Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախընտրական Գյումրի․ շտաբերի ղեկավարներն՝ այս քաղաքում տիրող մթնոլորտի մասին

Հունիս 08,2021 23:23

Գյումրիում բավական հանգիստ մթնոլորտ է, քաղաքական ուժերից դեռ ոչ մեկը քարոզարշավի պաշտոնական մեկնարկի երկու օրերի ընթացքում այս քաղաք չի այցելել։ Վաղը կայցելի Նիկոլ Փաշինյանը։

Որոշ կուսակցություններ ընտրել են քարոզարշավի անցկացման, այսպես ասած, արևմտյան մոդելը, նրանք տաղավարներ են տեղադրել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց, անցնող-դարձող քաղաքացիներին բուկլետներ են բաժանում, նրանց հետ զրույցի բռնվում։ Մենք այցելեցինք մի քանի կուսակցությունների ու դաշինքների շտաբներ՝ պատասխանատուներից հետաքրքրվելով տիրող մթնոլորտի, հնչող ահազանգերի մասին։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի համակարգող, «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուներից Կարապետ Պողոսյանը, գնահատելով քարոզարշավի պաշտոնական մեկնարկը Շիրակի մարզում ու տիրող մթնոլորտը, կարծիք հայտնեց, որ դեռևս ամեն ինչ հանգիստ է, նույնիսկ տպավորություն ունի, թե քարոզարշավը Շիրակի մարզում չի էլ սկսվել։ Ըստ նրա, յուրաքանչյուր շտաբ դեռ զբաղված է կազմակերպչական աշխատանքներով։

«Ինձ թվում է՝ ավելի ակտիվ քարոզարշավ կսկսվի մեր մոտ վաղը կամ մյուս օրվանից սկսած, երբ որ յուրաքանչյուր թիմ որոշի կամ արդեն որոշել է՝ ինչպես իրականացնի իր քարոզարշավը։ Բնականաբար, տարբեր լուրեր ենք լսում ընտրակաշառքների մասին, սակայն դեռ ճշտված չեն, և ես ինձ թույլ չեմ տալիս հայտարարելու, որ կան նման երևույթներ։ Շատ հնարավոր է, որ գուցե կան ակնկալիքներ հասարակության ինչ-որ խավի կողմից և դրա համար էլ նմանատիպ լուրեր տարածում են։ Թե ինչ կլինի առաջիկա օրերին, միանշանակ դժվար է ասել, որովհետև Հայաստանում ամեն ինչ շատ աննախատեսելի է, դուք լավ գիտեք, որ վերջին երեք տարիների ընթացքում մեր հասարակությունը գործող իշխանությունների կողմից բավականին պառակտվել է։ Եվ դեռևս այն պահից սկսած, երբ որ բաժանվեց սևերի ու սպիտակների, դա հասարակության մեջ մտցրեց որոշակի ծայրահեղականություն և հիմա ասել, որ քարոզարշավը խաղաղ կընթանա ամբողջովին, չեմ կարող ասել, բայց հույս ունեմ խաղաղ կընթանա։

Իմ տեղեկատվությամբ, վաղը կապիտուլյանտը գալու է Գյումրի, ես այդտեղից սկսած վախենում եմ՝ գիտենալով իր բնավորությունը մանիպուլյացիաների, պրովոկացիաների գնալը։ Վաղվանից սկսած՝ գուցե էս անդորրը հենց ինքը սկսի խախտել, որովհետև էդ մարդու էությունը հասարակությունը պառակտելն է, որը վերջին երեք տարիներին մենք, ցավոք, ունեցանք»,-ասաց Կարապետ Պողոսյանը։

«Լուսավոր Հայաստան» շտաբի ղեկավար Սարիկ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քարոզարշավը լավ էլ ակտիվ է և ամենևին էլ խաղաղ չէ։

«Փառք Աստծո, դեռ ֆիզիկական բռնություններ չեն եղել, բայց եթե այս տեմպերով, այս բառապաշարով շարունակեն ձեզ հայտնի քաղաքական գործիչները, մենք, ցավոք սրտի, նման տեսարաններ էլ կունենանք։ Եվ կունենանք այդ պատկերը բոլոր տեղանքներում, բոլոր մարզերում անխտիր։ Նրանց բառապաշարը հարիր չէ մեր ազգին, մանավանդ հետպատերազմյան այս ծանր իրավիճակում։ Միայն համախմբման, մեկս մյուսիս նկատմամբ հարգանք ու դրական էմոցիաներ փոխանցելու դեպքում կկարողանանք առաջ շարժվել։ Իսկ նման բառապաշարի կիրառմամբ, կարծում եմ, լավ տեղ չենք գնա»,-ասաց Սարիկ Մինասյանը։

«Հանրապետություն» կուսակցության Շիրակի մարզային շտաբի ղեկավար Արթուր Սարուխանյանն էլ այսօր մեզ հետ զրույցում պատմել էր, որ քարոզարշավը սկսվել է սկանդալով․ Ռոբերտ Քոչարյանին սատարող տարեց մի կին եկել ու իրենց սպառնացել էր հավաքել Գյումրու կենտրոնում տեղադրված տաղավարը՝ հայտարարելով, որ այս երկրում միակ մարդը Ռոբերտ Քոչարյանն է։ Կնոջ պահվածքը դարձել էր վիճաբանության, քաշքշոցի թեմա, թաղի բնակիչները սկսել էին նրան կարգի հրավիրել, միջամտել էր ոստիկանությունը։

Այս դեպքի առնչությամբ մեզ պարզաբանում էր ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուներից Կարապետ Պողոսյանը։ Նա հակադարձել էր, որ Քոչարյանի անունից մարդ ուղարկելն ու սպառնալը իրենց գործելաոճը չէ, դա ապատեղեկատվություն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930