Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տղաները շարունակում են գերեվարվել ռուսական այսպես կոչված խաղաղապահ զորքերի քթի տակ». Վահե Գասպարյանը՝ Էրեբունու բնակիչների հետ հանդիպման ժամանակ

Հունիս 08,2021 22:44

«Ինքնիշխան Հայաստան, հաղթական ապագա» վանկարկումներով, «Ո′չ նախկին, ո′չ ներկա՝ ազգային ապագա» կարգախոսով Ազգային-ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչները նախընտրական հանդիպում անցկացրին Երևանի Էրեբունի, Ավան վարչական շրջանի բնակիչների հետ:

Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը հայտարարեց՝ իրենք գալիս են խորհրդարան, որ պայքարի նոր ճակատ բացեն ու շարունակեց. «Նոր ճակատ ենք բացելու խորհրդարանում: Երեսուն տարի շարունակ մենք փոխում էինք անձերին, բայց պահում համակարգը: Մեր ղեկավարները սպասարկում էին Կրեմլին»:

ԱԺԲ վարչապետի թեկնածուն հայտնեց՝ դիմել են ԱՄՆ-ին՝ ԱՄՆ ոչ ՆԱՏՕ գլխավոր անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու համար:

Նա վստահեցրեց՝ շուտով ականատես կլինենք պուտինյան ռեժիմի փլուզմանը: Խոսելով ՌԴ-ի ցանկությունների մասին՝ Վահե Գասպարյանն ասաց. «Ռուսաստանը ցանկանում է Սյունիքը ևս օտարել Հայաստանից և միացնելով Արցախին՝ դարձնել ռուսական անկլավ»:

Միևնույն ժամանակ հավաստիացրեց՝ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, և արևմտյան դաշնակիցներն արդեն սկսել են մեզ լսել ու մեզ հետ երկխոսել:

Վահե Գասպարյանը վստահեցրեց՝ իրենց քաղաքական ուժի համար առաջնային է նաև գերիների հարցը ու հայտարարեց. «Քանի դեռ մենք կմնանք Ռուսաստանի տիրույթում, գերիների հարցը լուծում չի ստանա: Մեր տղաները հանդիսանում են պատանդ Կրեմլի ձեռքում: Նրանք այդ տղաների գոյությունն օգտագործում են ներկա իշխանություններից վերջին զիջումները կորզելու ի դեմս Մեղրիի միջանցքի և այսպես կոչված սահմանների սահմանազատման: Միայն դրանից հետո հնարավոր կլինի գերիների հարցի լուծում՝ ՌԴ հայեցողությամբ: Գերիների հարցի լուծումը հնարավոր կլինի միայն երկրում ազգային ինքնիշխան պետականության կայացման դեպքում, երբ մեր արևմտյան դաշնակիցների հետ միասին հնարավոր կլինի ճնշում գործադրել Ադրբեջանի և Մոսկվայի վրա օր առաջ ազատելու տղաներին: Այդ տղաները շարունակում են գերեվարվել ռուսական այսպես կոչված խաղաղապահ զորքերի քթի տակ»:

Վահե Գասպարյանն ասաց՝ իրենց պաշտպանական հիմնական հայեցակարգն է՝ նախ ձեռք բերել ԱՄՆ դաշնակցի կարգավիճակ և հետո ըստ ազգ-բանակ կոնցեպտի ստեղծել ոզնու փիլիսոփայություն ունեցող և համալիր ինքնապաշտպանության ունակություն ունեցող մի պետություն: ԱԺԲ-ն պատրաստվում է իշխանության գալուց հետո զինել սահմանապահ բնակչությանը:

ԱԺԲ ներկայացուցիչները լսեցին նաև Էրեբունու բնակիչներին, պատասխանեցին նրանց հարցերին:

Երբ հայտարարվեց, որ կարող են իրենց հարցերով դիմել ԱԺԲ ներկայացուցիչներին, էրեբունցիներից մեկը հայտնեց՝ շնորհակալություն ձեզ, բայց մենք ընտրում ենք «Հայաստան» դաշինքին: Մի կին էլ Վահե Գասպարյանին հարցրեց. «Ինչո՞ւ պատերազմի ժամանակ չհայտարարեցիք, որ բոլորը գնային, միայն մեր երեխաները գնացին»: Վահե Գասպարյանը պատասխանեց. «Սասնա ծռերի ջոկատը գնացել է, մեր երկու տղաներն էլ դեռ բուժում են ոտքերը, իսկ մյուսներին Նիկոլ Փաշինյանը թույլ չի տվել, որ գնան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930