընտրությունների գալիս եք, ի՞նչ եք ուզում, հարգեք գոնե զոհերին»,-ասաց Արթուր Սարուխանյանը։
Կարդացեք նաև
ԲՀԿ-ի տվյալ տարածքի շտաբի պատասխանատու Վարդևան Գրիգորյանն էլ հերքեց այդ տեղեկատվությունը։
«Այս գործընթացից առնվազն 5000 կիլոմետր հեռու մարդը կարող է նման բան ասել։ Ո՞վ ռիսկ կանի, ո՞վ կհամաձայնի նման բան անելու, տրամաբանություն չկա։ Կասե՞ք դրա անհրաժեշտությունը որն է, երբ մենք պաշտոնապես քարոզում ենք՝ ԲՀԿ-ին ընտրելու, ի՞նչ է նշանակում ցուցակագրել՝ բնամթերք պիտի տա՞նք, թե՞ փող։ Նորից եմ կրկնում, էդ գործընթացից 5000 կիլոմետր հեռու մարդիկ են նման կարծիք հայտնում»,- ասաց Վարդևան Գրիգորյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ