Այսօր Loft սրճարանում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 44-օրյա պատերազմին։
Նա ասաց, որ լավ հիշում է պատերազմի օրերին, թե թիկունքն ինչպես էր պատրաստվում․«Էրեխեքն անընդհատ աչքիս առաջ են՝ պոպոկ էին ծախում, գործք էին անում, ցանց էին գործում։ Ժողովուրդն,իսկապես, ամեն ինչ արեց այդ հաղթանակը հաղթանակ դարձնելու համար։ Եթե ինչ-որ բան չի ստացվել, ոչ մի կռված տղա, ոչ մի դպրոցական, ուսուցիչ, սփյուռքի գումար ներդրող մեղք չունի, նրանք ամենն արել են։ Պարտվեցինք զուտ քյալագյոզության, ոչ հաշվարկի, դիվանագիտության բացակայության պատճառով եւ այսօր վայելում ենք այդ արդյունքները»։
Պարոն Մանուկյանի կարծիքով՝ պատերազմն ավարտված չէ, քանի դեռ ունենք գերավարվածներ, որոնց մեջ կան կանայք, քանի դեռ սահմանները պաշտպանված չեն, քանի դեռ մեր սահմանների մի մասը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ, եւ այդ խնդիրը դեռ շարունակվում է․«Բացառված չէ, որ էսկալացիա լինի, այդ էսկալացիան կախված է լինելու նաեւ մեր ներքին գզվռտոցից, ինչի համար երկու քաղաքական ուժ իրար են «հագել»՝ ահավոր գռեհիկ, փողոցային բառապաշարով, իրար վիրավորելով, սպառնալով, հայհոյանքով, եւ լավ բան չի սպասվում»։
Արամ Մանուկյանն ասաց, որ հանդիպման ներկաներից շատերի մարմնում դեռ բեկորներ կան, բայց պետությունն այդ մարդկանցով չի զբաղվում․«Կա պրոթեզների խնդիր, վիրահատությունների ու թոշակների խնդիր, հազար ու մի հարց կա»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ