ԱՄՆ պետքարտուղարի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ մտահոգություն հայտնելով հայ զինվորների գերեվարման կապակցությամբ:
«Վերջին շրջանում մենք շատ մտահոգված էինք Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով զարգացումներից, այդ թվում ադրբեջանական ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարումից և ականի վրա երկու լրագրողների պայթելու ողբերգական մահվան վերջին միջադեպից: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետևանքով չափազանց շատ զոհեր են եղել, և մենք մտահոգություններ ունենք, որ սահմանի վրա իրավիճակը կարող է սրվել: Մենք կոչ ենք անում կողմերին շուտափույթ և խաղաղ ճանապարհով լուծել այդ միջադեպերը: ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի չգծանշված հատվածների երկայնքով ցանկացած շարժում կարող է լինել սադրիչ և անտեղի: Մենք մերժում ենք ուժի կիրառումը, որպեսզի կատարվի սահմանի գծանշում, և կոչ ենք անում կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքեր ու դադարեցնել չգծանշված սահմանի ռազմական ամրացումները և ականների տեղադրումը»,- ասել է Ռիկերը:
Նա նաև կոչ է արել կողմերին հնարավորինս արագ վերադառնալ սուբստանտիվ բանակցությունների դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև քաղաքական կարգավորման: «ԱՄՆ-ը կշարունակի աշխատել միջազգային մարդասիրական կազմակերպությունների, ինչպես նաև մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ լուծում տալու տարածաշրջանի մարդասիրական կարիքներին: Բայց միայն հակամարտության խաղաղ լուծման պարագայում է, որ Հարավային Կովկասի ժողովուրդները կարող են իրապես ծաղկել և բարգավաճել»,- ասել է Ռիկերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ