«Ջերմուկը հայտարարել ենք հանրապետական առողջարան եւ դրա հետ պետք է հաշվի նստենք»,- այսօր Ջերմուկում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահին ջերմուկցիները հարց էին ուղղել Ամուլսարի հանքի շահագործման մասին։ Ռոբերտ Քոչարյանը նախ ասաց, որ առաջին հերթին պետք է հարգենք Ջերմուկի բնակչության մոտեցումները եւ կյանքի մասին իրենց պատկերացումները. «Եթե Ամուլսարի հանքը պետք է դադարեցնի Ջերմուկի՝ առողջարանային քաղաք լինելը, այն չպետք է շահագործվի»։
Ռոբերտ Քոչարյանը նաեւ ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարությունում եղած քննարկումները ինչպես իր, այնպես էլ ջերմուկցիների համար անհասկանալի եւ անորոշ են եղել։ Բնակչի հիշեցմանը, որ հանքի շահագործման մասով կա միջազգային փորձաքննության բացասական արդյունք, Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրեց, որ «եթե բացասական է՝ չպետք է աշխատի», բայց նաեւ հավելեց, որ կան բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք հրապարակային եւ հասանելի չեն, հետեւաբար հարցը մանրամասն ուսումնասիրության պետք է ենթարկվի։
Անդրադառնալով Ջերմուկում ձեւավորված ավանդույթներին էլ, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Երեք սերունդ ջարդելով չպետք է ձեզ հանքափոր դարձնենք»։ Ջերմուկի բնակիչները հավաստիացրին, որ տեղի բնակչությունը չի գերազանցում 4000-ը, իսկ իրենք ունեն 3000 ստորագրություն՝ հանքը շահագործելու դեմ։ «Չեք ուզում՝ չի շահագործվի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ