Լրահոս
Օրվա լրահոսը

Գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանը պատասխանում է Փաշինյանին․ «Գերեվարվածը երբ գիշերը քնում է, ցանկանում է առավոտյան չարթնանալ»

Հունիս 08,2021 21:35

Այսօր Loft սրճարանում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ՀԱԿ նախընտրական ցուցակում ընդգրկված, պատգամավորի թեկնածու, 44-օրյա պատերազմի մասնակից եւ ադրբեջանական գերությունից վերադարձած Պերճ Ավետիսյանը հանդիպել են  Արցախյան պատերազմի մասնակիցների հետ։

Լեւոն Զուրաբյանը մինչ քննարկումը սկսելը, դիմելով պատերազմի մասնակիցներին, ասաց․«Ձեր նման մարդկանց ավանդը հարգելու համար մենք որոշեցինք  ընտրական ցուցակում ընդգրկել Պերճ Ավետիսյանին։ Նա կռվել է քաջաբար, գերեվարվել է, երկու ամիս գտնվել է գերության մեջ, նրան խոշտանգել են, ծանր փորձությունների միջով է անցել։ Երբ վերադարձավ, եկավ մեր կենտրոնական գրասենյակ, ու մենք հենց սկզբից տեսանք նրա պայծառ, անկոտրում ժպիտը»։ Պարոն Զուրաբյանը ներկայացրեց  ՀԱԿ այն անդամներին, որոնք մասնակցել են պատերազմին, ապա հոտընկայս  հարգեցին պատերազմում զոհված տղաների հիշատակը։

« Հպարտ ենք, որ Պերճը մեր ցուցակում է»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։

Պերճ Ավետիսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ գերիների մասին հայտարարությանը՝գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար, ասաց, որ նման արտահայտություն անելն անընդունելի է։

«Բարեւ ձեզ, եղբայրներ։ Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել, բայց ես երբեք այդ դժվար ճանապարհը չէի ընտրի, եթե իմ կողքին իմ լավագույնն ընկերները չլինեին։ Նրանց ուժը, որ տվել են ինձ, դա ստիպում է ինձ հաղթահարել դժվարությունները։ Ես ունեմ լավ հրամանատար, լավ ընկերներ այնտեղ, բայց պարզագույն, փոքրիկ բան եմ ուզում ասել ուղղված ներկայիս վարչապետին՝ երբ նա ասում է՝ գերիները թող մեկ-երկու ամիս համբերեն,  հետո կգան, մեզ կներեն։ Ես  կփորձեմ իրեն ասել, որ ոչ ոք, եթե գերության մեջ չի եղել, նա  երբեք չի կարող ասել՝ նա այնտեղ ինչպես է զգում իրեն,  արդյոք վերադառնալուն պես իր այդ պահվածքն իրեն կներեն։ Երբ մարդը գերության մեջ է լինում ու երբ գիշերը քնում է,  նա ցանկանում է առավոտյան չարթնանալ, որպեսզի այդ դժվարությունները նա չապրի։ Պատերազմ անցած, մանավանդ գերության մեջ հայտնված մարդու նկատմամբ այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել։  Թող իրենք իմ այս խոսքն ընդունեն որպես դիտողություն մեր ներկայիս կառավարության անդամները, եթե համակարծիք են վարչապետի հետ։ Դա անընդունելի արտահայտություն է, որ ուղղել է գերեվարվածներին»,-ասաց պարոն Ավետիսյանը։

Քննարկման մասնակիցներից մեկն էլ ասաց՝ ես էլ եմ հրամանատար ունեցել, բայց շատերը հրամանատար չեն ունեցել, շատերին տարել, լցրել են անտառները, ու չեն իմացել ուր գնան։ Պերճ Ավետիսյանն էլ ավելացրեց՝ շատ տղաներ էլ շատ վատ հրամանատարներ են ունեցել, որոնք չեն կարողացել մարտ կազմակերպել, ռազմական մտածողություն, որպես այդպիսին, լիովին բացակայել է իրենց մոտ, անգամ տեղանքի մասին պատկերացում չեն ունեցել, զորքին  որտեղ պետք է տեղաշարժի․«Այդ հրամանատարները  փորձել են իրենց համար օգնականներ բերել, որպեսզի ճանապարհը ցույց տան։ Մեծ հաշվով, այս ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքում մի գնահատական կարելի է տալ՝  մեր հրամանատարների մեծամասնության մոտ իսպառ բացակայել է ռազմական մտածողությունը, մեծ հաշվով, չեն պատկերացրել պատերազմն  ինչ է։ Միայն այն, որ իրենք զորքին տարել են տեղակայման վայր ու այդ ժամանակ իրենք իրենց վարքն անգամ չեն կարողացել կառավարել, որի պատճառով այնտեղ ռմբակոծություն է եղել, զոհեր են եղել, դա ամբողջությամբ  իմ ասածի արձանագրումն է։ Նախեւառաջ, մեր զինվորականների, խոսքը պրոֆեսիոնալներին չի վերաբերում, այլ այն հատվածին, որոնք իսկապես կրթվելու կարիք ունի, որպես ռազմական գործիչ, կրթության վրա պետք է մեծ ուշադրություն դարձնեն»։

Ներկաներից մեկն էլ ասաց, որ պատերազմի օրերին ականատես է եղել զինկոմիսարիատների վատ աշխատանքին, ասաց՝ նրանց պետք է այլ աշխատանքի տեղափոխել։ Հետո մարտի դաշտից խոսեցին, ասացին, որ շատ-շատ խրամատներ կահավորված չէին։ Մեկն էլ ասաց՝  գնացել,  մտել ենք այն խրամատները, որոնք 93 թվին ենք փորել։

Ապա` կրկին խոսք բացվեց գերվարվածների մասին։ Պերճ Ավետիսյանն ասաց․« Ես խոնարհվում եմ բոլոր գերեվարվածների առջեւ, գերեվարվածն այն ուժեղ մարդն է, ով ընտրելով դժվար ճանապարհը, ձգտել է նրան, որ ապրի, գա հայրենիք եւ իր պայքարը շարունակի հանուն Հայաստանի հանրապետության, որովհետեւ  շատ հեշտ է ինքնասպան լինել, գերության չգնալ եւ այդ ամբողջ տառապանքը միանգամից կվերանա։ Բայց ինքն ընտրելով այդ դժվար ճանապարհը, տառապանքների միջով փորձում է անցնել, վերադառնալ հայրենիք, որպեսզի ապրի։ Ես ուզում եմ զինվորներն ունենան այն հոգեբանությունը, այն մտածողությունը, որ զինվորը կռվում է ոչ թե հանուն հայրենիքի մահանալու համար, այլ՝ կռվում է  հայրենիքը փրկելու եւ ապրելու համար»։

Այս միտքը բուռն քննարկվեց, եղավ արձագանք՝  գնա՞ն հանձնվեն։  Պարոն Ավետիսյանը հստակեցրեց․«Չէ, չէ։ Երբ ինքը կռվում է, ձգտում է ապրել, թե չէ գերի չընկնելու համար կարող է իր վերջին փամփուշտով ինքնասպան լինել։ Բայց ինքը ընտրում է վերադառնալու ճանապարհը, ողջ մնա ու պայքարը շարունակի թշնամու դեմ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930