Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հորս խոսքերն էի հիշում` հանկարծ գերի չընկնես». պատերազմի 19-ամյա մասնակիցը գիրք է գրել

Հունիս 08,2021 18:38

Լեւոն Սահակյանը 19 տարեկան է, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղից: Նա մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին, ծանր վիրավորում ստացել, կորցրել հերոս հրամանատարին ու ծառայակիցներին: Դժոխքի միջով անցնելուց եւ հրաշքով փրկվելուց հետո Լեւոնը փորձում է վերադառնալ կյանքի քիչ թե շատ բնականոն հուն, նաեւ գիրք է գրել` «Կռիվ տալով» վերնագրով:

 

«2020թ հուլիսի 16-ին մեկնել եմ պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի զորամասերից մեկում: Ծառայությունս լավ էր անցնում, բայց անընդհատ կանխազգացում ունեի, որ պատերազմ է սկսվելու: Այդպես էլ եղավ…2 ամիս 11 օրվա ծառայող էի, երբ սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ին առավոտյան 7:13 րոպե արդեն հակառակորդը ռմբակոծում էր մեր զորամասը, իսկ մենք գումարտակով գտնվում էինք զորամասի շինություններից մեկում… Ամեն բան անում էինք, որ դուրս գանք, բայց չէր հաջողվում…Ժամանակը շատ սուղ էր, պետք է հասնեինք մեր հրամանատարների նստեցման շրջան, որտեղից էլ մեկնեինք առաջնագիծ»,- Aravot.am-ի հետ զրույցում նշում է Լեւոնը:

Հպարտությամբ է խոսում հրամանատարի` Արցախի հերոս, հետմահու պարգեւատրված Դավիթ Ղազարյանի մասին, ասում է` նա փայլուն օրինակ էր բոլորի համար, ու երբ զոհվեց, 500 հոգով սգում էին թանկ կորուստը:

Լեւոնը պատմում է, որ սկզբում չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում շուրջը, որովհետեւ քնել-արթնացել էին, պատերազմ էր սկսել, ինքը եւ իր տարեկից տղաները երբեք արկերի պայթյուն չէին լսել, չէին տեսել, թե ինչպես է մարդ վիրավորվում արկի պայթյունից կամ թշնամու գնդակից, ու հիմա… միանգամից պատերազմ, թիկունքն էլ դառնում է առաջնագիծ:

«Սեպտեմբերի 30-ի առավոտյան արթնացանք, թշնամին մոտեցել էր թիկունքին, թիկունքը դարձել էր առաջնագիծ: Տեսանք, որ հակառակորդի տեխնիկայի առաջխաղացում կա…Հենց այդտեղ էլ զոհվեց մեր գումարտակի հրամանատարը` Դավիթ Վանիկի Ղազարյանը…Ես բժշկական կրթություն չունեմ, բայց կապի միջոցով լսելով այդ ամենի մասին, մեր բուժակի հետ մեկնեցի հրամանատարական դիտակետ, որտեղ ինձ չթողեցին մնալ, որովհետեւ Դավիթի ոտքերը կտրված էին…Դավիթը մեզ ասում էր` գնացեք ու փրկվեք… Ինքը հրաշալի հրամանատար էր…Վերադառնալիս նորից արկեր պայթեցին, արկերի հարվածներից գետնին ընկա ու մի կերպ հասա խրամատ: Խրամատում չորեքթաթ առաջ գնալով` կապի միջոցով լսեցի. «Հրեշտակ ունենք»: Դա նշանակում էր, որ զոհ ունենք: Հարցրի` մե՞ծ, թե փոքր, ասացին`մեծ… Հասկացա, որ զոհվել է հրամանատարս…Այդ պահին 500 հոգի սգում էր նրա մահը, ինքը օրինակ էր բոլորիս համար, խիզախ մարդ էր, ես կդժվարանամ անգամ բառերով նկարագրել նրան»,-պատմում է Լեւոնը:

Լեւոնը հավելում է, որ հենց այդ օրերին է որոշել, որ եթե ողջ մնա, գիրք է գրելու.«Գրքում շատ եմ անդրադարձել ամեն բանի, բացի նրանից, որ պարտվել ենք, որովհետեւ մենք չենք պարտվել, բոլոր իրավիճակներից շատ լավ դուրս ենք եկել… Ես մի խաչ ունեի հետս ու մատրիոնա` ռուսական եկեղեցու թալիսման, որը երբ անհասկանալի իրավիճակում սեղմել եմ ձեռքումս, միշտ դուրս եմ եկել այդ իրավիճակից»:

Լեւոնը նաեւ ասում է, որ միշտ հիշել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից հոր խոսքերը. «Երբեք գերի չընկնես»: Դրա համար, մի անգամ, երբ շրջափակման մեջ են ընկել, նռնակներից մեկը տվել է ընկերոջը, մյուսն էլ իր մոտ է պահել, որ գերի ընկնելու դեպքում պայթեցնեն:

Ասում է, երբ վիրավորումից հետո աչքերը բացել է, մտածել է, որ ինքա՜ն կիսատ գործ ունի անելու. «Մտածեցի, որ պետք է փրկվեմ, որ իմ հասակակիցներին պատմեմ այս ամենի մասին… Ընկերներիս ասել էի, որ եթե ես էլ չփրկվեմ, գոնե ձեզանից մեկը թող գրի էս ամենի մասին…Աստված ինձ փրկեց թշնամու բեկորներից, ու ես իմ ստացած երկրորդ կյանքի ընթացքում պետք է շատերին շատ բան ապացուցեմ, իմ սերնդակիցներին ուզում եմ ասել, որ կյանքում միայն հաճույքները չեն, կան մարդիկ, որոնք եւս ունեն աջակցության ու ջերմության կարիք»:

Լեւոնն այժմ կարողանում է քայլել, արդեն զգում է ձախ ձեռքը: Ներկայումս մարզական լրագրություն է սովորում, նաեւ Պանարմենիան դպրոցում է ուսանում: Երկրորդ գրքի նպատակ ունի, փորձում է բարեգործական ծրագրեր իրականացնել ԱՄՆ-ի իր այն հայրենակիցների միջոցով, որոնք արդեն հարազատ են դարձել իրեն:

Լեւոնը մեզ իր գրքի վերջաբանից մի հատված ուղարկեց եւ խնդրեց տպագրել. «Մի քանի օր անց արթնացա Երևանի հիվանդանոցներից մեկում… Չէի ուզում հավատալ, որ փրկվել եմ, քանի որ կորցրեցի շատ ընկերներ ու հարազատներ, կորցրեցի սերնդակիցներիս… Քանի ընտանիքի ճրագ մարեց, քանի երազանք մնաց անավարտ, ու քանի֊քանի տղաներ զոհվեցին անարդարությունից։ Չէի ուզում հավատալ, որ մեզ համար այլեւս չկան Շուշի ու Հադրութ քաղաքները… Ու հիմա ես ապրում եմ, կամ ու պետք է ապրեմ այնպես, որ այս կյանքում հիշեմ բոլոր իմ զոհված ընկերներին` պահելով նրանց վառ հիշատակը։ Պետք է օգնեմ այն մարդկանց, որոնք ունեն իմ ջերմության կարիքը…

Ես պատմեցի ձեզ իմ կյանքի ամենադժվարին քառասուն օրերի մասին։ Պատերազմ, որը կյանքի բարդ մի շրջան է…Կասկա, զենք ու խրամատ։ Փորել ու փորել։ Փորել այնքան, որ ձեռքերդ դառնան կոշտ, ինչպես քար։ Քառասուն օր շարունակ փորել… Փորելու ընթացքում ուտել, ծիծաղել, ծխել, աղոթել ու միաժամանակ պառկել եւ պաշտպանվել գրողի տարած մահացու արկերից։ Ամեն անգամ Աստված կանչել, որ այդ գրողի տարած արկերը չվնասեն քեզ ու քո զինվոր ախպերներին։ Շատ եմ ցավում հայ ազգիս ու իմ ընկերների համար։ Աստված ինձ փրկեց թշնամու բեկորներից ու գնդակներից, տվեց նոր կյանք, որի համար միշտ քեզ եմ շնորհակալ, Տեր իմ։ Այնպես որ, առողջ եղեք, գնահատեք ձեզ տրված ամեն վայրկյանը։ Սիրեք ձեր հարազատներին ու ամուր գրկեք։ Երբեմն էլ հիշեք այն տղաներին ու երեխաներին, որոնք ամենաշատն ունեն ձեր ուշադրության կարիքը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Լեւոն Սահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930