Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան․«ՌԴ-ում կրթություն ստացած մեր զինվորականները վերադառնում են ու ասում՝ մեզ բանակ պետք չի, մենք չենք կարողանալու մեզ պաշտպանել»

Հունիս 08,2021 23:07

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն այսօր Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով արտաքին գործերի փոխնախարարների հրաժարականին, դա համարեց դավաճանություն։

«Նախօրերին Գերմանիայի արտգործնախարարը նախաձեռնել է հեռախոսային խոսակցություն Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իր գործընկերների հետ։ Քննարկման նյութն էլ Ղարաբաղն է եղել։  Առաջիկայում հանդիպելու են ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները եւ օրակարգի հարցերից մեկն էլ վերաբերում է մեզ, Արցախին, Թուրքիայի  նոր դերակատարությանն եւ այլն։ Եւ ի՞նչ, Հայաստանի արտգործնախարարն է հրաժարական տալիս, նայեք՝ որ երկրներն են Հայաստանի,  հայ ժողովրդի, Արցախի հարցերով այս պահին  քննարկումներ ծավալում եւ անհրաժեշտություն կա, չէ՞ նաեւ քննարկել հայ գործընկերոջ հետ, թե՝ մեր առաջնահերթություններն ու անելիքներն որոնք են։ Նախարարը չկա, նախարարի տեղակալները չկան, բա սա դավաճանություն չէ՞  մեր պետության առաջ, ժողովուրդ ջան։ Ո՞նց  կարելի էր այս ճակատագրական պահին գնալ այսպիսի սրիկայության։ Շատ պարզ, այս մարդիկ հայրենիք, պետություն, պետականություն, այս զգացողությունները չունեն։ Եւ պատահական չէ, որ իրենք ուղղակի մեղսակցություն ունեն այս պատերազմի մեջ, որովհետեւ իրենք են  իրենց անգործությամբ, իրենց դիվանագիտական աշխատանքում, միայն փողի ու շահի հետեւից ընկած լինելու պատճառով պետությունը հասցրել այս վիճակին, այս պատերազմին, որովհետեւ հենց բանակները սկսում են իրար վրա կրակել, նշանակում է դիվանագիտությունն այդտեղ այլեւս ձախողված է»։

Ապա պարոն Բաբաջանյանը բանակի մասին մի բան պատմեց, որն իրեն էլ պատմել է նախկին նախարարներից մեկը, չնշելով, թե ով է այդ նախարարը․«Պաշտպանության նախարարներից մեկը պատմում էր, որ մեր զինվորականները, որոնք իրենց կրթությունը ստանում են Ռուսաստանի Դաշնությունում, վերադառնում են, միակ բանը, որ նրանք անում են բանակում, ասում են՝ մեզ  բանակ պետք չի, մենք չենք կարողանալու մեզ  պաշտպանել։ Մինչդեռ Հունաստանում կրթություն ստացող մեր զինվորականները գալիս են եւ խոսում են սեփական բանակ ունենալու անհրաժեշտության մասին։ Եւ մենք, պարզվում է, երկար ժամանակ նաեւ ստիպված ենք եղել թաքցնել որոշ թվեր այն ուսանողների մասին, որոնք ուղարկվում էին Արեւմուտք եւ ուղարկվում էին Ռուսաստան, որովհետեւ Ռուսաստանը մշտապես ցանկանում էր ավելի շատ ուսանողներ ունենալ եւ հավաքագրված  ներկայություն մեր բանակում։ Բանակի այսօրվա վիճակի պատճառներից ամենամեծը սա է։ Այս մարդիկ սեփական հայրենիքը պաշտպանելու, սեփական բանակ ունենալու, այդ բանակը հզորացնելու օրակարգ եւ նպատակ չեն ունեցել։ Եւ այս արհավիրքը հավաքական պատասխանատուների շրջանակ է ենթադրում՝ դիվանագետից մինչեւ այսպես կոչված գեներալներ, որոնք «գանգստերներից» չեն տարբերվում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930