Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը մի դրվագ պատմեց 44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանի հետ հանդիպումից

Հունիս 08,2021 20:00

«Այս ընտրություններն հատուկ գործողություն է՝ պետականության փրկության ուղղությամբ։ Այս ընտրություններն արդյունք են պատերազմի, որը, ցավոք, ավարտվեց պարտությամբ»,-այս մասին այսօր Loft սրճարանում Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Նա անդրադառնալով այսօր եւս մեկ հայ զինծառայողի գերեվարմանն, ասաց՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր պետականությունը հայտնվել է անօգնականության ճահճի մեջ, մեզ էլ այդ ճահճի մեջ են տանում․«Մենք այսօր մոտեցել ենք այն շեմին, երբ պետականությունը վնասված է եւ պետություն կարծես չունենք։ Ես չեմ կարծում, որ դա բացառապես պատերազմի հետեւանք է, մեր պետության թուլացումը արդեն կարելի էր ակնկալել այն մտածելակերպից, որ որդեգրել են իշխանությունները»։

Պարոն Զուրաբյանը պատմեց պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից մի դրվագ, ինչը վկայում է այն մասին, որ իշխանության մտածելակերպի հետեւանք է պետության թուլացումը․«Այդ քննարկմանը ՀԱԿ- ից ես էի գնացել, եւ ականատեսը եղա մի շատ տարօրինակ քննարկման, երբ խոսվում էր այն մասին, որ Դաշնակցական ջոկատներն արդեն 3-ն են, ավելանում է 4-րդը, իսկ Սասնա ծռերի ներկայացուցիչը կշտամբանքով հանդես եկավ, ասելով՝ ինչո՞ւ պետությունը թույլ չի տալիս, որ կազմավորենք մեր ջոկատը։ Բացատրեմ, թե ինչու էր այս խոսակցությունն ինձ համար տարօրինակ եւ ինչու է այդ խոսակցությունը ցույց տալիս, որ մենք խնդիր ունենք իշխանավորների պետական մտածելակերպի հետ»։ Պարոն Զուրաբյանի խոսքով՝ հայոց պատմության մեջ ազատագրական պայքարում, այո, կային ֆիդայական ջոկատներ,բայց նման բանը շատ նորմալ է լինում, երբ ազգը չունի պետություն։ Ապա` հիշեցրեց՝ նման բան եղավ արցախյան առաջին պատերազմի առաջին տարիներին՝ 89-ին, 90-ին, 91 թվականներին։

Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց նաեւ՝ 1988 թվականին Ազատության հրապարակում հնչեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչը՝ ազատագրական ջոկատներ ստեղծելու մասին, այն ժամանակ Ադրբեջանի քաղաքներում հայերի ջարդերն էին կազմակերպվում։ Բայց արդեն 92-93 թվականներին, ինչպես պատմեց պարոն Զուրաբյանը, այդ ջոկատներն ընդգրկվեցին պետական կանոնավոր բանակի մեջ։ «1993 թվականից հետո ոչ մի ֆիդայական ջոկատ չի եղել, բոլորը պետական ռազմական մեքենայի մեջ էին ընդգրկված։

Փաշինյանի հետ այդ քննարկումը ցույց տվեց մեր պետության թուլությունը, իսկ ավելի ծանր հարված էր ինձ համար եւ ցանկացած մտածող մարդու համար, այն էր, որ վարչապետը կոչով դիմեց ժողովրդին՝ եկեք ամեն մի երեսուն մարդ կազմակերպեք ձեր սեփական ջոկատը, ընտրեք հրամանատար, գնացեք ֆրոնտ ու մենք հաղթելու ենք։ Ես հասկացա, որ մենք պետություն չունենք, որովհետեւ չի կարող պետությունը ռազմական ջանքի կազմակերպումը դնել սովորական, հասարակ մարդկանց անհատական ջանքերի վրա։ Դա է մտածողությունն այս իշխանության եւ մեր զինվորների գերեվարումը, ադրբեջանցիների ներխուժումը մեր տարածք դրա հետեւանքն է։ Բայց մեր ժողովուրդը փայլուն կռվեց պատերազմի ժամանակ»,-ասաց պարոն Զուրաբյանը։

Արցախյան ազատամարտի տարիների մասին խոսելով, պարոն Զուրաբյանը շեշտեց՝ 800 տարի պետականություն չենք ունեցել, 800 տարի հետո կազմակերպեցին հայոց հաղթանակը, սակայն պարզվեց, որ Ղարաբաղն ազատագրողները պարտվողական են, Ղարաբաղ են ուզում տալ․ «Մեր ազգը պետք է հասկանա՝ եթե չսովորենք գնահատել մեր պետական եւ քաղաքական գործիչներին ըստ արժանվույն, մենք ապագա չենք ունենալու։ Եթե մեզ կկարողանան խաբել ծայրահեղ ազգայնականությունը, Հայաստանը ծովից ծով դարձնելու այդ երազանքը ու դա մատուցել, որպես իրենց հայրենասիրության ապացույց, մենք երբեք չենք դառնա լուրջ ազգ։ Փորձը ցույց է տալիս՝ իրականում այն մարդիկ, ովքեր ամպագորգոռ բաներ չեն ասում, չեն խոսում գրավելու, ընդարձակվելու, մինչեւ Քուռ հասնելու մասին, խոսում են խաղաղասիրության, դիվանագիտության մասին, այդ մարդիկ հասնում են ամենամեծ հաղթանակների։ Սա էր 90-ականների հաղթանակի բանալին, հիմա մենք ունեցանք պարտություն, որովհետեւ այդ բանալին կորցրել էինք։ Այսօր էլ ունենք հնարավորություն այդ բանալին վերագտնելու եւ առաջ գնալու՝ նորից վերստեղծելով մեր հաղթելու արվեստը, հմտությունն ու կարողությունը։ Եվ այդ ժամանակ մենք կունենանք պետություն, որը կկարողանա ըստ արժանվույն գնահատել այն, ինչ դուք արեցիք այս պատերազմի ժամանակ, կունենանք պետություն, որը ձեզ արժանի պատիվը կմատուցի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930