«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 8-ին իր քարոզարշավն էր իրականացնում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր խոսքում նշեց, որ հիմնական մեղավորը ժողովուրդն է. «Ամեն մեկը պետք է մեղավոր ճանաչի իրեն, ոչ թե ուրիշի վրա մեղադրանքը գցի։ Ձեզ շատ առաջարկներ են անում, որոշողը դուք եք, որևիցե մեկի խոսքին մի խաբնվեք»։
Նա ասաց, որ չի եկել խոստումներ տալու. «Ես ասում եմ այն, ինչ կարող ենք անել։ Ձեր ցավը տանեմ, կտաք, չեք տա, Ծառուկյանը դրանից վատ չի զգում, Ծառուկյանը լավ է զգում, որ իր հնարավորությունը, իր կապերը ուզում է օգտագործել ի օգուտ իր ժողովրդի, իր պետության։ Դուք պետք է լավ լինեք, հզոր լինեք, բարեկեցիկ լինեք, որ իմ երեխեքը երջանիկ լինեն։ Եթե դուք լավ չեղաք, իմ երեխան լավ չի կարող լինել։ Մի ծաղիկով գարուն չի՛ գա, ժողովո՛ւրդ։ Այսօր պետք է ընդհանուր լինի, մարդկանց հնարավորություն տրվի, մարդիկ պետք է դատարկ-դատարկ չխոսեն, ամեն մարդ պետք է պատասխան տա իր արածի ու չարածի համար»։
Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ այսօր երիտասարդությունը անտեսված է, և ոչ մի քայլ չի արվում իրենց բարեկեցության համար. «Այսօր երիտասարդները չեն ամուսնանում բնակարանի խնդիր ունեն, աշխատանքի խնդիր ունեն, ամաչում է տղան ամուսնանա, տունը ո՞նց է պահելու։ Ամաչում է՝ երկու սենյակում հինգ հոգի են բնակվում։ Բոլորը պետք է հասկանան, վերլուծեն, ծրագրավորեն և քայլ-քայլ իրականություն դարձնեն»։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է միասնական լինի. չկա սև ու սպիտակ. «Ժողովուրդը պետք է համախմբվի նրա կողքին, որը կարող է դա անել։ Այսօր պարոն Ծառուկյանը դոշ չի ծեծում պաշտոնի համար, ձեր ցավը տանեմ։ Ծառուկյանը ուզում է իր ժողովրդի դեմքին ժպիտ լինի, փայլ լինի, հյուրասիրություն լինի։ Ես կազմակերպել եմ, ինչ-որ կապ ունեմ, հնարավորություն ունեմ, մարդիկ են եկել, ներդրողներ են եկել, կազմակերպել եմ մեկը մի միլիարդ է բերել, մեկը հարյուր միլիոն է բերել, մեկը քսան միլիարդի կազմակերպություն, որ մեր ժողովրդին 1 տոկոսով վարկ տան. դա է փրկությունը»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ